ՓՇՐՎԱԾ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ
24.01.2022 16:13

Ըստ պաշտոնական տվյալների, 1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվի հայերի նկատմամբ Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից՝ իշխանության հովանավորչությամբ, կազմակերպել և իրականացվել է ցեղասպանություն։ Չնայած միջազգային մամուլի արձագանքին և տարբեր լրատվամիջոցների հաղորդած հակամարդկային բռնարարքների մասին պատմող ռեպորտաժներին, Բաքվի ջարդերը մոռացության մատնվեցին…

32 տարի է անցել, սակայն ցավը չի մեղմվել, գուցե բթացել է, բայց չի մոռացվել…

Ժաննա Մովսիսյանը ծննդով Բաքու քաղաքից էր՝ տան միակ զավակը։ Հեռավոր 88-ին, երբ պոռթկաց համազգային Շարժումը, Ժաննայի ծնողները հարևան ադրբեջանցիների խորհրդով և հորդորով տեղափոխվեցին Հայաստան։ Նրանք ապաստան գտան նախ Թալինի շրջանի Աշնակ գյուղում, ապա տեղափոխվեցին Ղափան՝ հարազատների մոտ։ Այստեղ էլ Ժաննան ամուսնացավ ասկերանցի Արթուրի հետ և տեղափոխվեց Ասկերան։ Սկզբում վարձով տան էին բնակվում, որտեղ ծնվեցին նրանց հինգ զավակները։ Ապա որպես փախստականի և բազմազավակի ընտանիք՝ պետական ծրագրի շրջանակներում ապահովեցին տնով։

-Քանի որ ես տան միակ զավակն էի՝ միշտ երազում էի շատ երեխաներ ունենալ։ Ու չնայած հետպատերազմյա դժվարին ժամանակաշրջանին՝ իր երազանքն իրականացավ, և ես ուրախ ու երջանիկ էին իմ մեծ, ամուր, հայկական ընտանիքով։ Ամուսինս գիշեր ու ցերեկ աշխատում էր, որպեսզի մեր երեխաները ոչնչի կարիք չունենան։ Ընտանիքն ապահով պահելու նպատակով նա ժամանակ առ ժամանակ արտագնա աշխատանքի էր մեկնում Ռուսաստան։

Մովսիսյանների ընտանիքում Հայրենիքի հանդեպ սերն այնքան մեծ էր, որ արու զավակների համար նրան ծառայելը հոգու պարտք լինելուց զատ՝ կյանքի ամենամեծ ու կարևոր առաքելությունն էր նաև։

Եկավ ժամանակը, երբ արդեն հերթը հասել էր Արենին՝ տան կրտսերին, ու նա պիտի համալրեր Հայրենիքի պաշտպանների շարքերը։ Արտաքուստ չարաճճի Արենը՝ բռնցքամարտի և ֆուտբոլի սիրահարը, վաղուց պատրաստ էր Հայրենիքին ծառայելու։ Սակայն նրա զորակոչից ամիսներ անց՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծվեց։

-Արենս շատ ճարպիկ էր, ուշադիր ու հոգատար։ Օգնության հասնող էր, ընկերասեր և շրջապատի համար միշտ ցանկալի անձնավորություն։ Նա բազմաթիվ երազանքներ ու նպատակներ ուներ, որոնք պիտի իրագործեր սրբազան պարտքն Հայրենիքին տալուց հետո։  Սակայն մեծ աղետ եկավ հայերիս գլխին, և բոլորիս երազանքները փշրվեցին վայրկյանների ընթացքում։ Իմ երկու տղաներն առաջնագծում էին, Հայրենիքն իր պաշտպան զավակների կարիքն ուներ։ Ու Հայրենիքը պաշտպանելու համար բազմաթիվ կյանքեր դրվեցին նրա զոհասեղանին։ Արենս այդ քաջամարտիկներից մեկն էր, ով չխնայեց կյանքը, ով գերադասեց Հայրենիքը սեփական կյանքից։ Ու ես հպարտ եմ, որ հենց Արենի մայրն եմ, որ մայրական կաթի հետ, նրան հայրենիքի սերն ու հոգատարությունն եմ փոխանցել, - արտասվաթոր աչքերով, սակայն հպարտ կեցվածքով ասում է տիկին Ժաննան։ Գիտի՝ Ասկերանում բոլորն են ակնածանքով խոսում Արենի մասին, մեծ՝ թե փոքր։

Բաքվի ջարդերից փրկված, արցախյան առաջին պատերազմի արհավիրքը պատվով հաղթահարած ու երազանքի ընտանիքը կառուցած տիկին Ժաննան Հայրենիքին տվեց անգինը՝ որդուն, սակայն չչարացավ աշխարհի դեմ… Նրա կոչն ու փափագն է ապրել ու արարել Արցախում, շեն տեսնել նրա ամեն մի անկյունը՝ հանուն մեր զավակների թափած արյան, հանուն այն թանկագինի, որ հիշատակ է կոչվում։

Տիկնի Ժաննան ու որդեկորույս բոլոր մեր մայրերը պատգամ ունեն բոլորիս՝ ապրել Արցախում, ամուր կառչել մայր հողին ու երբեք թույլ չտալ, որպեսզի վիշտը մեր մեջ սպանի Մարդուն։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter