ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ |
19.01.2022 12:53 |
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ Գաղտնիք չէ, որ ազգը ճանաչելի է դառնում և առանձնանում ինքնատիպ ու յուրօրինակ մշակույթով։ Եվ որ մշակույթն է ազգին ազգ պահողն ու ապրեցնողը։ Արցախի դեմ թշնամու սանձազերծած հերթական պատերազմի ընթացքում նաև մշակույթն ահռելի կորուստներ կրեց, կորցրեցինք բազմաթիվ հուշարձաններ, ճարտարապետական հոյակերտ շինություններ։ Չեղարկվեցին մշակութային բազմաթիվ միջոցառումներ, իսկ որոշ դեպքերում ընտրվեցին այլընտրանքային տարբերակներ… Թե ինչպիսին էր 2021-ն Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնում՝ տեղեկացանք բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանից։ -Մշակույթը մեր ազգային ինքնությունն է, մեր դիմագիծը, մեզ բնորոշող և ուրիշ ազգերից տարբերակող ամենակարևոր գործոնը: Այն դարեր շարունակ եղել է մեր ազգը պահող ու պահպանող կենսական ուժը, մեր երկրի անկախությունն ու պետականությունը ձևավորող ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող բաղադրիչներից մեկը,- մեզ հետ զրույցում նշեց Ռ. Մկրտչյանը։ Չնայած ժամանակի թելադրած՝ մշակութային միջոցառումներ անցկացնելու, անբարենպաստ պայմաններին բաժինը շարունակել է իրականացնել իր առաքելությունը։ Բաժնում իրականացված միջոցառումների շարքում են 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին շրջանի Ռևի և Բերքաձորի համայնքներում կանգնեցված խաչքարերի բացման հանդիսավոր միջոցառումների կազմակերպումը, մոմերով քայլերթը հանուն Հայրենիքի զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր։ Հաշվետու ժամանակաշրջանում շրջանում գործել է համայնքային նշանակության 30 մշակույթի տուն, ինչպես նաև <<Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոն>>, <<Ասկերանի Գ.Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարան>>, <<Ասկերանի արվեստի դպրոց>> և <<Աստղաշենի արվեստի դպրոց>> ՊՈԱ կազմակերպությունները: -Տարվա ընթացքում բաժինը համակարգել և վերահսկել է համայնքային մշակույթի օջախների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքային գործունեությունը, օժանդակել և աջակցել շրջանի համայնքներում կազմակերպվող մշակութային և երիտասարդական միջոցառումներին, ընդունել շրջանի մշակույթի ոլորտի ՊՈԱ կազմակերպությունների և գյուղական մշակույթի տների 2021թ. կատարած աշխատանքների հաշվետվությունները, քննարկել հետագա անելիքները,- նշեց Ռ. Մկրտչյանը՝ հավելելով, որ բաժինը համակարգել է 2021թ. շրջանում կազմակերպված տոն և հիշարժան օրերին նվիրված միջոցառումները` Մեծ եղեռն, Մայիսի 9, ԱՀ անկախության հռչակման 30-ամյակ: Համագործակցության շրջանակներում բաժինը կազմակերպել է Ծաղկազարդ և Սուրբ Զատիկ ազգային-եկեղեցական տոները, ինչպես նաև եկեղեցական այլ տոներին նվիրված միջոցառումներ: -Աջակցել ենք պատմական միջավայրի պահպանության Ասկերանի շրջանային ծառայությանը՝ Մայրաբերդի շրջակայքում կազմակերպված շաբաթօրյակին: Մասնակցել ‹‹Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ››-ի նախաձեռնությամբ Ասկերանի Բերդ ամրոցում պատմամշակութային ժառանգության շուրջ կազմակերպված զրույց-բանախոսությանը: Խոսելով շրջանից դուրս կազմակերպված միջոցառումների մասին, բաժնի վարիչը նշեց, որ ‹‹Արցախյան գորգարվեստ›› հանրապետական մրցույթին մեր շրջանը ներկայացնող մասնակիցն արժանացել է խրախուսանքի: - Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպված ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթին ապահովել ենք Ասկերանի և Աստղաշենի արվեստի դպրոցների սաների մասնակցությունը: Աջակցել՝ ՀՀ մշակութային կրթության աջակցության հիմնադրամի նախաձեռնությամբ Ասկերանի արվեստի դպրոցում կազմակերպված վարպետաց դասերին: Մայրաքաղաքում կազմակերպված ‹‹Տեխնոլոգիական շաբաթ Արցախում 2021›› միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև շրջանի երիտասարդները: Սահմանամերձ բնակավայրերում կյանքն աշխուժացնելու և երիտասարդների առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու նպատակով շրջանի Խրամորթ գյուղում ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կազմակերպվել և անցկացվել է երիտասարդության տոնին նվիրված միջոցառում։ Երիտասարդության շրջանում ազգային արժեքների քարոզչությանն ու պահպանմանն էր նվիրված նախարարության աջակցությամբ, ‹‹Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ››-ի և Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ, շրջանի Քյաթուկ գյուղում կազմակերպված ‹‹Գուպար›› ազգային-ավանդական խաղերի մրցույթը, որտեղ շրջանը զբաղեցրել է մրցանակային 2-րդ և 3-րդ տեղերը: Ազգային մշակույթը պետք է պահպանել, ինչպես երկրի պետական սահմանը՝ այս նշանաբանով է առաջնորդվում և աշխատում Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության բաժինը։ Ռ. Մկրտչյանը համոզված է՝ պատերազմական իրավիճակում գտնվող երկրում պետք է ջանք ու եռանդ չխնայել մշակութային արժեքների պահպանման, զարգացման ու տարածման ուղղությամբ, քանի որ հենց մշակույթն է պահում ազգի ոգին և ուժը: |