ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ը ԱՐՑԱԽԻ ՓՐԿԱՐԱՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆ ՕՐՆ Է
31.10.2022 15:06

Փրկարար` մասնագիտություն, որը կոչված է փրկելու ամենավտանգավոր տեղերից, պաշտպանելու արտակարգ պատահարների և իրավիճակների ժամանակ …
Փրկարարների մասնագիտական տոնի և կառույցի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն այցելել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին, հանդիպել բաժնի աշխատողներին։ Շրջվարչակազմի ղեկավարը բարձր է գնահատել բաժնի յուրաքանչյուր աշխատողի նվիրական ծառայությունը, ինչի առիթով Համլետ Ապրեսյանը բաժնի պետ Արամ Ասրյանին է հաձնել պատվոգիր` շրջանում արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքելու, վթարափրկարարական աշխատանքների ու բնակչության պաշտպանվածության բարձր մակարդակ ապահովելու և կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում վարչակազմի ղեկավարը կարևորել է արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի աշխատողների նվիրվածությունը, անդրադարձ կատարել կառույցի անցած դժվարին ուղուն, հերոսական անցյալին…
-Հերոսական դրվագներով ու ծանրագույն փորձություններով լի ուղի է անցել արցախցի փրկարարը։ Եվ արդեն 30 տարի է, ինչ Արցախի Հանրապետությունն ունի միջազգային ճանաչում ունեցող, հասարակության կողմից սիրված, հարգված և վստահելի կառույց` արտակարգ իրավիճակների պետական ծառայություն։ Բազմաթիվ փորձություններ հաղթահարվել են ծառայության բանիմաց և հմուտ ղեկավարության շնորհիվ։ Փրկարարների շարքերը պարբերաբար համալրվել են նոր մասնագետներով, նվիրյալ մարտիկներով, ովքեր միշտ շտապում են այնտեղ, որտեղ իրենց կարիքն ամենից շատն է զգացվում, որտեղ անվտանգ չէ սեփական կյանքի համար…
Կազմավորումից ի վեր արցախցի փրկարարը բազմաթիվ փորձությունների միջով է անցել, հաղթահարել բազում դժվարություններ։ Անփոխարինելի էր փրկարարի դերն ու նշանակությունը մանավանդ պատերազմական տարիներին։ Իրենց կոչմանն ու մասնագիտությանը հավատարիմ բազմաթիվ փրկարարներ հաճախ նաև կյանքի գնով են իրականացրել իրենց վեհ առաքելությունը։
Փառք ու խոնարհում Հայրենիքի նվիրյալ անմահ փրկարարներին…
Հարգանք և պատիվ այս դժվարին ժամանակներում ծառայություն իրականացնողներին…
Ի դեմս Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի աշխատողների շնորհավորում եմ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով մասնագիտական բազմաթիվ հաջողություններ, անվտանգ և խաղաղ ծառայություն,- մասնավորպես նշել է Հ. Ապրեսյանը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter