ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ԵՆ, ԱՐԴՅՈՒՆՔԸ՝ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ |
25.01.2022 14:31 |
2021 թվականին Ասկերանի ՙԽաչենշին՚ փակ բաժնետիրական ընկերությունը շարունակել է անշեղորեն և բարեխղճորեն կատարել իր առջև դրված պարտականություններն ու խնդիրները՝ շրջանում պատերազմի հետևանքները վերացնելու, ճանապարհների վերանորոգման և բարեկարգման, աղբահանության, կանաչապատման և սանիտարական մաքրման ուղղությամբ։ Ընկերության յուրաքանչյուր աշխատակից պատվախնդրորեն է վերաբերվում իրեն վստահված աշխատանքին, ուստի և կատարված աշխատանքներն իրենց բավանդակությամբ և որակով արդարացնում են սպասված արդյունքը։ Հաշվետու ժամանակաշրջանը բավականին հագեցած է եղել ընկերության համար։ Դրանց մասին մանրամասն խոսել ենք ընկերության տնօրեն Արմեն Բախշիյանի հետ։ -Պարոն Բախշիյան, նախ խոսենք ընկերության կառուցվածքի և ստանձնած պարտականությունների մասին։ -2021թ. փետրվարի 1-ից ընկերությունում կատարվել է կառուցվածքային փոփոխություն՝ ջրամատակարարում և ջրահեռացում բաժնի տեղափոխությամբ նորաստեղծ ջրային կոմիտեի կազմ։ Սակայն անհրաժշտության դեպքում իրականացրել ենք լրացուցիչ ջրամատակարարում (ջրատար մեքենայով) ինչպես Ասկերանի, այնպես էլ շրջանի մի շարք համայնքներում։ -Անցած տարում ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել ընկերության կողմից։ -Ինչպես և նախորդ տարիներին՝ 2021-ին նույնպես ընկերությունը շարունակել է իրականացնել իր առջև դրված խնդիրներն ու պարտականությունները։ Վերանորոգվել են մի շարք համայնքների ավտոճանապարհները, բարեկարգվել ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհները։ Վերանորոգվել է Ասկերան քաղաքի 11-րդ փողոցը և Շահումյան փողոցից դեպի գերեզմանոց տանող ճանապարհը։ Նորոգվել է քաղաքի պողպատյա կոյուղագիծը, տեղադրվել է 10 հատ աղբաման, կառուցվել աղբամանների տեղակայման վայր։Կատարվել է Մյասնիկյան փողոցի թիվ 1 շենքի տանիքի վերանորոգում, պատուհանների և դռների մասնակի փոխարինում։ Վերանորոգվել և փոխարինվել են Իվանյանի համայնքի համար 4, 6, և 8 շենքերի տանիքները։ Ընկերության կոմունալ ծառայության և կանաչապատման սպասարկման բաժնի կողմից շարունակվել են իրականացվել սանմաքրման և կանաչապատման, առկա ծաղկանոցների մշակման, Ասկերան-Իվանյան, Ասկերան-Ակնա ավտոճանապարհների երկայնքով տնկված ծառերի ձևավորման, ոռոգման և կողնակների մաքրման աշխատանքները։ Աղբահանության աշխատանքներ են իրականացվել շրջանի Ասկերանի, Իվանյանի և Խնապատի համայնքներում, ինչպես նաև այլ համայնքներում տեղակայված խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորամիավորումների տարածքներում։ Ծառայությունից օգտվում է 1800 ֆիզիկական և 70 իրավաբանական անձ։ - Ընկերության նյութատեխնիկական բազայի մասին ի՞նչ կասեք։ -2021 թվականին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից երկու հատ հատուկ շինտեխնիկա ենք ստացել։ Ընկերության տեխնիկական միջոցները գտնվում են սարքին վիճում, և ներկայում բավարարում են մեր առջև դրված խնդիրներն ու պարտականությունները կատարելու համար։ - Համապատասխան մասնագետներով ապահովվա՞ծ եք և մարդկային ռեսուրսները բավարարո՞ւմ են ընկերության առջև դրված պարտականությունները ժամանակին և որակյալ կատարելու համար։ -Այո։ Ընկերությունն ունի բանիմաց վարպետներ, իրենց գործին տիրապետող անհատներ, որոնք միշտ պատրաստակամ են անմիջապես արձագանքելու այս կամ այն խնդրին իսկույն լուծում տալ հարցում։ Եվ ես շնորհակալ եմ նրանցից յուրաքանչյուրին թե՛ պատերազմական ժամանակաշրջանում, և թե՛ ներկայիս պայմաններում աչալրջորեն և մեծ պատասխանատվությամբ իրենց առջև դրված խնդիրները կատարելու համար։ - Խոսենք փոխհամագործակցության շրջանակներում և համատեղությամբ իրականացվող աշխատանքների մասին։ -Ընկերությունն ակտիվորեն համագործակցում է շրջանի հիմնարկ-ձեռնարկությունների, համայնքների ղեկավարների հետ։ Ասկերանի քաղաքապետարանի միջնորդությամբ պարբերաբար իրականացվում են քաղաքում առկա թափառող շների քանակի կարգավորման աշխատանքներ։ Անհրաժշտության դեպքում մեր աշխատողներն աջակցում են որոշակի սոցիալական խմբերին՝ տարբեր աշխատանքներում։ -Ինչպիսի՞ ծրագրեր ունեք ընթացիկ տարվա հետ կապված։ -Ընթացիկ տարում շարունակելու ենք պատասխանատվության բարձր գիտակցումով իրականացնել մեզ վստահված աշխատանքները՝ ի շահ մեր ազգաբնակչության։ |