ԶՈՐԱՎՈՐ Է ԱՅՆ ԱԶԳԸ, ՈՐՆ ՈՒՆԻ ԶՈՐԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ |
18.07.2022 10:26 |
Միասին ապրել կես դար՝ ոչ բոլորին է բախտ վիճակվում. 50 տարի շարունակ իրար հետ կիսել ուրախություն և տխրություն, դիմանալ կյանքի բոլոր փորձություններին, հաղթահարել դժվարությունները, միասին անցնել երկար-երկար ճանապարհ…Միայն անկեղծ զգացմունքներ ունեցող զույգը կարող է հասնել այս հիշարժան օրվան:
Ոսկե հարսանիքը իսկական ապացուցն է, որ կա սերը, կա հավատարմությունն ու փոխադարձ հարգանքը: Եվ ինչքա՜ն ուրախ ենք մենք, որ մեր շրջապատում կան այդպիսի
ընտանիքներ…
Տեղին է հիշել մեծն Մուրացանի խոսքերը, որոնք հենց իմ հոդվածի հերոսներին են վերաբերում. <<Ազգերի զորությունն ընտանիքների մեջ է: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի ու հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ>>…
50 տարի առաջ, հուլիսի 15-ին գեղեցիկ ընտանիք են կազմել Պետյա և Էվելինա Ստեփանյանները: Պետյան, որ արմատներով Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից էր և 1953 թվականից բնակվում էր Ասկերան ավանում, իր սրտի կեսին գտել է հարազատ շրջանի Ճարտար գյուղում: Ինչպես պատմում են Ասկերանի մեծերը, ուրախ և հետաքրքիր հարսանիք էր նրանց հարսանիքը: Երեք օր ու գիշեր ուրախանում էին մարդիկ, զուռնա-դհոլի ձայնը երկինք էր հասնում, և այդ պահին, հավանաբար, ոչ ոք չէր գուշակում, որ նորաստեղծ այդ ընտանիքն Ասկերանի պատմության էջերի մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնելու և վաստակելու է <<Ժողովրդական>> ընտանիք անունը: Մի՞թե դրանից առավել լավ կոչում, կամ գնահատական կարող է լինել, մի՞թե ամենամեծ գնահատականը ժողովուրդը չի տալիս:
Ինքս երեխա էի դեռ, որ մեծերից լսում էի. Պետյան ու Էվելինան ժողովրդական մարդիկ են, հասնող, ձեռք մեկնող…Տարիները ոչինչ չեն փոխել, նրանք մնացել են նույնը՝ աշխատասեր, բարի, օգնող… Ասկերանի հին սերունդներից մինչև նորօրյա սերունդը սիրում և գնահատում են նրանց:
1969 թվականից մինչև Արցախյան առաջին պատերազմը Պետյա Ստեփանյանն աշխատում էր Ասկերանի հացի փուռում, իսկ 1994-ից մինչև 2022 թվականը՝ Արցախէներգո ՓԲԸ-ի Ասկերանի մասնաճյուղում: Իր պատկառելի տարիքում անգամ նա չի կարող նստել տանը և այսօր շարունակում է աշխատել: Այս անգամ Ասկերանի ՇԲՄ-ում՝ իրականացնելով էլեկտրիկի պարտականություններ:
Էվելինա Ստեփանյանը Ասկերանում իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1972 թվականից՝ տեղի միջնակարգ դպրոցում, որպես տնարարության ուսուցչուհի, իսկ 1979 թվականից՝ կար ու ձևի արհեստանոցում, միաժամանակ աշխատել է կուլտուրայի տանը՝ իր սիրած մասնագիտությունը ուսանելով երեխաներին: 1996 թվականից մինչև թոշակի անցնելը աշխատել է Ասկերանի ՄՊՍԿ-ում:
Ստեփանյանների ընտանիքում ծնվել ու դաստիարակվել են 4 զավակներ՝ երեք աղջիկ ու մի տղա: Ընտանիքի ավանդույթներին հավատարիմ՝ նրանք ևս հայտնի են բարիք արարելու հավատամքով, աշխատասիրությամբ ու անբասիր վարքով:
Այսօր թոռ ու ծոռների տեր են Ստեփանյան ամուսինները և շարունակում են բարիք գործել ժողովրդի համար: Հաճախակի կարելի տեսնել, թե ինչպես է 75-ամյա Պետյան մարդկանց օգնում իր մասնագիտական կարողություններով: Արհեստավարժ մասնագետի կարիքն զգում են ինչպես Ասկերան քաղաքում, այնպես էր շրջանի տարբեր բնակավայրերում: Իսկ 72-ամյա Էվելինան իր բանիմացությամբ շարունակում է խորհուրդներ տալ արդեն որերորդ սերունդներին…
50 տարի համատեղ ապրած ամուսինները հպարտ են իրենց ապրած կյանքով ու դաստիարակած երեխաներով: Առանձնակի հպարտությամբ են խոսում մինուճար որդու՝ Նելսոնի մասին, որը մասնակցել է ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմներին: Նրանք կարողացել են տղայի մեջ հայրենասիրություն, կամքի ուժ սերմանել և այսօր, երբ որդին ծառայում է ԱՀ ՊԲ շարքերում, Ստեփանյան ամուսիններն ավելի հպարտ են ու հանգիստ:
Պետյա և Էվելինա Ստեփանյանների գերդաստանը հայկական օջախի ավանդապահության, արմատներին հավատարմության լավագույն օրինակ է: Նրանք ընտանիքի երջանկությունը փոխըմբռնման, զիջողականության և փոխադարձ վստահության մեջ են տեսնում:
Շնորհավոր ձեր տոնը, թող Արցախ աշխարհում շատ ու շատ ոսկե հարսանիքներ նշվեն, թող հավատարմությունը, սերն ու հարգանքը թագավորի բոլոր հայ օջախներում: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |