ԱՊՐԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ |
17.01.2022 14:02 |
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Արցախյան երրորդ պատերազմը բազում ճակատագրեր խաթարեց։ Հաշված րոպեների ընթացքում բազմաթիվ երազանքներ ու նպատակներ փշվեցին, անէացան։ Ազգս կրկին բռնեց պանդխտության ճանապարհը՝ ետևում թողնելով ամբողջ կյանքի արդար վաստակը։ Սարգսյանների ընտանիքն Ասկերանում հաստատված 107 տեղահանվածներից մեկն է, ով հրադադարից անմիջապես հետո վերադարձավ Արցախ և հաստատվեց Ասկերանում՝ հայրենի գյուղի՝ լեռնանիստ Տումիի, կարոտը սրտներում։ Բազմամարդ (8 հոգի) ընտանիքի ավագներն աստիճանաբար համակերպվեցին նոր իրողություններին, իսկ տան ամենակրտսերը՝ Հովհաննեսը, հույսով ու սպասումներով է լցված՝ հերթական ծննդյան տոնն իր ծննդավայրում նշելու համար։ Նրա արտահայտիչ ու տարողունակ աչքերն արտասովոր վառ ու անշեջ կրակ են թափում հարազատ գյուղից, ընկերներից խոսելու ժամանակ։ Իսկ ահա ավագ եղբայր Սարգիսն իրավիճակին արդեն առավել սթափ ու մեծավարի է նայում… -Շուրջ երկու տասնյակ տարիներ հարևան Տող գյուղում բժքույր եմ աշխատել, եղել շրջակա գյուղերի մանկաբարձուհին՝ ուրախություն և բերկրանք ապրել լույս աշխարհի եկած յուրաքանչյուր երեխայով։ Արցախյան առաջին պատերազմից հետո հաճախ գյուղից աշխատավայր ոտքով էի հասնում։ Երբ թվում էր, թե պատվով հաղթահարել ենք հետպատերազմյան բոլոր դժվարությունները և ամուր ոտքերի վրա կանգնել մայր հողին՝ ավելի մեծ փորձության ենթարկվեցինք։ Արցախահայությանը պատուհասած այս արհավիրքն անգամ ամենավատ երազում անպատկերացնելի էր շատերիս համար։ Այն ինչ նյութական է, նորից կստեղծենք, հապա ի՞նչ ասեն, ո՞նց ապրեն որդեկորույս մայրերը։ Ճիշտ է, բոլորս մեծ ցավ ենք ապրում մեր երիտասարդների համար, բայց միայն այդքանը… Սփոփանքի ոչ մի խոսքով չենք կարողանա մխիթարել զավակ կորցրած ծնողներին,- ասում է տան տիկին Լաուրա մայրիկը՝ հավելելով, որ Ասկերանն իրենց հարազատի պես ընդունեց, և աստիճանաբար նոր շրջապատ ու նոր ընկերներ ձեռքբերեցին։ Գուցե հենց դա է պատճառը, որ համակերպվեցին նոր իրողություններին։ Աշխատասիրություն՝ ահա նրանց ապրելու բանաձևը, իսկ կյանքը նրանց համար հենց աշխատանքն է։ -Մեր կյանքի և ոչ մի օրը պարապ չենք նստել ո՛չ ես, ո՛չ էլ առավել ևս ամուսինս։ Լավ տուն ու տեղ ենք դրել, հայրենասիրության, աշխատասիրության ոգով մեր երեք զավակներին դաստիարակել։ Ցավոք, բոլորս այսօր տեղահանվածներ ենք և բնակվում ենք տարբեր բնակավայրերում, սակայն հարազատների հետ կապը մշտապես կա։ Բոլորովին վերջերս թոռանս ենք ամուսնացրել…։ Այդպես էլ ապրում ենք՝ հույս ու հավատով, որ Աստծո կամոք ամեն ինչ լավ կլինի։ Հասցրել ենք Ասկերանում մի քանի տնտեսվարողների այգիներում աշխատել, հողի հետ աշխատանքը մեծ բավականություն է պատճառում, ինչպես նաև կտրում մռայլ մտքերից։ Մշակել ենք նաև տնամերձը, ճիշտ է, հողն այստեղ նույնքան բարեբեր չէ, որքան որ Տումիում, բայց չմշակել այն ուղղակի չենք կարող, այդպես ենք սովոր,- ասում է տիկին Լաուրան։ Մեր ջերմ ու անկեղծ զրույցին միանում է հարսը՝ Էռնան, ով չորս երեխաների մայր է։ Ամուսինը գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն էր, այժմ՝ պաշտպանության բանակի ծառայող։ Երեխաներին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում հարազատի պես են ընդունել։ Խորն ակնածանքով ու ջերմ սիրով է հիշում գյուղի ամեն մի անկյունը, և թերթելով հեռախոսի մեջ մնացած հարազատ բնակավայրի նկարները՝ ոգևորությամբ պատմում հարազատ Տումիի մասին, նրան շրջապատող եկեղեցիների, գետերի և հրաշալի բնության մասին։ -Գյուղից դուրս գալու որոշումն այնքան հապճեպ է ընդունվել, որ չենք հասցրել նույնիսկ փաստաթղթերը հետներս վերցնել։ Մտածում էինք, որ մի քանի օրից կրկին հետ ենք դառնալու մեր օջախներ։ Եթե իմանայինք՝ գոնե նկարների ալբոմը կվերցնեինք, չէ որ հիշողություններից թանկ ու հարազատ ոչինչ չկա,- ակնածանքով ասում է Էռնան՝ աչքերում դրոշմված սեփական օջախի կարոտն ու հարազատ գյուղի վերջին խաղաղ այգաբացը։ Երբևէ մտածե՞լ ենք, ի՞նչ կլինի, եթե կորցնեք ձեզ հոգեհարազատ այս կամ այն իրը։ Պատկերացնելն անգամ սարսռելի է չէ՞։ Պատկերացրեք, որ մի ակնթարթում ձեզանից անվերադարձ խլում են այն ամենն ինչ ունեք։ Այս պայմաններում ու ապրումներով են ապրում տեղահանված հազարավոր մարդիկ, ովքեր տուն ու տեղ են կորցրել, դեպի մանկություն տանող արահետ, բայց ոչ հույսը, ջերմ ու ապրեցնող հիշողությունները, որոնք ուղեկցելու են մինչև կյանքի վերջ։ Ետևում տասնյակ տարիների վաստակ թողած Սարգսյանները ճաշակել են կյանքի քաղցր ու դառը պտուղները և համոզվել, որ կյանքը նման է գնացքի, որտեղ կոշտ տեղերն ավելի շատ են, քան փափուկները, և ցանկալի կանգառին հասնելու համար պետք է համակերպվել ու առաջ շարժվել։ Տա՛ Աստված երբեք չկասեցվի նրանց գնացքի համընթաց շարժը, կայանի ըստ անհրաժշտության՝ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին…
|