ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՄԱՐԱՍԻ ՀՈՎՏԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
20.06.2022 12:41

Ամարասի հովտում առատ բերք է հասունանում։ Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքներն օրեր անց կսկսվեն։ Իսկ թթաթափն արդեն մեկնարկել է։ Շրջանի  այս տարածքում հացահատիկային մշակաբույսերի ցանքի փոքրիկ հողահանդակները գույն առ գույն փոխարինում են իրար։ Դրանց մի մասը պատկանում է Մարտունու շրջանի մոտակա գյուղարին, մյուսները` Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Սարուշենի բնակիչներին։ Գարու հասկերն արդեն ծանրացել են բերքից։ Ցորենի դաշտերը դեռևս կանաչ են։

Օրերս Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն ու տեղակալ Կարեն Աղաջանյանն Ամարասի հովտում էին։ Նպատակը` բերքահավաքի աշխատանքներին ծանոթանալն ու թթաթափով զբաղվող հայրենակիցներին հանդիպելն էր։ Չնայած վերջին օրերին տեղացող անձրևին` շրջանի այդ տարածքում թթայգիներ ունեցող ակնաղբյուրցիներն ու ավետարանոցցիներն այստեղ էին` բերքը կորստից փրկելու նպատակով։ Թթաթափի աշխույժ աշխատանքներ էին ընթանում տարբեր ուղղություններում։ Տուն ու տեղ կորցրած Ակնաղբյուրի և Ավետարանոցի բնակիչները չեն թևաթափվում, հողիó ձեռք չեն քաշում։ ՙԻ՞նչ կա առավել քաղցր, քան հողն է։ Թշնամուն հակառակ շարունակելու ենք ապրել ու արարել այս մի բուռ դարձած Հայրենքում` երբեք չկտրվելով մեր արմատներից։ Հեռվից - հեռու էլ մեր հարազատ ու անկրկնելի գյուղը մեզ պայքարելու և երբեք չվհատվելու ուժ է տալիս,- ասում է Ակնաղբյուրի համայնքի ղեկավար Հայկ Ավանեսյանը` հավելելով, որ շուտով սկսվելու են թթի վերամշակման աշխատանքները, որն իրականացվելու է Սարուշենում։

Սարուշենի համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանի ուղեկցությամբ շրջվարչակազմի պատասխանատուները եղան նաև բանջարաբոստանային կուլտուրաների և հացահատիկային մշակաբույսերի դաշտերում։ Կ. Աղաջանյանը որոշակի ցուցումներ տվեց բանջարաբոստանային կուլտուրաների մշակման և բարձր բերքատվություն ապահովելու ուղղությամբ` կարևորելով իրականացվելիք միջոցառումները ժամանակին կատարելու փաստը։ Բերքահավաքի աշխատանքները ժամանակին և անկորուստ կազմակերպելու նպատակով համապատասխան միջոցառումների պլան է մշակվել։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter