8 գյուղ անցել է թշնամու վերահսկողության տակ, 646 ընտանիք` 2847 բնակչով անօթևան մնացել․ Ասկերանի բնակիչները շարունակում են հաղթահարել պատերազմի հասցրած աղետալի հետեւանքները․ ՖՈՏՈ |
14.10.2022 21:37 |
Հետպատերազմյան Արցախում կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում անվտանգային գործոնն առաջնային դերում է: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ակնա (Աղդամ) քաղաքի ու հարակից տարածքների կորստով Ասկերան քաղաքը հայտնվել է սահմանից 200-250 մետր հեռավորության վրա։ Թե ինչպես է այդ փաստը ազդել Ասկերանի բնակիչների վրա, ինչ անդառնալի կորուստներ է հասցրել պատերազմը, ինչպես են երկու տարի անց հաղթահարել պատերազմի հետեւանքներն այս եւ այլ հարցերի շուրջ էլ զրուցել ենք Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար ՀԱՄԼԵՏ ԱՊՐԵՍՅԱՆԻ հետ, ով նախ մտովի տեղափոխվեց դեպի 2 տարի անց այս օրերը․ -44 –օրյա աղետաբար պատերազմն անդառնալի կորուստներից զատ նաև տարածքային զգալի կորուստներ է պատճառել Ասկերանի շրջանին։ Այստեղ 8 գյուղ անցել է թշնամու վերահսկողության տակ, 646 ընտանիք` 2847 բնակչով անօթևան մնացել։ Ռազմական գործողությունների հետևանքով տուժել է 818 առանձնատուն, 15 համայնքային, 13 պետական սեփականություն հանդիսացող հասարակական և այլ նշանակության շենք-շինություն, որից 8 միջնակարգ ուսումնական հաստատություն և 2 նախակրթարան։ Թշնամու ագրեսիայի հետևանքով ոտնահարվել են 378 աշակերտի և նախադպրոցական տարիքի երեխաների միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքները։ Պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք շինությունների վերանորոգման-վերականգման աշխատանքները գրեթե ավարտված են։ Իսկ նոր բնակելի շենքերի և առանձնատների շինարարական աշխատանքները դեռևս ակտիվ փուլում են գտնվում։ Ներկայում մեր շրջանի տարածքում ընթանում են նոր թաղամասերի շինաշխատանքներ, որոնք ավարտելուց հետո կունենանք 1850-ից ավելի նոր բնակելի տներ` Ասկերան քաղաքում, Իվանյանում, Նորագյուղում, Այգեստանում, Խնածախում, Հովսեփավանում, Կարմիր գյուղում, Խաչմաչում, Քռասնիում և Աստղաշենում։ Այդ տները կառուցվում են ինչպես պետական, այնպես էլ առանձին բարերարների միջոցներով։ Այս պահին շրջանում ունենք տեղահանվածներ ինչպես մեր շրջանից, այնպես էլ հանրապետության տարբեր շրջաններից։ Նրանք ապահովված են ժամանակավոր կեցության նորմալ պայմաններով։ Կան նաև ընտանիքներ , որոնք արդեն ստացել են իրենց հասանելիք բնակելի տները` մշտական բնակության համար։ Այժմ Ասկերանի շրջանն ավելի շատ բնակիչ ունի, քան պատերազմից առաջ էր։ Ցավոք, բռնի կերպով տարահանված և հարկադրաբար մեր շրջանում բնակություն հաստատած բնակիչների հաշվին… -Պարոն Ապրեսյան, մենք գիտենք, որ Հովսեփավանի համայնքի վարչական տարածքում կառուցվում են նոր թաղամասեր, ե՞րբ է ավարտին հասցվելու շինարարություն եւ որքա՞ն բնակիչ արդյունքում կարող է նոր բնակարան ձեռք բերել: -Շինարարական ակտիվ աշխատանքներ ներկայում ընթանում են շրջանի մի քանի համայնքների վարչական տարածքներում։ Աշխատանքների մի մասն արդեն ավարտված են, մի մասն էլ գտնվում են ավարտական փուլում։ Ընդհանրապես Հովսեփավանում, որտեղ կառուցվում է 169 բնակելի տուն, նախատեսվում է շինարական աշխատանքներն ավարտին հասցնել 2023 թվականին։ Արդյունքում ունենալու ենք գեղեցիկ և բարեկարգ առանձին թաղամասեր` կոմունալ հարմարություններով ապահովված բնակարաններով, հողամասերով։ Կան առանձնատներ, որոնց հարակից տարածքներում հնարավորություն է ընձեռվելու բնակիչներին զբաղվել նաև անասնապահությամբ։ -Ինչո՞վ են զբաղվում հիմնականում տեղի բնակչությունը: -Շրջանի բնակչությունը հիմնականում զբաղված է գյուղատնտեսությամբ։ Քանի որ, շրջանին պատկանող հողատարածքների զգալի մասը մնացել է թշնամու տիրապետության տակ, շրջանում լայն թափով սկսել ենք զարգացնել ջերմոցային տնտեսությունը։ Այս ուղղությամբ ևս բացի պետական աջակցության ծրագրերից ունենք նաև բարեգործական ծրագրեր, որոնք նպաստում են նշված ճյուղը զարգացնելուն, ինչու չէ նաև բերքի ու բարիքի բազմազանություն ստեղծելուն։ Նպատակը մեկն է` ունենալ պարենային պաշարների այնպիսի խմբաքանակ, ինչը թույլ կտա մեզ նույնիսկ արտահանել բերքը։ -Եվ վերջում, որն՞ է Արցախը հայկական պահելու Ձեր բանաձեւը: -Արցախը հազարամյակներով եղել է հայկական և պետք է մնա հայկական։ Արցախն հայկական պահելու իմ բանաձևը շատ պարզ ու հստակ է. Մեզ միասնականություն և համախմբում է անհրաժեշտ առանցքային հարցերի շուրջ, քանի որ ցանկացած հարցի լուծում, ինչպիսին էլ այն բարդ ու խրթին լինի, նախևառաջ, կախված է դրա շուրջ միավորումից` կոնսոլիդացումից։ Համախմբված պետք է լինենք և՛ խնդիրների, և՛ նպատակների շուրջ։ Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
|