ԱՍԿԵՐԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է
09.11.2022 12:47

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն այսօր մասնակցել է ՙԱսկերանի զարգացման կենտրոն՚ հասարակական կազմակերպության գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը։ Կազմակերպությունը գործունեության 1 տարվա ընթացքում կարողացել է դառնալ ՙԵվրասիական համագործություն՚ հիմնադրամի շահառու, որի ֆինանսական աջակցությամբ էլ շրջանում իրականացվել է ՙՀզոր կանայք, հզոր համայնք՚ ծրագիրը։ Ծրագրից օգտվել են շուրջ երկու տասնյակ կանայք` շրջանի տարբեր բնակավայրերից։
Նորաստեղծ կազմակերպության հասցեին շնորհավորանքի, բարեմաղթանքի ու շրջանում բեղմնավոր գործունեություն ծավալելու խոսքեր են հնչել ներկաների կողմից։ Ելույթ ունեցողները նաև վստահություն են հայտնել, որ քանի որ նման գրասենյակ ունենալու նախաձեռնության հեղինակի և մտահղացման իրագործող անձի ետևում Ալլա Արզումանյան ուժեղ կինն է կանգնած, ուրեմն բավականի ծրագրեր են այստեղ կյանքի կոչվելու, որոնք միտված են լինելու հարազատ համայնքի, շրջանի, հետևաբար` Արցախի Հանրապետության հզորացմանը։
Շրջվարչակազմի ղեկավարը կարևորել է այն հանգամանքը, որ շրջկենտրոնում գործում է նման զարգացման կենտրոն, որտեղ ստեղծված են բարենպաստ պայմաններ, որպեսզի շրջանի կանայք կարողանան իրականություն դարձնել իրենց մտահղացումները, և սիրած զբաղմունքը վերածել բիզնեսի։ Չէ, որ ինչքան հզոր է համայնքը, այնքան ամուր են պետության հիմքերը։ Իսկ Ասկերանը, դեռևս արցախյան առաջին ազատամարտի տարիներից է իրեն դրսևորել որպես անառիկ դարպաս և ամրոց։ Եվ պատահական չէ, որ կանայք այստեղ կոտրում են բոլոր կարծրատիպերը` ինչքան փխրուն են էությամբ, նույնքան ամուր են կամքով, անսասան` ոգով…
Համլետ Ապրեսյանը հաջողություններ և բարի երթ է մաղթել կազմակերպությանը` ի շահ համայնքների հզորացման և Արցախ աշխարհի հարատևության։
Միջոցառմանը մասնակցում էին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը, զարգացման կենտրոնի հոգսերով ապրող անհատներ, հյուրեր մայրաքաղաք Ստեփանակերտից։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter