ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ՝ ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ
02.02.2022 11:14

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում նշվեց հայ ժողովրդի ազատագրական պայքարի ամենափառավոր էջերից մեկին՝ ֆիդայական (հայդուկային) շարժման դարավոր պատմությանն ու Արցախի հերոս Շահեն Մեղրյանի ծննդյան 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որի սկիզբն ազդարարվեց Արցախի Հանրապետության օրհներգով։

Միջոցառումը կազմակերպել է դպրոցի պատմության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը՝ 8-րդ Ա դասարանի աշակերտների մասնակցությամբ։ Ուշագրավ էր, որ հայոց պատմության հերոսական էջերը հանդիսականներին ներկայացնելուն նվիրված միջոցառմանը ներգրավված էին տարբեր տարիքի դպրոցականներ, ինչն ավելի ամբողջական էր դարձնում օրվա խորհուրդը։ Չընկճվել ու չվհատվել երբեք, այլև պայքարելով պայքարել, մինչև բաղձալի օրվան հասնելը… Իսկ, որ հայ ժողովրդի համար կրկին գարուններ կբացվեն՝ կասկածից վեր է։

Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում փառաբանել է իր ֆիդայիների հերոսությունները, երգեր ձոնել նրանց: Ֆիդայիներին բանաստեղծություններ են նվիրել բազմաթիվ գրողներ, որոնցում կերտվել են հայտնի ֆիդայիների կերպարները: Հայ դատի նվիրյալների կերպարներին անդրադարձել են նաև նկարիչներ ու քանդակագործներ: Նրանց պատվին կանգնեցվել են հուշարձաններ։ Րաֆֆին նրանց անվանել է ժողովրդական վիրիժառուներ և հեղափոխականներ։

Պայքարի ելնելով արդարության վերականգնման և Հայրենիքի ազատագրության համար ֆիդայինները երդվում էին. §Այսուհետև իմ բարձը լինելու է Հայաստանի լեռները, իսկ բաղձալի երազանքը՝ Հայրենիքի համար մեռնելը¦։ Նրանք իրենց ամբողջովին նվիրաբերեցին Հայրենիքին՝ հրաժարվելով աշխարհի վայելքներից։

Դպրոցականները փոքրիկ բեմականացման միջոցով ներկայացրեցին ֆիդայի պատվավոր կոչմանն արժանի դառնալուն նվիրված երդում-ծիսակարգը, թե ինչպիսին պետք է լինի և իրեն պահի իսկական ֆիդային՝ կարգապահ, գաղտնապահ, քաջ ու խիզախ, այսինք՝ օրինակելի բոլոր առումներով։ Հայդուկի երդումն այնքան արդիական էր, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ §Արաբո¦, §Գևորգ Չաուշ¦, §Եղնիկներ¦ աչքի ընկած ջոկատների մարտիկները Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվում էին երդման այդ նույն կարգով։

Գարեգին Նժդեհ, Աղբյուր Սերոբ, Անդրանիկ Օզանյան, Արաբո, Գևորգ Չաուշ, Նիկոլ Դուման, Հրայր Դժոխք, Խանասորցի Վարդան և բազմաթիվ նվիրական անուններ, որոնց անցած հերոսական ու փառավոր ուղին մշտապես օրինակելի է եղել ու հասել մեր օրեր։ Նրանց  արդար գործի շարունակողներից եղան արցախյան առաջին ազատամարտի հերոս նվիրյալներ Թաթուլ Կրպեյանը, Մովսես Գորգիսյանը, Շահեն Մեղրյանը…

Ժամանակն է երկնում իր հերոսներին… Շահումյանի արծիվը հունվարի 2-ին կդառնար 70 տարեկան։

Ծնվել և հասակ է առել Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։Գերազանցությամբ ավարտելով միջնակարգը՝ 1969-ին ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը։ Շահեն Մեղրյանի մարտական ուղին սկսվել է 1988-ին։ Նա առաջիններից մեկն էր, ով կազմակերպեց կամավորական զինված ջոկատներ։  Հայրենիքը վտանգի մեջ էր, ծննդավայր Շահումյանի վիճակն օրհասական։ 1991-ի աղետալի Կոլցո օպերացիայի հետևանքով ընկան Գետաշենն ու Մարտունաշենը։ Իսկ նույն տարվա հունիսին թշնամուն հաջողվեց գրավել շրջանի երեք գյուղեր՝ Էրքեջը, Բուզլուխն ու Մանաշիդը։ Շահեն Մեղրյանի կազմակերպած հակահարձակողական ռազմագործողության արդյունքում հայ մարտիկներին հաջողվեց նշված գյուղերն ազատագրել։ Արցախյան հակամարտության զինված պայքարում առաջին անգամ մեր ազատամարտիկներին հաջողվեց իրենց ուժերով ազատագրել գրավյալ տարածքները։

1992-ի Շահումյանի բռնի տեղահանումից հետո Մեղրյանն իր կամավորականներով հետ քաշվեց Հաթերք և սկսեց պարտիզանական պայքար իրականացնել Արցախի հյուսիսում։1993 թվականին Շահեն Մեղրյանը նշանակվեց նորաստեղծ զորամասի հրամանատար։

Արցախի հերոսն իր մարտիկներին առաջնորդում էր մարդկային ամենավեհ գաղափարներով ու սկզբունքներով՝ այս հողի համար արժե կռվել ու մեռնել…

Շ. Մեղրյանի զոհվելու փաստը նորանկախ Հայաստանի Հանրապետության քաղաքական, ռազմական և հասարակական գործիչների չբացահայտված դեպքերի շարքին է դասվում։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել 1993-ի ապրիլի 17-ին, երբ Գյուլիստանի երկնքում խոցվեց այն ուղղաթիռը, որով գյուլիստանի արծիվն իր զինակիցների հետ ցանկանում էր ուղևորվել Երևան։

2014 թվականին Շահեն Մեղրյանին շնորհվեց Արցախի հերոս բարձրագույն կոչումը։

Միջոցառումն ուղեկցվում էր աշակերտների հայրենասիրական երգերի, ազգային պարերի գեղեցիկ կատարմամբ և տրամաբանական ավարտի հասավ §Դե զարկեք զարկե՛ք¦ երգի խրոխտ նոտաների ներքո։

Վերջում Լուսինե Խաչատրյանը միջոցառման կայացման համար իր երախտագիտությունը հայտնեց բոլոր աջակիցներին։ Նա կոչ արեց երբեք չկոտրվել, այլև անցյալի սխալներից դասեր քաղելով առաջ շարժվել՝ դեպի նոր հաղթանակներ։

Մեկ միջոցառման շրջանակներում ներկայացնել հայ ֆիդայիներին, հայ դատի պաշտպաններին, նվիրյալներին áõ վրիժառուներին, անշուշտ, դժվար է, սակայն դպրոցականներին հաջողվեց ներկայացնել նրանց հերոսական ու ազգանվեր կերպարները։ Վստահաբար կարող ենք փաստել, որ մեր ժողովրդի փրկությունը համերաշխ գործունեության մեջ է։ Քանզի ինչպես անցյալն է փաստում, այնտեղ, որտեղ ժողովուրդը կազմակերպված էր և զինված՝ հաղթանակներ էին կերտվում։ Թուրքը ուժեղ է անզենի դեմ՝ ծեր ու մանկան դեմ։ Իսկ մարտի դաշտում մեկ հայը տասը թուրք արժե…

Հանուն Հայրենիքի կյանքը գիտակցաբար զոհած  երիտասարդների սխրագործություններն ընդմիշտ կմնան հայ ժողովրդի պատմության հերոսական էջերում՝ դառնալով նվիրումի անկրկնելի օրինակ, խորհրդանիշ ու փարոս բոլորիս համար։

 Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter