ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՎԵՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՙԱՍԿԵՐԱՆ. ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ - ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՙ ԳԻՐՔԸ |
16.06.2022 10:37 |
Օրերս լույս է տեսել ,,Ասկերան,, հուշապատում տարեգրություն գիրքը, որի առիթով էլ կազմակերպել ենք այսօրվա շնորհանդեսը։ Գրքում բոլորիս քաջածանոթ Վերա Գասպարյանի հուշագրությունն է` սկսած արցախյան առաջին պատերազմից մինչև 44-օրյա պատերազմ։ Այն բովանդակում է մի ուրույն հատված արցախյան հերոսմարտից և, անշուշտ, հետագա ուսումնասիրողների համար կարևոր տվյալներ է պարունակում: Ստույգ օրինակներով պատմվում է դաժան պատերազմում ասկերանցի ազատամարտիկների սխրագործությունների մասին, և այն ուղերձն ունի, որ Հայրենիքի համար կյանքը գիտակցաբար զոհաբերելն իսկապես անմահություն է: Փա՛ռք ու պատի՛վ մեր հերոս նահատակներին։ Լավագույնը, ինչով կարող ենք վարձահայտուց լինել մեր անմահ քաջերին` նրանց արյամբ նվաճած Հայրենիքը շենացնելն է... Գիրքը լույս պիտի տեսներ դեռևս 2020 թվականին, սակայն չարաբաստիկ պատերազմը խանգարեց նաև այս նպատակի իրագործմանը։ Հեղինակի հաստափոր տետրերը գիրք դարձնելու գաղափարը հղացել էր երջանկահիշատակ Վալերի Պետրոսյանը, երբ օրերից մի օր Բերդ թերթի խմբագրություն եկավ Վերա մայրիկը և ներկայացրեց իր օրագրային գրառումները։ Մինչ այդ Վերա Գասպարյանի հեղինակած թղթակցությունները ժամանակ առ ժամանակ տպագրվում էին ՙԲերդ՚-ում։ Դրանք հիմնականում Ասկերանի, նրա քաջամարտիկների, մեր հաղթանակների, ապագայի տեսլականի մասին էին։ Երբ հանձն առանք այդ բազմաբովանդակ գրվածքները գրքի վերածելու առաքելությունը, Վերա մայրիկի ուրախությանը չափ չկար։Այսօրվա պես հիշում նրա աչքերի փայլը։ Ցավոք, 44-օրյա պատերազմը դաժան վարվեց բոլորիս հետ. թվում էր, թե Վերա Գասպարյանին տրված խոստում էլ անկատար կմնար…Բայց, փա՜ռք Աստծո, նրա ամենակարող զորությամբ կողքիս ամուր հներաններ ունեցա ու կարողացա իրականացնել մի անհատի երազանք, ուրախացնել մի մոր սիրտ։ Ինձ աջակցության ձեռք մեկնեցին Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, Արցախի Պահեստազորի սպաների միության նախագահ Կարմեն Ասլանյանը, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը:Բոլորիս անունից ուզում եմ երախտագիտություն հայտնել նրանց՝ գրքի տպագրության գործում գործուն աջակցություն ցուցաբերելու համար։ Գիրք գրելն ինքնին պատասխանատու աշխատանք է, և հեղինակի հետ համատեղ աշխատել ենք հավասար անդրադառնալ բոլորին, դեպքերի զարգացումը ներկայացնել պարզ ու հակիրճ շարադրմամբ, առանց ավելորդ լիրիկական զեղումների։ Ամեն ինչ անցողիկ է այս կյանքում, ուստի նորօրյա պատմությունը վաղվա սերունդներին ճշմարտագույնս ներկայացնելը, հատկապես մեր պարագայում, համարում եմ կարևոր մարտահրավեր: Գրքում տեղ գտած արծարծումներն իրական հենք ունեն, ինքս տեղի ունեցած իրադարձություններից շատերի ականատեսն եմ, ու նաև այդ պատճառով սիրով կցվեցի գրքի կազմմանը, խմբագրմանն ու հրատարակմանը: Որպես ականատես, առանձնապես ուզում եմ կանգ առնել պատերազմի ընթացքում կին խոհարարների նվիրվածության վրա, քանի որ նրանցից մեկն էլ մայրս էր։ Շատերի պես նրա զավակն էլ առաջնագծում էր, և ինքը նույնպես սուրբ առաքելություն էր համարում Հայրենիքի համար դժվարին պահին նման ծառայություն իրականացնելը։ Կերակրել ուրիշների զավակներին, վստահաբար իմանալով, որ մեկ այլ տեղ, մի ուրիշ մայր քո զավակին է կերակրում։ Հենց այդպես էին մտածում Ասկերանի գնդի խոհարարներ Լյուսյա Հարությունյանը, Ժուլետա Սարգսյանը, Լենա Շամիրյանը, Աննա Նալբանդյանը, Ադելա Նալբանդյանը, Վարյա Գասպարյանը, Թամարա Վարդանյանը, երջանկահիշատակ Եվգենյա Ստեփանյանը, Էմմա Մարտիրոսյանը և Վալյան, ովքեր ճակատ մեկնող տղաների հետևից մայրաբար աղոթում էին, որպեսզի նույն կազմով ետ վերադառնան տղաները։ Ցավն ու սուգը համահավասար բոլորինն էր, և միասնաբար հաղթահարում էին բոլոր դժվարությունները։ Խոնարհումս բոլոր խոհարարներին, նրանց անմնացորդ նվիրվածության, հոգատարության, հայրենքի դժվարին պահին նրան նեցուկ լինելու համար… Այդ տարիների միասնության մասին շատ է խոսվում, ինչն, իրոք, այսօր էլ մեզ շատ է պետք: Ճշմարիտ է ասված, որ այնտեղ, որտեղ անզոր է անհատը, միասնականությամբ կարելի է իրագործել նույնիսկ անկարելին։ ,,Ասկերան,,հուշապատում-տարեգրություն գրքի երթը թո՛ղ բարի լինի…Աստծո կամոք և օրհնությամբ խաղաղ ու անփորձանք օրեր բոլորիս` Արցախի անառիկ դարպաս Ասկերանում… Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |