ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՆՉՈՎ ՊԱՏՐԱՍՏ Է ԿՐԿԻՆ ԳՐԻՉԸ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԶԵՆՔՈՎ |
03.02.2021 12:50 |
Երևի պատմության ընթացքում ոչ մի այլ խնդրի նկատմամբ մեր ժողովուրդն այդչափ միասնական չի եղել, որքան, երբ վտանգված է եղել Հայրենիքի ազատությունը։ Հայրենիք, հայրենասիրություն, նվիրվածություն, խիզախություն այս բառերի արժեքը մենք սովորել ենք և սովորեցնում ենք դեռ մանկուց, որովհետև պատմությունը մեզ սովորեցրել է, որ հայն իր գոյությունը պահել է հենց այս բառերի իմաստը սերտած սերունդների շնորհիվ։ Երբ սեպտեմբերի 27-ին թշնամին հերթական անգամ լայնածավալ հարձակման անցավ մեծ՝ թե փոքր, կին՝ թե տղամարդ ոտքի ելան փրկելու Արցախ աշխարհը։ Արցախյան պատերազմը հարուստ է իր քաջորդիների հերոսություններով ու սխրագործություններով, որոնք ապացուցում են, որ քաջերի սերունդները քաջեր են, ինչպես ճշմարտացիորեն նշել է Մովսես Խորենացին։ Արցախյան պատերազմի կենդանի հերոսներից է Մարատ Հարությունյանը։ Ծնվել է 1996թ. հուլիսի 30-ին Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։ Կրթությունը ստացել է հարազատ գյուղում, ավարտելուց հետո ուսման է անցել Արխացի պետական համալսարանում, որպես ապագա հաշվապահ։ 2014-2016թթ. կիսատ թողնելով ուսումը ծառայել է հայրենիքին։ Մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին։ Ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է ուսումը։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել արդեն որպես մասնագետ։ Չնայած դժվարին մանկությանը և կյանքի դաժան փորձություններին՝ Մարատը երբեք չի կորցրել իր ազնվությունը, հավատը դեպի բարին, և հույսը դեպի լուսավոր ապագա։ Սեպտեմբերի 27-ին երբ սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը Մարատի գրչին արդեն փոխարինեց զենքը։ Առաջին հայացքից բարի ժպիտով երիտասարդն անողորմ էր թշնամու նկատմամբ։ Մարատն Արցախյան պատերազմի ակտիվ մասնակիցներից է։ Պատերազմի առաջին օրերին նա իր ընկերների հետ եղել է Ասկերանի N զորամասի մարտական դիրքերում և անձնվիրաբար կատարել իր առջև դրված խնդիրները։ Նա մասնակցել է նաև Լաչինի, Հադրութի համար մղվող մարտերին և մինչև նոյեմբերի 25-ն իր ծառայակից ընկերների հետ մնացել է Հադրութի N զորամասին պատկանող մարտական դիրքում։ Մարատն աչքի էր ընկնում իր համարձակությամբ և կարգապահությամբ։ Չնայած երիտասարդ տարիքին նա օրինակ էր ծառայում իր նվիրվածությամբ և անսահման հայրենասիրությամբ։ Հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սիրո շնորհիվ է, որ նա իր ծառայակից ընկերների կողմից արժանացել է "Վերջին կամավորը" կոչմանը։ Դիրքերից իջնելուց հետո Մարատն անմիջապես վերադարձել է իր աշխատանքին, և հիմա էլ թիկունքում է անձնվիրաբար կատարում իրեն վստահված գործը։ Մարատի ու նրա մարտական ընկերների անմնացորդ նվիրվածության շնորհիվ ապագայում փորձելու ենք ունենալ էլ ավելի բարեկեցիկ ու հզոր Արցախ։ |