ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ |
11.02.2022 10:43 |
<<Փախստական կանանց միավորում>> ՀԿ ստեղծվել է արցախյան 44 օրյա պատերազմից հետո։ Հասարակական կազմակերպության նպատակն է համապատասխան մարմինների ուշադրությունը սևեռել 1988-1990 թվականների փախստականների հիմնախնդիրների վրա, քանի որ, ըստ բռնազավթածների կարծիքի, նոր իրողությունների ֆոնին, կարծես թե իրենց խնդիրները հետին պլան են մղվել։ Գաղտնիք չէ, որ Արցախյան Շարժման, ապա պարտադրված պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր մնացին անօթևան…
Շատերն իրենց փրկությունը գտան օտար ափերում և ապաստանեցին աշխարհի տարբեր ծայրերում, իսկ Հայրենիքում արմատավորվածներից շատերն առայսօր վարձով բնակարաններում են ապրում։ 2020 թվականի աշնանային մղձավանջից հետո Արցախում փախստականների թիվը կտրուկ աճեց և այս ֆոնին, որպեսզի հետին պլան չմղվեն <<նախկին>> փախստականները, ստեղծվեց <<Փախստական կանանց
միավորում|>> հասարակական կազմակերպությունը, որի գործերի համակարգողն Ասկերանում Նոննա Թովմասյանն է, ով մեզ ներկայացրեց միության նպատակն ու ծրագրերը։
-Բազմաթիվ փախստականներ, տասնյակ տարիներով բնակվելով վարձով, հույս էին փայփայում, որ մի գեղեցիկ օր իրենց հարցերին վերջապես լուծումներ կտրվեն։ 44-օրյա պատերազմը փշուր-փշուր արեց բոլորիս սպասումներն ու երազանքները։ Ցավոք, մեր բախտակիցները շատացան։ Փառք Աստծո, որ այսօր մեր պետությունն ի վիճակի է ամեն ձևով սատարելու անօթևան մնացած մեր հայրենակիցներին, ինչը մեզ՝ բազմաթիվ զրկանքների միջով անցած փախստականներիս համար ուրախալի է։ Ժամանակին մենք զրկված ենք եղել պետական նման հոգածությունից և տարբեր տեսակների, այդ թվում՝ ֆինանսական աջակցություններից։ Եվ այսօր, ցանկալի կլիներ, որ նման հարցերում մեզ էլ նկատի ունենային,- ասում է Ն. Թովմասյանը և հավելում, որ ստեղծելով <<Փախստական կանանց միավորում>> հասարակական կազմակերպությունը նպատակ է հետապնդում պատկան մարմինների ուշադրությունը սևեռել իրենց հիմնախնդիրների վրա, ինչու չէ, նաև հասնել նրան, որ տրվի փախստականի միջազգային կարգավիճակ։
Այս և այլ խնդիրները բարձրաձայնելու նպատակով կազմակերպությունը հանդիպել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Հանդիպումների առանցքում ամենակենսական հարցն էր՝ բնակարանային ապահովությունը։ Հանրապետության նախագահը հավաստիացրել է, որ 1990-ականների փախստականների խնդիրները՝ նոր իրավիճակի թելադրանքով, երբեք հետին պլան չեն մղվել և այսուհետ ևս գտնվելու են պետական մարմինների ուշադրության կենտրոնում։
-Ի տարբերություն վերջին աղետաբեր պատերազմի բռնագաղթվածների, մեզ համար դժբախտությունն ու դժվարությունը կայանում էր նաև նրանում, որ մենք մեր ապրելակերպն արմատապես փոխեցինք՝ նույնիսկ լեզուն։ Արդեն մի քանի ընտանիք կազմակերպության միջնորդությամբ նոր բնակարան է ստացել Ստեփանակերտում։ Հույս ու հավատով ենք լցված ապագայի հանդեպ, որ կլուծվեն բոլոր փախստականների կենսական նշանակության հարցերը,- նշեց զրուցակիցս։
Ն. Թովմասյանի հավաստմամբ, անսալով խնդիրների բարդությունը, շարունակելու են իրավիճակից բխող քայլեր ձեռնարկվել՝ փախստականների առօրյայում տեղ գտած հիմնահարցերի լուծման ուղղությամբ: Իրականացվելու են նաև տարբեր միջոցառումներ՝ կազմակերպությունում ներգրավված փախստականներին հնարավորություն ընձեռելով իրենց ունակությունները դրսևորելու և հանրային կյանքին ներգրավվելու համար։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |