ԱՀ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՅՑՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ
06.12.2022 10:19

ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը պաշտոնավարման 32-րդ օրն աշխատանքային այցով Ասկերանում էր, որտեղ շրջվարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում շրջանի պատասխանատուների հետ։
Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը ողջունելով ներկաներին` շնորհակալություն հայտնեց Ռուբեն Վարդանյանին` նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար, ինչը հնարավորություն կընձեռնի շրջանում առկա հիմնախնդիրները վեր հանելու, դրանք առաջնահերթության կարգով առանձնացնելու համար։ Այնուհետև, Հ. Ապրեսյանը շրջանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին համառոտ տեղեկություններ հաղորդեց։
Ներկաներին ողջույնի խոսք հղեց պետնախարարը` առաջնահերթ և կարևորագույն խնդիրների շարքում առաձնացնելով անվտանգությունը` մանավանդ ձմեռային դժվարին ժամանակաշրջանում, երբ թշնամին տարբեր տեսակի սադրանքների և ոտնձգությունների է գնում` այդպիսով փորձելով ընկճվածություն և վախի մթնոլորտ ստեղծել Արցախում։ Ռուբեն Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ փոխհամագործակցության արդյունքում ցանկալի արդյունքների կհասնենք Արցախը շենացնելու ծրագրերում։ Ուստի, պետք է առանձնացվեն առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, որտեղ առանձնահատուկ տեղ է հատկացվում անվտանգությանը։
-Կարևոր է, որպեսզի մարդկանց մոտ իշխի արդարության զգացողությունը, ինչը դժվարին գործընթաց է, բայց ոչ անհնարին։ Իհարկե դժվարություններ, խոչընդոտներ լինելու են, խնդիրները` մանավանդ հետպատերազմական շրջանում, չափազանց շատ են։ Ամեն ինչ մեզանից է կախված, մեր գործելաոճից։ Պետք է վստահենք մեր ուժերին, համախմբվենք, բռունցքվենք մեկ նպատակի շուրջ և շարունակենք մեր պայքարը հանուն արդարության վերականգնման,- նշել է պետնախարարը։
Համայնքներում առկա հիմնախնդիրների, երկրում տիրող իրավիճակի մասին մտահոգություններով կիսվեցին Խանցքի, Նորագյուղի, Կարմիր գյուղի, Աստղաշենի և Վարդաձորի համայնքների ղեկավարները։ Որոշ հարցեր իրենց պատասխանները գտան հենց քննարկման ընթացքում։ Պետնախարարը վստահեցրեց` աշխատելու են բացկարծության, թափանցիկության և արդարության սկզբունքներով, անելու են հնարավոր ամեն ինչ Արցախի լուսավոր ապագան քայլ առ քայլ մոտեցնելու համար։


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter