ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ |
15.02.2021 16:47 |
ՀԱՅԿ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ ԱՆՄԱՀՆԵՐԻ ԳՆԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԸ Բազում երազանքներ ու նպատակներ սրտներում ամբարած հազարավոր նվիրյալներ Հայրենիքի պաշտպանությունը վերդասեցին ամեն ինչից։ Անվախ ու խիզախ քաջեր՝ դաստիարակված քաջերի սերունդները քաջերն են կարգախոսով, ովքեր չերկնչեցին նայել մահվան աչքերին, չխանայել անգամ կյանքը՝ Հայրենիքի փրկության համար։ Նրանք դատապարտված և պարտավորված էին պաշտպանելու և տեր կանգնելու ավագ սերնդի կյանքի գնով ձեռք բերված անկախությանը… Ավա՜ղ, նախախնամությունը ծանր, անտանելի ու անհամակերպվելի իրողություն մեզ պարտադրեց… Հազարավորների դեմ մարտի ելան քաջերը մեր, շատ-շատերը ցավոք, կյանքի գնով պաշտպանեցին Հայրենիքը… Կյանքը Հայրենիքի փրկությանը զոհաբերած քաջերից է Հայկ Մանգասարյանը։ Ծնվել է 2000 թվականի օգոստոսի 31-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը։ Թշնամու կողմից պարտադրված պատերազմի ժամանակ Հայկը 1տարվա և 9 ամսվա ծառայող էր, և բանակում ընդունված կարգի համաձայն, արդեն սկսված էր տուն վերադառնալու օրերի հետհաշվարկը։ Եղնիկներում ծառայող դիպուկահար Հայկին չվախեցրեց թշնամու նորագույն սպառազինությունն ու սանձազերծած լայնածավալ պատերազմը։ Նա կռվեց արիաբար, պատասխանատվությամբ կատարեց հրամանատարության հրահանգները և շատերի պես՝ անմահացավ։ Սեպտեմբերի 30-ի մարտը վերջինը եղավ Հայկի համար։ Փշրվեցին ևս մի երիտասարդի երազանքներ։ Շքեղ, ցոփ ու շվայտ կյանքի մասին չէր երազում Հայկը, այլև՝մնալ եղնիկներում և որպես սպա շարունակել ծառայել Հայրենիքին։ ՀայկՄանգասարյանը հավերժ մնաց Հայրենիքի զինվոր… Փառք ու պատիվ քեզ Հայկ, խոնարհում՝ քո ծնողներին, հարգանք՝ հայրենասիրական ոգով դաստիարակողներին։ Քո սխրանքն անմահ է, հիշատակդ՝ հավերժ, անունդ՝ մեր շուրթերին։ ԲԵՐԴ պրես |