ԱՐՄԵՆ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 50 ՏԱՐԵԿԱՆ
29.05.2022 13:50

Անմահների գնդի հերոսներից է ԱՐՄԵՆ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ․ նա այսօր կդառնար 50 տարեկան․․․

Ծնվել է 1972 թվականի մայիսի 29-ին՝ Բաքու քաղաքում, որտեղ էլ ստացել է միջնակարգ կրթությունը։ 1988 թվականին սկիզբ առած  Արցախյան շարժումը սրերով ընդունվեց ՍՍՀՄ երբեմնի ինտերնացիոնալ քազաքում, և սկսվեցին հալածանքներն ու հետապնդումները տեղի հայերի նկատմամբ։ Արմենի ընտանիքը՝ հազարավոր բախտակիցների պես թողնելով տարիների վաստակը, բռնեց գաղթի ճանապարհը։ Հայերիս համար ճակատագրական այդ պահերին շատերն ընդմիշտ հեռացան Հայրենիքից։ Իսկ Արմեն Մարտիրոսյանի ծնողները ապաստան գտան ծննդավայր Հիլիսում։ Այստեղից էլ Արմենը զորակոչվեց ԽՍՀՄ բանակի շարքերում ծառայելու։ Հազիվ էր ծառայության մեկ տարին լրացել, երբ Արցախում սկիզբ առած անհանգստությունների, ապա թշնամու կողմից պարտադրված պատերազմի լուրն առնելով Արմենը՝ կիսատ թողնելով ծառայությունը, վերադարձավ Հայրենիք։ Նա կամավորագրվեց Ստեփանակերտի 6-րդ գումարտակին, որի կազմում նախ հերթապահություններ էին իրականացնում։ Իսկ երբ պայքարը վերածվեց զինված հակամարտության Արմեն Մարտիրոսյանը անվարան ու խիզախորեն կատարում էր իրեն վստահված հանձնարարությունները։ Մասնակցել է Շուշիի փայլուն ռազմագործողությանը, անմնացորդ նվիրվել Հայրենիքը ընդգծված թշնամուց ազատագրելու վեհ գաղափարին, անցել ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհով՝ մինչև բաղձալի հաղթանակ․․․

Պատերազմի ավարտից հետո Արմեն Մարտիրոսյանը շարունակել է զինվորական ծառայությունը տարբեր զորամասերում՝ շարքային զինվորից հանելով փոխգնդապետի կոչման։ Մասնակցել  2016թ․ ապրիլյան պատերազմին, իսկ 2018-ից՝ անցել վաստակած թոշակի։ Անբասիր ու նվիրված ծառայության ընթացքում բազմիցս արժանացել է մեդալների, գովասանագրերի, խրախուսական նվերների։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արմեն Մարտիրոսյանն իսկույն ևեթ միացավ 4-րդ պաշտպանական շրջանի Հայրենիքի փրկության մարտիկներին՝ մասնակցելով տարբեր ուղղություններով իրականացվող ռազմագործողություններին։

Հոկտեմբերի 29-ին ՊՇ հրամանատարական կետում Արմեն Մարտիրոսյանը մահացու վիրավորվեց․․․ 33 օր ու գրշեր ընդդեմ մահվան մարտնչած Հարենիքի զինվորն ընկավ քաջի մահով՝ անմահանալով հայոց տարեգրության ամենասրբազան էջերում․․․ Քանզի չկա ավելի սրբազան գործ, քան Հայրենիքի փրկությունն է; Եվ, ուրեմն, փոխգնդապետ Արմեն Մարտիրոսյանն իսկական հերոս է։

Շնորհավոր 50 – ամյա հոբելյանդ՝ հերոս, սրբազան գործդ կիսատ չի մնա։ Այն պատվով ու արժանապատվությամբ շարունակում են զավակներդ․․․․

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter