…ՈՒՐ ՀՈՂՆ ԱՐՅԱՄԲ Է ՍՐԲԱԳՈՐԾՎԱԾ |
27.05.2022 14:23 |
և ադրբեջանական դրոշները, որոնք հարափոփոխ տրամադրություն են ստեղծում։ Չես հասցնում կենտրոնանալ մտքերիդ վրա, երբ կարծես հեռու-հեռվից ուղեղիդ է հասնում վարորդի դժգոհությունը ամիսներ առաջ այստեղով անցնած թշնամական բեռնատարների քարուքանդ արած մայրուղու մասին։ Իսկ ճանապարհների որոշ հատվածներ նա մեքենան մեծ արագությամբ է քշում՝ պարզաբանելով, որ, բարձունքներից ազերի զինվորները երբեմն չար կատակներ են անում՝ ժայռաբեկորներ թափելով անցնող մեքենաների վրա…. Հասնում ենք Սարուշենի մանկապարտեզ և ծանր զգացողությունները միանգամից վերանում են մանուկների ջինջ ու անաղարտ շրջապատում։ Սարուշենի պետական մանկապարտեզը գործում է 2019 թվականի սկզբներից, որը մեկ հարկանի տիպային կառույց է` նախատեսված է 50 երեխայի համար։ -Երեխաների առօրյան աշխատում ենք կազմակերպել հնարավորինս հագեցած ու բովանդակալից։ Մեր դաստիարակները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի երեխաները կտրվեն պատերազմի հետևանքով առաջացած լարված մթնոլորտից։ Եվ մեզ հաջողվում է երեխաների առօրյային պայծառ երանգներ հաղորդել, որպեսզի նրանք էլ ավելի սիրեն իրենց տունը, գյուղը, արդյունքում` հայրենիքը։ Ավագ խումբը պատրաստվում է հրաժեշտ տալու նախակրթարանին,-մեզ հետ զրույցում ասաց մանկապարտեզի վարիչ Լիլեն Գասպարյանը: Նրա խոսքով, մանուկների առօրյան հագեցած ու անհոգ դարձնելու,կրթադաստիարակչական աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար բոլոր նախադրյալները կան։ Իսկ ցանկալի արդյունքի հասնելու համար հաճախ իրենք նույնպես մանկանում են: Մանկապարտեզի բոլոր 7 աշխատողներն իրենց երեխաների ապագան հայրենի գյուղում են տեսնում, և նրանցից յուրաքանչյուրն աշխատում է իր ուրույն լուման ներդնել գյուղի բարգավաճման գործում։ Ի հակադրություն նախակրթարանի` դպրոցական շենքն անմիխիթար վիճակում է գտնվում, այն վերանորոգման և հատկապես ջեռուցման կարիք ունի։ Գյուղական ճանապարհները սալապատված են, գործում են բոլոր ենթակառուցվածքները։ Բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։ Վերջին շրջանում մեծացել է ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների թիվը։ Սարուշենում 44-օրյա պատերազմից հետո տեղահանված մեկ ընտանիք է ապաստանել։ Գյուղից արտագաղթ չկա։ Համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանի հավաստմամբ՝ կառավարությունը պատրաստակամ է գյուղի ազատ բնակֆոնդում վերականգնողական աշխատանքներ իրականացնել և տրամադրել այդտեղ բնակվել ցանկացողներին։ Համայնքի երիտասարդ ղեկավարը լավատեսորեն է տրամադրված գյուղի ապագայի նկատմամբ, համոզված է, որ 44-օրյա գեհենով անցած արցախցին ընկրկելու իրավունք չունի. Հերոս տղաները չեն ների։ ,,Հերոսները պարտադրում և հրամայում են յուրաքանչյուրիս ապրել ու արարել արյամբ սրբագործված հողում, մեր ամենօրյա աշխատանքում լինել արդար և կառուցողական,,,- ասում է Կ. Գասպարյանը։ Նրան չհավատալ չես կարող: …Մեքենան հետ է սլանում, և բնության գեղեցիկ տեսարանները փոխարինում են մեկը մյուսին: Հեռվում երկինքը մշուշապատ է, նույնքան մշուշապատ է հեռվում մեզ կարոտող Շուշին: Այն տպավորությունն է, թե մենք մշուշի միջով դեպի Շուշի ենք գնում, և ահա կերևան Ղազանչեցոցի՝ ամպերը պատռող գմբեթի խաչերը: Լուռ, աղոթքի նման մրմնջում ենք. ,,Սպասիր, անպայման կգանք, սրբավայր Շուշի, թող աչքդ չմշուշվի,,: Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|