ԹՈՂ ԱՐԵՎԱՅԻՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ |
29.04.2022 09:52 |
Ասկերանի ՄԵ կենտրոնում հաճելի միջոցառում էր: Շրջվարչակազմի ղեկավար Համելտ Ապրեսյանի գլխավորությամբ վարչակազմի պատասխանատուները, Ասկերանի քաղաքապետը, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարները, աշխատողները, Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները, ասկերանցիներ եկել էին վայելելու Ասկերանի <<Բերդ>> համույթի
հրաշալի կատարումները:
Կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, ասաց.
-Տևական ժամանակ այս դահլիճում լռություն էր տիրում: Պատերի և կամարների գորշությունը ներդաշնակված է մեր հոգիներում ծվարած վշտի ու թախծի հետ, որը ծնվել էր մեր կորուսյալ հայրենիքի և մեր համազգային ցավից: Պատճառը՝ 2020 թվականին Արցախին պատուհասած աննախադեպ մահասփյուռ պատերազմն էր:
Ասում են՝ երբ որոտում են թնդանոթները, մուսաները լռում են: Այսօր մենք փորձում ենք հակադարձել այդ եզրույթին, և երգով փակել բոլոր թնդանոթների բերանները, ու այնպես անել, որ մուսաներն այլևս չռլեն, որ հայ երգը չընդհատվի, այլ թևածի հարատև…
Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը:
Համերգային ծրագիրը հագեցած էր: Երգացանկն ընտրված էր նրբորեն. գարուն, մայր, հայ կին, սեր, հայրենասիրություն, ապագայի հանդեպ մեծ հավատ…
Մենակատարներ Հերմինե Խաչատրյանի, Սասուն Սարդարյանի, Լեռնիկ Զաքարյանի, Ռադիկ Մանասյանի անթերի կատարումները շարժեցին ներկաների սրտի լարերը: Նրանք իրենց երգերով ցանկանում էին, որ Արցախի արշալույսները միշտ խաղաղ լինեն, հայուհին իր էությամբ տարբերվի բոլոր ազգերի կանանցից, հայ ազգը երբեք չկորցնի մայր հողում ապրելու հավատը: Իսկ Արտաշես Եսայանի նվագը շվիի վրա հուզեց ներկաներին և մայր հողում ապրելու տենչն ավելի ամրապնդեց:
Համերգը եզրափակվեց <<Հաղթական բանակ>> փառավոր երգով, որը մասնակիցները լսեցին հոտնկայս և ծափերով:
Միջոցառման հաղորդավար Անգելինա Ապրեսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ ակտիվ մասնակցության համար և Արցախ աշխարհին մաղթեց հավերժ խաղաղություն:
Ինչ խոսք, օրվա խորհուրդը մեծ էր. Արցախը պիտի ապրի և պահպանի մշակութային իր բոլոր արժեքները… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |