100 ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՄԵԼԻՔՆԱԻՍՏ ԱՎԵՏԱՐԱՆՈՑՈՒՄ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ |
11.11.2022 17:28 |
Օրերս ծննդյան 99-ամյակն է նշել Ասկերանի շրջանի ամենաերկարակյաց բնակչուհի Արաքսյա Խաչատրյանը` Ավետարոնցի համայնքից։ Ճակատագրի բերումով հարյուրամյակի շեմին Արաքսյա տատիկը հայտնվել է կյանքի, թերևս ամենդառը ու ամենադաժան հորձանուտում։ Ու հայրենական, ապա նաև Արցախյան առաջին ազատամարտը պատվով հաղթահարած Արաքսյա Խաչատրյանն այսօր առավել քան երբևէ փափագում է կրկին շրջել հայրենի գյուղի հարազատ փողոցներով… Կյանքի երկու դաժան տարիներն իսկական փորձություն էին, սակայն վշտից չմթագնեց նրա մտքի պայծառությունը… Ցանկությունը մեկն է, ու այն անփոփոխ է… Առայժմ նրա մտքերն են թևեր առած ճախրում հարազատ բնօրրանում... Վիշտը հաճախ ստիպում է մարդուն լինել ավելի տոկուն ու դիմացկուն։ Այդպիսին է նաև իմ հերոսուհին։ Նրա ապրելու ցանկությունը մեծ է առավել քան երբևէ… Կիսատ մնացած գործեր շատ մնացին, մելիքանիստ ծննդավայրի համ ու հոտից չի կշտացել… -18 տարիս դեռ չէի բոլորել, երբ զորակոչվեցի խորհրդային բանակ` ֆաշիստական Գերմանիայի դեմ կռվելու։ Կռվելով հասել եմ մինչև Բեռլին։ Պարգևատրվել գերատեսչական ամենատարբեր մեդալներով, շնորհակալագրերով, պատվոգրերով։ Մեր մեծ հայրենիքը ազատագրված էր թշնամուց և թվում էր, թե մեծ հայրենականին մասնակցած բազմաթիվ արցախցիների ներդրումն ըստ արժանվույնի կգնահատվի, սակայն այդպես չեղավ…,- մի պահ կտրվում է Արաքսյա տատիկի միտքի թելը, ով գիտե` այդ պահին ուր հասան նրա հիշողությունները… Ապա դառնալով զրուցակիցներին ուղիղ հարցով դիմում` ե՞րբ ենք մեր գյուղ վերադառնալու… Կյանքի ոլորանները որքան հեռու են տարել Արաքսյա Խաչատրյանին, այնքան սերն առ հայրենիք սաստկացել է… Այդպես էր, երբ ապրում էր հայակերտ Բաքու քաղաքում, հետո կյանքի անիվը տարավ հեռավոր Ռուսաստաններ, սակայն Հայրենքի կարոտը նրան կրկին բերեց ծննդավայր։ Այստեղ էլ խոր արմատներ ձգեց, ընտանիք կազմեց` ապրեց հային վայել… 99 ամյակը հատած Արաքսյա տատիկի միտքը պայծառ է, հոգեպես առույգ, ձգտումներն ու նպատակները միմիայն ծննդավայր Ավետարանոցի հետ կապված։ Ֆաշիզմի դեմ անհավասար մարտ մղած և հաղթանակած Արաքսյա տատիկն այսօր չի կարողանում ներել այն թերություններն ու բացթողումները, որոնք պատճառ դարձան մեր հազարամյա պատմության տխրագույն, ու թերևս, ամենաամոթալի էջի, ու բերեցին մեզ նման հանգրվանի։ -Ողջ կյանքս ապրել եմ խղճիս թելադրանքով, բարություն եմ արել, եթե չեմ կարողացել օգնել գործով, օգնել եմ բարի խոսքով։ Ու այսօր իմ արած բարությունն ինձ է վերադառնում։ Տարվա բոլոր օրերը ծննդյան տոն է ինձ համար, շրջապատված եմ երեխաներիս, թոռներիս, ծոռներիս սիրով, հոգատարությամբ ու ջերմությամբ,- ասում է Արաքսյա տատիկը ու մտով տեղափոխվում ոչ այնքան հեռավոր անցյալ, հայրենի գյուղ, ուր ամեն մի մանրուք կյանք էր ու գարուն… Ասկերանի շրջանի միակ ՀՄՊ վետերանը ծննդյան հերթական տարեդարձի կապացությամբ շնորհավորանքներ և նվերներ է ստացել Արցախի Հանրապետության նախագահի կողմից։ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը Ավետարանոցի համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Արաքսյա Խաչատրյանին, հետաքրքրվել նրա առօրյա կյանքով, հավաստիացրել, որ նրանց հոգսերը գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։ -Ավետարանոցի մյուս երկարակյաց կինը վաստակաշատ մանկավարժ Անյա տատիկն է, ով ամիսներ առաջ է բոլորել 99-ամյակը։ Նրան նույնպես այցելել և շնորհավորել ենք ծննդյան հերթական տարեդարձի կապակցությամբ։ Հենց Անյա և Արաքսյա տատիկներն էլ մեր ապրելու և արարելու խորհրդանիշներն են, որոնցով հպարտ ենք մենք և Ավետարանոցը,- ասում է համայնքի ղեկավար Սմբատ Մադաթյանը` հավելելով, որ սերտ է կապը համայնքի մյուս բնակիչների հետ... Մխիթարանքի խոսքեր գտնելը դժվար է, առավել դժվար ստույգ պատասխանել բազմաթիվ անգամներ կրկնվող հարցին` ե՞րբ ենք վերադառնալու Ավետարանոց… Մաղթանքները Արաքսյա տատիկին ամենասրտաբուխը, ամենաանկեղծն ու ամենացանկալին են, տա՛ Աստված 100 ամյա հոբելյանդ դիմավորես մելիքանիստ Ավետարանոցում… Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |