ՎԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 20 ՏԱՐԵԿԱՆ |
17.05.2022 14:55 |
Վանյա Սեյրանի Բարսեղյանը ծնվել է 2002թ. մայիսի 15-ին Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելով ուսանել է Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում։ Ընդօրինակելի պահվածքի և գերազանց սովորելու համար պարգևատրվել է ուսումնարանի տնօրինության կողմից։ Վանյան անչափ ընկերասեր ու նվիրված երիտասարդ էր, և նվիրվածությունը նրա կյանքի ուղեկիցն ու չափորոշիչն էր…
2020 թվականին զորակոչվել է պարտիդիր զինծառայության` Հադրութի պաշտպանական շրջանում։ Պարտաճանաչ ու հրամանատարների առաջադրանքներն իսկույն ըմբռնող Վանյան կարճ ժամանակամիջոցում հմուտ դիպուկահարի համբավ ձեռքբերեց։
Արցախյան 44-օրյա պատերազմը նոր փորձություն էր հայրենասիրական վեհ գաղափարներով հասակ առած բազմաթիվ երիտասարդների համար, որոնցից շատերն իրենց անունները փառքով պսակեցին հայոց պատմության էջերում։
Անմահ հերոսներից է նաև Վանյա Բարսեղյանը… Մասնակցել է Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի),
Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների պաշտպանության համար մղված մարտերին։ Հադրութում երեք անգամ շրջափակման մեջ հայտնվելով` հրաշքով փրկվել է։ Վանյայի վերջին մարտը Շուշիի համար էր։ Նա կռվեց անձնվիրաբար… Եվ 42 օր ահեղ մարտերի միջով անցած ու մարտական մկրտություն ստացած Վանյան քաջի մահով ընկավ Շուշին պաշտպանելիս` պատերազմի 43-րդ օրը` նոյեմբերի 8-ին…
Ընկերները պատմում են, որ Վանյան անչափ խիզախ ու անվախ է կռվել։ Շուշիի մարտերի ժամանակ վստահ էր, որ կյանքի գնով էլ լինի պետք է պաշտպանեն հայոց հինավուրց բերդաքաղաքը։ Ասում էր` կկոտորենք բոլորին, ովքեր կփորձեն տիրանալ Շուշիին…
Մահվան աչքերը բազմաթիվ անգամներ տեսած երիտասարդն անմահացավ հավատով, որ Հայրենիք պաշտպանելու համար արժե զոհել անգամ ամենաթանկը… Նա գնաց գիտակցված մահվան ընդառաջ։ Եվ, ուրեմն, Վանյա Բարսեղյանն իրական հերոս է…
Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալ զավակ` ՎԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ…
Նրա ապրած կարճ, սակայն իմաստալից ու սխրագործություններով լի կյանքը հայրենասիրության վառ դաս է գալիք սերունդների համար… Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |