ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ` ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆԻՉ
14.07.2022 12:25

Ջերմոցային տնտեսությունը հողագործության խթանիչ ճյուղերից է, որին առավել մեծ դեր ու նշանակություն է տրվում հետպատերազմական շրջանում։ Հանրապետությունում պետական ծրագրով և բարեգործական հիմունքներով խոշոր ներդրումներ են կատարվում այս ոլորտում։ Արդյունքն արդեն իսկ ակնառու է։

Բերքաձորի համայնքում ևս հարգի է ջերմոցային տնտեսությամբ զբաղվելը։ Այստեղ ջերմոցային տնտեսություն վարելու տարիների փորձ ունեն։ Մշակովի բույսերն անբարենպաստ եղանակային պայմանների ազդեցությունից պաշտպանելու և ցանկալի արդյունքի հասնելու նպատակով բերքաձորցի Սուրեն Սարգսյանը հինգ տարի առաջ 850 քառակուսի մետր մակերեսով ջերմոց է հիմնել։ Օրերս Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն ու տեղակալ Կարեն Աղաջանյանը Բերքաձորի համայնքի ղեկավար Զարինե

Մեքիյանի ուղեկցությամբ այցելել են հիշյալ ջերմատուն։ 

Ջերմատան սեփականատերը կիսվել է ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու իր գիտելիքներով և փորձով,  լսել նաև խորհուրդներ։   Մենատնտեսը հիմնականում զբաղվում է վարունգի, լոլիկի, լոբու և կանաչեղենի մշակությամբ: Արտադրական առավելագույն հզորության բարձրացման և տարատեսակ մշակաբույսեր աճեցնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ արդեն իսկ ձեռնարկվում են։ Առաջիկայում դրանք կյանքի կկոչվեն։

Սուրեն Սարգսյանին ջերմատան աշխատանքներում օգնում է որդին` Միքայելը, ով 44-օրյա պատերազմի մասնակից է, 2-րդ կարգի հաշմանդամ։ Ունեն նաև վարձով աշխատողներ։ Աշխատում են պահպանել արցախյան բերքի ու բարիքի անարատությունը, ու թերևս, դա է պատճառը, որ արտադրանքը մեծ պահանջարկ ունի։

Շրջվարչակազմի ղեկավարը բարձր է գնահատում հատկապես երիտասարդների ներգրավվածությունը գյուղատնտեսական աշխատանքներին։ Քանի որ հողի հետ աշխատանքն ավելի ամուր ու անքակտելի է դարձնում կապը հայրենիքի նկատմամբ։

Արցախում ջերմատնային տնտեսությանը, ու ընդհանուր առմամբ գյուղոլորտին առնչվող բոլոր ծրագրերից մեծապես օգտվում և առաջիկայում շարունակելու են այնպես անել, որ առավելապես շահավետ և նպատակային օգտվեն շրջանի գյուղատնտեսությամբ զբաղվողները` սա վարչակազմի ղեկավար Հ. Ապրեսյանի շրջանում գյուղատնտեսությունը զարգացնելու և բարձր հիմքերի վրա դնելու տեսլականն է:


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter