...ԻՐ ՓԱՓԱԳԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՁԵՎԱՎՈՐԵԼ ԷՐ՝ ԱՐՑԱԽՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՎ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՄԱՍԻՍԻ ՏԵՍԱՊԱՏԿԵՐԻՆ...
16.02.2021 12:18

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՍՈՖՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ամիսներ առաջ Արցախի լրագրողական ընտանիքը ծանր կորուստ կրեց. կյանքից հեռացավ Ասկերանի «Բերդ» թերթի գլխավոր խմբագիր, շնորհալի լրագրող, մտավորական, ֆոտոնկարիչ ու մեծ հայրենասեր Վալերի Պետրոսյանը: Նա Արցախի վաստակավոր լրագրող էր, նաև՝ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ։ Անհատականություն, ով պրպտուն մտքով ու հետաքրքիր նախաձեռնությունների գաղափարներով էր օժտված՝ պատրաստ ամեն պահի օգտակար լինելու հայրենիքին:

Վալերի Հակոբի Պետրոսյան: Ծնվել է 1955թ. օգոստոսի 22-ին, Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում՝ հարգարժան բուժակ Հակոբ Պետրոսյանի ընտանիքում։ Ավարտել է տեղի միջնակարգը։ Ծնողների թախանձանքներին հակառակ, հրաժարվել է ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում շարունակել: Սովորել է պոլիտեխնիկական ուսումնարանում, որն ավարտել է կարմիր դիպլոմով՝ ստանալով խառատի որակավորում: 1973-75թթ. ծառայել է ԳԴՀ-ում տեղակայված խորհրդային բանակի շարքերում։ Ծառայության առաջին իսկ օրվանից աչքի ընկնելով նկարչի իր տաղանդով՝ ներգրավվել է շտաբի գաղտնի քարտեզագրման աշխատանքներին: Զորացրվելով՝ աշխատանքի է անցել Նորագյուղի կոլտնտեսությունում։ 1979-1983թթ. հեռակա կարգով ավարտել է Մոսկվայի արվեստի համալսարանի ֆոտո-կինոֆակուլտետը։ Ընդգրկվել է համալսարանի 50 լավագույն ուսանողների շարքում և մասնակցել ուսումնարանի հիմնադրման 50 ամյակին նվիրված միջոցառմանը՝ արժանանալով պատվոգրի: 1985 թվականից աշխատանքի է անցել «Կարմիր դրոշ» շրջանային թերթում՝ որպես ֆոտոթղթակից։ Արցախյան ազատամարտին մասնակցել է, դեռևս, երբ այն գաղտնի փուլում էր գտնվում։ Պատերազմի սկզբնական շրջանում ինքնաշեն զենք էր պատրաստում: Պատրաստեց նաև հրանոթ, որի առաջին զարկից մոտակա հայկական գյուղերի բնակիչներին հանգիստ չտվող Խոջալուի ազերիները զգաստացան: Մասնակցում էր ծավալվող ռազմագործողություններին՝ միաժամանակ թղթակցելով «Արցախ» հանրապետական և ՀՀ «Ազատամարտ» թերթերին։ Ողջ գիտակցական կյանքում նա ձգտեց Մարդ լինել և ցանկացած իրավիճակում չկորցնել արժանապատիվ դիմագիծը: Հիմնականում մարդուն գնահատում էր իր գործերով, այլ ոչ թե՝ խոսքով: Նա համոզված էր՝ Հայրենիքը սկսվում է յուրաքանչյուրից, և թե ինչպիսին կլինի նրա ապագան, կախված է գաղափարապես առողջ հասարակությունից: Նա Հայրենիքը սրբություն էր համարում, և իր գործունեության հիմքում Հայրենիքն ու հայրենասիրությունն էին:


-Վալերին իր փափագած Հայրենիքը ձևավորել էր՝ Արցախն ու Հայաստանը խորհրդանշող հուշարձանները միավորելով հավերժական Մասիսի տեսապատկերին՝ վերնագրելով այն Միացյալ Հայաստան: Նրա հայրենասիրության մասին կպատմեն իր հեղինակած հայրենասիրական բազմաթիվ պաստառները, որոնք տեղադրված են հանրակրթական դպրոցների փառքի սրահներում և որոնցով արժանավոր սերունդ է դաստիարակվում: Պրպտուն էր բազմաշնորհ մտավորականի միտքը: 1980-ականներին նա ստեղծեց փոքրիկ ինքնաշեն տրակտոր՝ եզակին Անդրկովկասում՝ «ՂԱՐԱԲԱՂ» անվամբ: Թերևս, այդ պատճառով, արժանացավ ադրբեջանական մամուլի ուշադրությանը,-փաստեց Վալերիի այրին՝ Անահիտ Պետրոսյանը:

Հարազատ-բարեկամների վկայությամբ, Վալերին հապշտապ գործեր չէր սիրում և համոզված էր, որ դրանք պիտի սիրով և անթերի կատարվեն, քանզի ինքը ցանկացած գործ կատարում էր ոսկերչի ճշգրտությամբ և նրբանկատությամբ ու սիրում էր ներդաշնակություն՝ ամեն ինչում:

Վալերի Պետրոսյանը բազմաթիվ զինանշանների հեղինակ էր, այդ թվում՝ Ասկերան քաղաքի, Նորագյուղի, Խնածախի: Տարբեր կազմակերպությունների և ընկերությունների խորհրդանիշների հեղինակ էր: Պատրաստել էր նաև ԱՀ այլ շրջանների զինանշանները, որոնցում արծվի թռիչք կար՝ ազատ ու անկաշկանդ: Ինքն էլ այդպիսին էր: Նա բարության ջատագով էր, և նրան խորթ էին սահմանափակումները: Հայրենասիրական գաղափարների ուրույն կրող էր նա: Դեռևս 2000-ականների սկզբին թերթի մի ամբողջ էջ հատկացրել էր «Ո՛Չ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ» վերտառությամբ հոդվածին՝ հավատարիմ իր արմատներին: Համոզված էր, որ գաղափարական ճակատի հաղթանակը վճռորոշ կլինի:

- Շուրջ մեկ ու կես տասնամյակ առաջ էր դեռևս Վալերին մտածում, որ կարելի է արևից էներգիա ստանալ: Նույնիսկ փորձ կատարեց և բավականին՝ հաջող, ամռան ամիսներին տաք ջուր ունեցանք անվճար: Իսկ գոմաղբից ձգտում էր բնական գազ ստանալ: Երբ որևէ նախաձեռնություն կամ գաղափար դեմ էր առնում արգելքի՝ չէր ընկճվում: Վալերիի համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ լավ գաղափարները ոչ միշտ էին ճիշտ և հարկավոր կերպով ընկալվում: Լինելով չափազանց ազգասեր՝ հպարտանում էր մեր մեծերով: Նա խաղաղասեր էր և հաճախ էր մեր զրույցների ընթացքում բարձրաձայնում, թե ինչու են այսքան ջանքեր գործադրում և զենք արտադրում մարդիկ՝ իրենց նմաններին ոչնչացնելու համար: Խաղաղասերի նրա էությունը բացահայտվեց, երբ համակարգիչ չկար. նա լուսանկար էր մոնտաժել՝ երկրագնդին մոտ կանգնած փոքրիկ աղջնակ՝ ձեռքերում՝ ճերմակ աղավնի: Լուսանկարչական ապարատը նրանից անբաժան էր: Նա ապրում էր իր սիրած աշխատանքով, անքուն գիշերներ լուսացնում: Ստույգ չեմ կարող ասել՝ քանի լուսանկար կա Վալերիի արխիվում, բայց որ դրանք հազարներով են՝ փաստ է: Խմբագրի ժամանակատար աշխատանքի պատճառով, ցավոք, սիրած աշխատանքով ոչ միշտ էր հաջողվում զբաղվել: Որպես ղեկավար, Վալերին աշխատողների համար և՛ հայր էր, և՛ ավագ եղբայր, և՝ լավ խորհրդատու: Սիրում էր կրկնել, որ ամեն մի աշխատող չնչին աշխատավարձով ընտանիք է պահում, և աշխատանքային խիստ ռեժիմ չէր սահմանում: Աշխատողներն էլ նրա բարեսրտությունը չէին չարաշահում,-մեր հարցին ի պատասխան, նշեց Անահիտը:

1995թ. հունիսի 14-ին Վալերին նշանակվեց «Խաչեն» թերթի գլխավոր խմբագիր՝ թերթը վերանվանելով «Բերդ»։ Շրջանային թերթը խմբագրեց մինչև 2008 թվականը։ 2008-ին նրա խմբագրությամբ և մտահղացմամբ լույս տեսավ «Արցախպրես» անկախ լրատվական թերթը: 2011թ. կրկին նշանակվեց «Բերդ» թերթի գլխավոր խմբագիր։ Նույն թվականին նրա նախաձեռնությամբ և անձնական միջոցներով ստեղծվեց «Բերդպրես.ինֆո» կայքը: 2015-ին նա պարգևատրվեց «Գարեգին Նժդեհ» մեդալով:

-Հոգով ու սրտով նժդեհական էր, և հաճախ էր ասում, որ մեդալի բացառապես պետք է արժանանան այն քաջ տղաները, որոնց թափած արյան շնորհիվ ապրում ենք մենք: Իսկ ողջ մնացածների համար կյանքն ինքնին պարգև էր համարում,-իր խոսքը լրացրեց Անահիտը:

2018 թվականը բեղմնավոր էր Շարժման և արցախյան ազատամատի ֆոտովավերագրի համար: ԱրԺՄ կողմից և ՀՀ գրողների միությունում կազմակերպվեց նրա անհատական ցուցահանդեսը՝ «30 լուսանկար՝ Շարժման 30 ամյակին» անվանմամբ: Ցուցահանդեսներին ներկա գտնվող լրագրողների հավաստմամբ, Վալերի Պետրոսյանը տարվա բացահայտումն էր: Այդ կարծիքին էր նաև հայտնի լուսանկարիչ Հերման Ավագյանը:

Իր բեղուն և իմաստավորված կյանքի ընթացքում Վալերին պարգևատրվել է տարբեր շնորհակալագրերով և պատվոգրերով:

- Չեմ կարող ասել, որ Վալերին հաճախ էր առաջնագիծ մեկնում, բայց տարին մի 2-3 անգամ հաստատ լինում էր այնտեղ ու միշտ մեր զինվորների քաջությամբ ու անվախությամբ գոտեպնդված էր գալիս: Ապրիլյան պատերազմի ժամանակ հաճախ էր լինում առաջնագծում և berdpress.info կայքը թարմացնում ինչպես ֆոտո, այնպես էլ՝ տեսանկարահանումների ժամանակագրությամբ: Կայքը երկու միլիոնից ավելի այցելու ունի, այն ստեղծելը Վալերիի գաղափարն էր և սեփական միջոցներով է ստեղծել: Նպատակ ուներ առաջիկայում կայքի ինտերակտիվ քարտեզ ստեղծել, որի միջոցով օտար ափերում ապրող մեր համերկրացիները կկարողանային իրենց կարոտն առնել սեփական բնակավայրից: Ավա՛ղ, ամեն ինչ կիսատ մնաց: Աստիճանաբար աշխատելու եմ կյանքի կոչել Վալերիի բոլոր գաղափարներն ու մտահղացումները: Դրանցով եմ շարունակելու ապրել ու դաստիարակել մեր զավակներին,-նշում է Անահիտ Պետրոսյանը՝ ավելացնելով՝ Վալերին որքան սիրող, նվիրված զավակ էր, նույնքան էլ անկրկնելի ծնող էր: Սիրում էր երեխաներին անակնկալներ մատուցել: Ինքն իր զավակների հպարտությունն էր: Վալերիի խորհուրդներով նրանք շարունակելու են ապրել և ապրեցնել իրենց սիրասուն հոր անունն ու պատիվը: Մենք նայում էինք մի ուղղությամբ, իրար հասկանում՝ կես խոսքից: Հաճախ խոսքերն ավելորդ էին դառնում մեր պարագայում: Շնորհիվ նրա, ես առաջին հերթին ճանաչեցի ինքս ինձ ու ինձ համար բացահայտեցի Վալերի մեծ ու անկրկնելի Մարդուն: Նրա՝ չափազանց մեծ սրտում, տեղ ունեինք բոլորս, սակայն, որ ես նրա համար ներշնչանքի աղբյուր էի, գիտեն բոլորը: 22 տարուց ավելի միասին աշխատել ենք, և ես միշտ հպարտությամբ եմ նրա կողքով քայլել: Ցավալի է, երբ Շարժման ֆոտոտարեգիրն այդպես էլ կենդանության օրոք չպարգևատրվեց համապատասխան մեդալով, չնայած նա այդ ամենն անում էր ոչ թե գնահատվելու, այլև սերունդներին ժառանգություն թողնելու համար: Նա՝ կերտելով արցախյան ֆոտոտարեգրությունը նաև ապրիլյան պատերազմի ժամանակ, խաղաղ պայմաններում լուսանկարում էր հայրենիքի ամեն մի անկյունը: Երբ ՌԴ-ից հրավեր ստացավ՝ այնտեղ տպարան ղեկավարելու, միանգամից հրաժարվեց, քանզի իր անփոփոխ սկզբունքն էր՝ «Ավելի լավ է չոր հաց՝ քո տանը, քան՝ շքեղություն՝ օտարության մեջ»:

Չափազանց հայրենասեր, բարի, կամեցող, միայն լավն ու ընդօրինակելին տեսնող և գնահատող, համեստ ու մարդամոտ, միշտ պատրաստակամ՝ դիմացինին մասնագիտորեն օգնելու, պրպտող ու նախաձեռնող, մարդկային վեհ արժանիքներով օժտված՝ այդպիսին էր մեր գործընկեր Վալերի Պետրոսյանը:

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter