ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՄԼԵՏ ԱՊՐԵՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
01.06.2022 12:18

Սիրելի՛փոքրիկներ.

Ամռան առաջին օրը նշանավորվում է գեղեցիկ ու սիրված տոնով` երեխաների պաշտպանության միջազգային օրով։  Այն նվիրական է յուրաքանչյուրիս համար, քանի որ դուք մեր կյանքի ամենակարևոր էակներն եք, մեր պայծառ ապագայի կանաչ ծիլերը։

Հունիսի 1-ը ևս մեկ անգամ հիշեցնում է մեծերիս, որ ձեր ամեն մի օրը հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար գործադրվող ջանքերն ապարդյուն կլինեն, եթե մեր տունը, բակը, հայրենիքի սահմանները խաղաղ ու անվտանգ չլինեն։  Միայն

խաղաղ և անվտանգ երկրում դուք կկարողանաք իրականություն դարձնել ձեր ու մեր երազանքները։

 Սիրելի՛ ծնողներ.

Գաղտնիք չէ, որ երեխաները հասարակության ամենաանկեղծ ու անմիջական մասն են, նրանք սիրում և վստահում են մեզ անկախ ամեն ինչից, սրտանց ուրախանում անգամ աննշան թվացող հաջողություններով։ Ուստի, մենք պարտավոր ենք հոգատարությամբ պարուրել և թույլ չտալ, որպեսզի խաթարվեն նրանց անմեղ հոգիները: Ի դեմս նրանց, պարտավոր ենք դաստիարակել ու մեծացնել այնպիսի սերունդ, որը կկարողանա ճիշտ ճանաչել ու գնահատել հայրենիքը, անվերապահորեն նվիրվել նրան, իսկ հարկ եղած դեպքում՝ պաշտպանել հող-հայրենին: Սա է գալիքի հիմքերն ամրացնելու միակ ուղին։

Սիրելի՛ երեխաներ.

Ձեր ներկայությամբ դուք ավելի եք կարևորում մեր ջանքերը՝ ի շահ Արցախ աշխարհի բարեկեցության ու մշտագոյության: Մաղթում եմ, որպեսզի յուրաքանչյուրիդ մանկությունն անցնի խաղաղ երկնքի տակ, և ձեր ջինջ հոգիներում միշտ ուրախ թևածեն խինդն ու ծիծաղը:

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter