ՄԱՅՈՐ ԱՐՄԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱ 45 ՏԱՐԵԿԱՆ
14.05.2022 16:11
Հայրենիքի պաշտպանությունը բոլոր գործերի մեջ վեհագույնն է։ Այս գաղափարախոսությամբ բազմաթիվ քաջեր անհավասար մարտի են ելել թշնամու դեմ և իրենց անունները փառքով պսակել հայ ժողովրդի տարեգրության մեջ։
Արցախի նվիրյալ պաշտպաններից էր ԱՐՄԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ…
Արմեն Շահնազարի Աղաջանյանը ծնվել է 1977 թվականի մայիսի 13-ին` Ասկերանում: Ավարտելով միջնակարգը՝ պարտադիր զինվորական ծառայության է անցել ԼՂՀ ՊԲ-ի շարքերում: Սիրահարվելով Հայրենիքի պաշտպանի գործին` ամբողջովին նվիրել է այդ վեհ առաքելությանը:
2010 թվականի հունիսից ԼՂՀ ՊԲ Ն զորամասի 2 ՏԳՄ 5 ՏՎ հրամանատարն էր: 2013 թվականին ավարտելով ՀՀ ՊՆ ՎՍ սպայական դասընթացները` զբաղեցրել 3 ՏԳՄ ՀՆՏԱԳ տեղակալի պաշտոնը: 2018 թվականի սեպտեմբերից մինչև զոհվելու օրը` 2020 թվականի հոկտեմբերի 8-ը, 3 ՏԳՄ ՀՍԳ տեղակալն էր:
Ծառայության ընթացքում Արմենն արժանացել է պետական և գերատեսչական մեդալների, խրախուսական նվերների ու պատվոգրերի: Մշտապես աշխատում էր մասնագիտական գիտելիքները էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ, որոնց գերազանց տիրապետելը թույլ էր տալիս դրանք լիարժեք կիրառել առօրյա ծառայության ընթացքում: Ճիշտ և ժամանակին կատարում էր վերադաս հրամանատարության հրամանները` արժանալով վերջիններիս բարձր գնահատանքին ու հարգանքին:
Որպես գումարտակի ՀՆՏԱԳ տեղակալ մայոր Արմեն Աղաջանյանը մասնակցել է 2016 թվականի քառօրյա պատերազմին` դրսևորելով անսասան ոգու կամք ու տոկունություն:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված հանկարծահաս պատերազմին Արմեն Աղաջանյան անվեհեր մարտիկն իր երկաթե նժույգով և ընդգծված նվիրվածությամբ պաշտպանում էր Վարանդայի և Ջրականի բնագիծը: Ահեղ մարտեր էին, անհավասար ուժեր։ Թշնամին գործի էր դրել զինանոցի բոլոր զենքերը…
Ցավոք, հոկտեմբերի 8-ի մարտը վերջինը եղավ Արմեն Աղաջանյանի համար… Անվեհեր տանկիստն ընկավ հերոսի մահով` տանկիստի մասնագիտական օրը... Նա գնաց մահվանն ընդառաջ` անմահանալով բոլոր սերունդների հիշողություններում։
Արմեն Աղաջանյանը հետմահու պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանով։
Ամուսնացած էր, ունի երեք որդի։
Փա՛ռք ու պատի՛վ ԱՐՄԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ, խոնարհում քո ծնողներին…
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter