ԽՐԱՄՈՐԹՈՒՄ ՀՆՉԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ
01.09.2022 14:01

Սեպտեմբերի 1… Ամառային տոթակեզ արձակուրդներից հետո բազմաթիվ աշակերտներ կրկին պատրաստ են շարունակելու իրենց նավարկությունը գիտելիքների անվերջանալի ծովում։ Թերևս վախվորած են առաջին դասարանեցիները, ովքեր հակասական տրամադրությամբ են առաջին անգամ ոտք դնում դպրոցի կամարներից ներս։

Խրամորթում այսօր ուսումնական տարվա սկիզբն ավետող զանգը նախ և առաջ առհավատչյան է հայի անկոտրում կամքի և ոգու տոկունության։ Տունը տուն է երեխաներով, գյուղը` բնակիչներով։ Գյուղն այսօր տարբերվում էր մնացած օրերից։ Այստեղ այսօր իրական կյանք կար, հույս, հավատ և բազում սպասելիքներ…

Խրամորթի Գառնիկ Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոցի առաջին զանգին ներկա էր Ասկերանի շրջվարչակզմի ղեկավարի տեղակալ Վահագն Առստամյանը։

Տոնական միջոցառումը սկսվում է հանուն Հայրենիքի նահատակված անմահ հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգելով …

Դպրոցի տնօրեն Անուշ Գաբրիելյանը ողջունելով ներկաներին և շնորհավորելով դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվներին նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ, նշեց, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է մեծ նվիրումով կատարի իր գործը, որպեսզի կարողանանք պահպանել մեր ազգային ինքնությունը, իսկ որ Հայրենիքը սկսվում է դպրոցից անվիճարկելի է։ ՙՕրվա խորհուրդը պահպանելով` հաջողություններով լի ուսումնական տարի եմ մաղթում բոլորիս, և հույս հայտնում, որ դպրոցական ավետաբեր զանգի ղողանջը Խրամորթում այլևս չի ընդհատվի՚, - նշեց Ա. Գաբրիելյանը։

Աշակերտներն անթաքույց ուրախությամբ են կրկին եկել դպրոցի, իսկ վախվորած առաջին դասարանեցիների թոթովախոս արտասանությունները հայրենիքի, հարազատ գյուղի և դպրոցի մասին մաշտոցյան գիրը սերտելու և ավագ ընկերների գործը շարունակելու պատրաստակամության մասին էր խոսում։

Ցավալի է արձանագրել, որ երեք տասնմյակների ընթացքում Խրամորթը չորս անգամ հայտնվել է իր հայկականությունը կորցնելու վտանգի տակ, սակայն իր հայրենատեր ու աշխատասեր բնակիչների շնորհիվ կրկին ոտքի է կանգնել ու վճռականորեն տեր կանգնել իր հող ու ջրին։

Դպրոցի կազմակերպիչ Հասմիկ Անդրյանը ներկայացրեց 2021-22 ուսումնական տարվա ձեռքբերումները, նախանշեց նոր ուսումնականի անելիքները։ Անցած ուսումնականը դպրոցի համար դժվարին էր… Դպրոցում դասընթացների բնականոն ընթացքը խոչընդոտող բազմաթիվ խնդիրներն այժմ պատվով հաղթահարված են։ ՙԳրքի ու գիտելիքի հանդեպ հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը հայերին բնորոշող կողմերն են։ Գիտելիքը հազարամյակներ շարունակ եղել է մեր ժողովրդի ամենամեծ հարստությունը, իսկ գիտելիքի ձեռքբերման ձգտումը` գերագույն արժեքներից մեկը՚,- ասաց Հ. Անդրյանը` մաղթելով հետևում թողնել բոլոր դժվարությունները և նոր ուսումնականն սկսել նոր լիցքով ու թարմ ուժերով։

2021-22 ուսումնական տարվա միակ գերազանցիկ աշակերտ Տիգրան Ավանեսյանին դպրոցի տնօրենը պարգևատրեց ԿԳՄՍ պատվոգրով։

Հավատարիմ մնալով ձևավորված ավանդույթին այս ուսումնականին ևս առաջին դասարանցիները դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ ստացան համագյուղացի Հակոբ Ղահրամանյանից։ Իսկ առաջին դասարանցիների դասասենյակի կահավորման համար Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի կողմից խորհդանշական ցուցապաստառ նվեր ստացան։

Դպրոցականներին և համագյուղացիներին սրտի խոսք ասաց համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։ Արհավիրքները, որոնք տեսել է Խրամորթը չափազանց շատ են, ու, չնայած խրամորթցին միառժամանակ ծնկել է, սակայն կարողացել է կրկին մեջքն ուղղել ու ամուր կանգնել իր պապենական հողում։ Անդրադառնալով ժողովրդագրությանը` նա ակնածանքով նշեց, որ ժամանակ կար, երբ գյուղի դպրոցի մեկ դասարանում երեք տասնյակն անցնող աշակերտ էր սովորում։ Բարի և խաղաղ երթ մաղթելով նոր ուսումնականում` Զ. Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ բազմաթիվ արհավիրքներ հաղթահարած գյուղը հարատևելու է դարերի ընթացքում։

Առաջին զանգը հնչեցնելու իրավունքը վերապահվեց առաջին դասարանցիներին։

Տոնական տողանից հետո դպրոցի բարձր դասարանցիների հետ Ն զորամասի սպաներ Արսեն Քոչարյանն ու Վաչիկ Դանիելյանն արիության դաս անցկացրեցին։

Անահիտ Պետրոսյան

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter