ՀԱՄԼԵՏ ԷԴԻԿԻ ՀԱՅՐԻՅԱՆ. ՍՂՆԱԽՑԻ ՀԵՐՈՍՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 50 ՏԱՐԵԿԱՆ |
07.05.2022 15:01 |
Ծնվել է 1972 թվականի մայիսի 7-ին, Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում։ Ավարտելով տեղի ութամյա դպրոցը, ուսումը շարունակել է Ավետարանոցի միջնակարգում։ 1990-ին զորակոչվել է խորհրդային բանակում ծառայելու, որը սակայն կիսատ թողնելով` Համլետը շտապել է Հայրենիք` միացել հարազատ գյուղի ինքնապաշտպանությունն իրականացնող համագյուղացիներին։ Ակտիվ մասնակցություն է ունեցալ ռազմական գործողություններին, ինչի համար արժանացել է “Արիություն” մեդալի։ Հաղթական պատերազմի ավարտից հետո շարունակել է պատվաբեր առաքելությունը` ծառայությունը Հայրենիքին։ Համլետը հայ ազգի այն սերուցքից էր, ում համար ազատությունն ու Հայրենիքի պաշտպանությունը վեր էր ամեն ինչից։ Չնայած ընտանեկան պայմաններից ելնելով թողեց զինվորական ծառայությունը՝ չդադարեց Հայրենիքի նվիրյալ զավակը մնալ։ Համլետ Հայրիյանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև ապրիլյան քառօրյա պատերազմին։ 2017-ին կյանքը գլխիվայր շուռ եկավ Հայրիյանների համար… Ողբերգական վթարի հետևանքով զոհվեց նրանց սիրասուն որդին`Արմանը… Անսպասելի պատերազմը հոգու թեթևություն էր Համլետի համար։ Եկել է դատարկ և ունայն դարձած կյանքն ու ապրելը Հայրենիքին ծառայեցնելու պահը։ Ու մարտնչեց նա անվեհեր, անմռունչ ու աներկյուղ`տասնամյակներով պարտվողի բարդույթով տառապող նենգ ու դավադիր թշնամու դեմ, կրծքով պաշտպան կանգնեց հայրենի գյուղին, սակայն երկուսն էլ ընկան, քանզի անհավասար էր մարտը… -Վիրավորվելուց հետո անգամ, դա հոկտեմբերի 28-ին էր, Համլետը շարունակեց վարել մարտը։ Մի խումբ մարտիկներ շրջափակման մեջ էին հայտնվել, և համառ պայքար մղել մինչև ատամները զինված թուրք-ահաբեկիչների դեմ։ Համլետը, ցավոք, քաջաբար զոհվել է նոյեմբերի 10-ին… Հերոսը հանգչում է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում, - ասում է մարտական ընկեր, համայնքի ղեկավար Եղիշե Ղահրամանյանը և հավելում, որ արցախյան պատերազմները խլել են լավագույն տղաներին, որոնց հիշատակը միշտ վառ է բոլորի սրտերում։ Հզոր ոգով ու անկոտրում տոկունությամբ օժտված մարտիկը մինչև վերջին շունչը պայքարեց, քանզի նա իրական հերոս է։ Համլետ Հայրիյանի ընտանիքը բնակություն է հաստատել Ստեփանակերտում։ Սղնախի կարոտը սրտներում՝ սղնախցիները մշտական կապի մեջ են իրար հետ։ Կյանք կա նաև պատերազմից հետո, պիտի ապրեցնել հերոսների անունները… Այլընտրանքը՝ հանձնվելն է, Հայրենիքից հրաժարվելը… Համլետ Հայրիյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Փառք ու պատիվ Հայրենիքի նվիրյալ հերոսներին, հավերժ հիշատակ անմահներին… Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |