ԽՐԱՄՈՐԹՈՒՄ ՀՆՉԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ
27.05.2022 14:37

Շրջանի հանրակրթական դպրոցներում այսօր հնչեց ավանդական վերջին զանգը։ Վերջին զանգի զիլ ղողանջներ հնչեցին Խրամորթի Գառնիկ Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոցում` իր հյուրընկալ հարկի տակ ընդունելով հարազատ բնակիչներին։ Գյուղի դպրոցական շենքը վաղուց այսքան մարդաշատ չէր եղել…

Արցախյան առաջին պատերազմից հետո Խրամորթի 25-րդ

հոբելյանական թողարկման 6 աշակերտներին շնորհավորելու էին եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, տեղակալ Վահագն Առստամյանը, ԿԳՄՍ նախարարության պատասխանատուներ, ծնողներ, հյուրեր։

Ողջունելով ներկաներին դպրոցի տնօրեն Անուշ Գաբրիելյանը նշեց, որ դպրոցական վերջին զանգի տոնակատարությունը հարազատ կրթօջախում նշելու հույսը երբեք նրանց մեջ չի մարել։ Եվ գուցե վերջին զանգի անուշ ղողանջը նաև տունդարձի ազդ կնշանակի։

Հնչեց ԱՀ պետական օրհներգը և ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքին ամենաթանկը նվիրաբերած հերոսների անմար հիշատակը։

Դասղեկ Անահիտ Մայիլյանի` յուրաքանչյուր աշակերտի դիպուկ բնութագրմամբ և դպրոցական զանգի ղողանջի ներքո շրջանավարտները գեղեցիկ զարդարված դահլիճում զբաղեցրեցին իրենց տեղերը։ Նա իր սիրելի սաներից յուրաքանչյուրին հերոս է համարում, քանզի այսօր նրանք հպարտ կեցվածքով հարազատ գյուղում են և ստիպում են լսել անարգ ոսոխին գյուղի հարատևությունը խորհրդանշող դպրոցական զանգի ղողանջները։

Շրջանավարտների խոսքը հուզումնալից էր, փոքր-ինչ կաշկանդված։ Անսահման տխրությամբ նրանք հիշեցին հայրենիքի անմահ քաջերին, նրանց սխրագործությունները, գովերքի խոսքեր հղեցին դպրոցական երկար ու ձիգ տարիներին նրանց կրթած ու դաստիարակած ուսուցիչներին, երախտագիտական խոսքեր ասացին ծնողներին։

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հ. Ապրեսյանը շնորհավորելով շրջանավարտներին կյանքի նոր փուլ մտնելու կապակցությամբ` մաղթեց, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն արժանապատվորեն կարողանա հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները, և որ նրանց կյանքի հերթական և հաջորդ բոլոր էջերը լցված լինեն բազում հաջողություններով։ Համլետ Ապրեսյանը հուշանվերներ և ծաղկեփնջեր նվիրեց շրջանավարտներին։

Դպրոցի տնօրեն Անուշ Գաբրիելյանը սովորողների կրթության և դաստիարակության գործում ունեցած հաջողությունների համար արժանացավ շրջվարչակազմի ղեկավարի պատվոգրի։

Դպրոցի փոխտնօրեն Արմինե Միրզոյանը ներկայացրեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի և Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանի շնորհավորանքի ուղերձներն ու բարեմաղթանքները խրամորթցի շրջանավարտներին ։

ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը կարևորելով խորհրդանշական այսօրը հարազատ կրթօջախում տոնելու փաստը՝ շրջանավարտներին մաղթեց, որպեսզի նրանք կյանքի բոլոր փուլերում գտնվեն ճիշտ այնտեղ, որտեղ որ պետք է։

-Իսկ որտե՞ղ մարդ կարող է իրեն ավելի լավ ու ազատ զգալ` իհարկե հարազատ տանը, գյուղում, հարազատ միջավայրում։ Ուստի պետք է մեր միահամուռ պայքարով հասնենք մեր նպատակներին,- ասաց փոխնախարարը` բարի երթ և անարգել ճանապարհ մաղթելով շրջանավարտներին։

Ծնողների անունից միջոցառման կազմակերպիչներին և դպրոցի ուսուցիչներին երախտագիտության խոստ ասաց Ասյա Հայրապետյանը։

Հարգելի պատճառներով համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը չկարողանալով ներկա գտնվել վերջին զանգի արարողությանը` իր բարեմաղթանքներն ու նվերներ էր ուղարկել շրջանավարտներին։ Խրամորթցի շրջանավարտներին նվերներ և ծաղիկներ էր ուղարկել «Ասկերան» հանրախանութի տնօրեն Գարիկ Շահրամանյանը։

Սիրելի շրջանավարտներ. Այսօրը ձերն է ու տոնական ջինջ ու մաքուր զգացողությունը թող ձեր ուղեկիցը լինի ամենուր։ Այսօր  ես կրկնակի ուրախ եմ ձեզ համար, քանզի այն, ինչ երազանք մնաց ինձ համար` իրականացավ ձեր կյանքում։ Հուսանք ու հավատանք, որ դեպի մեծ կյանք ճանապարհող դպրոցական վերջին զանգը Խրամորթում դեռ բազում սերունդներ կճանապարհի դեպի նոր կյանք։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter