ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ը ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է |
07.12.2022 12:40 |
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը` տեղակալների և բաժինների վարիչների ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել շրջանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում տեղադրված հուշախաչքերին` ի հիշատակ 1988-ի աղետալի երկրաշարժի զոհերի։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 11 անց 41 րոպեին, հազարավոր հայերի համար ժամանակն ընդմիշտ կանգնեց, իսկ Հայաստանի նորագույն պատմության մեջ արձանագրվեց ամենատխուր էջերից մեկը՝ տասնյակ հազարավոր կյանքեր խլած սարսափելի երկրաշարժ: Էպիկենտրոնից հարյուր կիլոմետր հեռավորությամբ բնակվողներն անգամ զգացին, որ աղետալի ինչ-որ բան է կատարվում: Սակայն արհավիրքի իրական ծավալները պատկերացնելու համար պետք էր տեսնել Գյումրին, Սպիտակը և տասնյակ այլ բնակավայրեր ցնցումներից րոպե հետո: Վնասի գոտու մակերեսը 10000 կմ քառակուսի էր‚ որտեղ ապրում էր 1 միլիոն բնակիչ, ավերվեցին 11 քաղաք և 58 գյուղ, տուժած քաղաքների թիվը 21 էր, գյուղերինը՝ 342: Զոհերի թվով երկրորդ տեղում Սպիտակն էր, որտեղ 18500 բնակչից կյանքից զրկվել էին 4000-ը: Քանի որ էպիկենտրոնը հենց Սպիտակի մոտ էր՝ Նալբանդ գյուղում, այստեղ բնակչության առավել մեծ տոկոսը զոհվեց: Երկրաշարժից կրած կորուստները Հայաստանի համար իսկապես անդառնալի էին: Բացի մարդկային կյանքերից, երկրաշարժը հաշմանդամ դարձրեց 50 հազար մարդու: Ավելի քան 500 հազար մարդ մեկ օրում դարձավ անօթևան: Միայն Գյումրիում անօթևան ընտանիքների թիվը հատում էր 22 հազարը: Հենց այդ ժամանակ էլ քաղաքը լցվեց այսպես կոչված տնակներով, և ցավով ենք արձանագրում, որ մինչև հիմա Գյումրին ամբողջությամբ չի ձերբազատվել դրանցից: Համաշխարհային բանկի 2017 թվականի գնահատմամբ՝ նյութական ուղիղ կորուստները կազմել են 15-20 միլիարդ դոլար: Երկրաշարժը նաև փաստացի վերացրեց կամ զգալի վնասեց տնտեսական ներուժը՝ ավերելով 157 արդյունաբերական ձեռնարկություն, որտեղ աշխատում էր 82 հազար մարդ: Երկրաշարժի պատճառով վնասվեց Հայաստանի բնակֆոնդի 17 տոկոսը: Իրավիճակը քաղաքներում երկրաշարժի առաջին օրերին անվերահսկելի էր և նման էր ապոկալիպտիկ ֆիլմերի կադրերին: Մարդիկ փորձում էին ամեն գնով փրկել կամ գոնե գտնել հարազատների մարմինները՝ մինչև վերջ չհավատալով եղելությանը: Ստեղծվեց մի իրավիճակ, երբ հաջողություն էր համարվում հարազատի դին գտնելը: Սպիտակի երկրաշարժն առանց չափազանցության ցնցեց ամբողջ աշխարհը: Առաջինն աղետի գոտի հասան հարակից շրջանների բնակիչները: Հազարավոր մարդիկ օրեր շարունակ, շատ ժամանակ դատարկ ձեռքերով փորձում էին փլատակների տակից հանել ողջ մնացածներին: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ:
|