ԱՀ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
19.12.2022 16:27

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներ է ունեցել հանրապետության Մարտակերտի և Մարտունու շրջանի բնակիչներին հետ` Արցախում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի թելադարանքով։

Դեկտեմբերի 19-ին նմանատիպ հանդիպման նպատակով Ասկերան մեկնած ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարած պատվիրակությանն ընդունեց վարչակազմի

ղեկավար Համլետ Ապրեսյանը, ում ուղեկցությամբ էլ հյուրերը ծաղիկներ են խոնարհել շրջանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։

Շրջանի պատասխանատուների և  բնակիչների հետ տեղի ունեցած հանդիպմանը Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է թշնամու կողմից արդեն ութ օր շրջափակման մեջ գտնվող Արցախի հիմնախնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Արդարությունն ու թափանցիկությունը հենց այն սկզբունքներն են, որոնցով առաջնորդվում է կառավարությունը` երկիրն առաջ տանելու գործում։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է մեկ անգամ ևս փաստել, որ ցանկացած խնդրի լուծում կախված է  դրանց շուրջ մեր համախմբվածության աստիճանից, քանի որ անտարբերությունն ամենավտանգավոր երևույթն է, իսկ սեղանին դրված է արցախահայության արժանապատվության հարցը` Արցախը հայկական պահելը։

-Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Արցախը լինի անկախ, հայկական, և մենք ունենանք անվտանգ ապագա։ Այն, ինչ հնարավոր է անել այդ նպատակին հասնելու համար՝ անելու ենք։ Եկեք հասկանանք, որ մեր միակ նպատակն Արցախը պաշտպանելն է, այս իրավիճակից դուրս գալու ելքեր ստեղծելը։ Դրա համար մենք աշխատում ենք և՛ ՄԱԿ-ի, և՛ Ֆրանսիայի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի հետ։ Մեր ամենակարևոր նպատակին հասնելու՝ Արցախը պահպանելու ու զարգացնելու համար պետք է օգտագործենք բոլոր միջոցներն ու գործիքները,- հավաստիացրել է պետնախարարը։

Ներկաները հնչեցրել են հանրության մեծ մասին մտահոգող հարցեր` ակնկալելով նախ Արցախն ապաշրջափակված տեսնել, այնուհետև աստիճանաբար լուծումներ տրվեն արցախահայության համար կենսական նշանակության հարցերին։

Ռուբեն Վարդանյանը գոհունակությամբ է արձանագրել ասկերանցիների, ինչպես նաև մյուս շրջանների բնակիչների միասնականության և նրանց պատրաստակամության, առանց դժվարությունների առջև ընկրկելու պայքարի ելնելու փաստը` հանուն Արցախում ապրելու իրենց կենսական իրավունքի:

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter