ՆՈՐԱԳՅՈՒՂՑԻՆԵՐԻ ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ |
22.09.2022 10:15 |
Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՙԱրցախյան ազատամարտ՚ խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթի շրջանային փուլը, որին մասնակցում էին շրջանի Ասկերանի, Նորագյուղի, Իվանյանի, Խնապատի, Պատարայի միջնակարգ դպրոցների թիմերը։ Մինչ խաղակարգի բացատրությանն անցնելը միջոցառման կազմակերպիչ, կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Շամիրյանը ներկայացրեց օրվա խորհուրդը, թեմայի ընտրության անհրաժշտությունն ու կարևորությունը։ Երեք տասնամյակների ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով անցնելով` հաղթահարել ենք անհաղթահարելի թվացողը, ոտքի կանգնել ի հեճուկս ծանրագույն ժամանակաշրջանի մարտահրավերների։ Ականատես եղել մեր ազգի աննախադեպ միաբանությանն և միասնականությանը, որի շնորհիվ էլ հասել ենք պանծալի հաղթանակի… -Ցավոք, այսօր կրկին խաթարված է հայրենիքի անդորրը, կանգնած ենք պետականության կորստի վտանգի առջև, բայց ամեն ինչ չէ, որ կորած է։ Եվ էլ ով, եթե ոչ ձեր սերունդը նաև ասելիք ունի Արցախ աշխարհի հարատևության, Արցախը հայ պահելու գործում,- նշեց Գ. Շամիրյանը, հավելելով, որ հենց այս նպատակին է ծառայում ինտելեկտուալ խաղ-մրցույթը` պարզելու, թե ինչքանով է ներկայիս սերունդը տիրապետում Հայաստան և Արցախ աշխարհների նորագույն պատմությանը… Ներկաները մեկ րոպե հոտնկայս լռությամբ հարգեցին բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի նահատակված հերոս քաջորդիների հիշատակը։ Խաղի հարցաշարն ընդգրկում էր հարցեր Արցախյան շարժման, ՀՀ և ԱՀ պետական կառուցվածքի, արցախյան առաջին, քառօրյա և 44-օրյա պատերազմների, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի մասին։ Հարցաշարի հարցերին հստակ և գեղեցիկ շարադրված պատասխաններով, հավաքած միավորներով բացարձակ առաջատար էր Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցը, որը տարած համոզիչ հաղթանակով կմասնակցի հոկտեմբերի 4-ին մայրաքաղաք Ստեփանակերտում կայանալիք համանուն խաղի հանրապետական փուլին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |