ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ՝ ՇՐՋԱՓԱԿՈՒՄՈՎ, ԻՍԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՈՆ ՊԱՐԳԵՎԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է |
30.12.2022 21:17 |
Մանուկները մեր կյանքն ու ապրելն իմաստավորողներն են, որոնց բարեկեցությանն ու անհոգությանն են ուղղված մեծերիս ջանքերը։ Սովորական ու այս օրերին նույնիսկ որքան որ տխուր ու անիմաստ են դարձել ամանորյա տոները մեծերիս, նույնքան սպասելի, հրաշքներով ու անակնկալներով լի պահանջ ու սպասելիք է երեխաների համար։ Շրջափակումը՝ շրջափակումով, իսկ երեխաներին տոն պարգևելը բոլորիս պարտքն է։ Այս նկատառումներից ելնելով էլ Ասկերանի քաղաքապետարանը տարեվերջի օրերին որոշում է կայացրել հարազատ քաղաքի մանուկների սպասելիքներն արդարացնել և ամանորյա տրամադրություն պարգևել նրանց։ Ի՞նչ չես անի հանուն երեխաների, նրանց աչքերում երջանկության մի փոքր նշույլ անգամ տեսնելու համար… Ասկերանի կենտրոնական պուրակում նախապես զարդարված տոնածառի շուրջ հավաքվել են Ասկերանի ամենաերջանիկները։ Նրանց նախատոնական օրը հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու պարտավորությունը ստանձնել են Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, քաղաքապետ Հայկ Շամիրյանը, իսկ տոնական ծրագրի իրագործումը հանձնառել` ՙՓախստականների միություն հանուն արդարության՚ ՀԿ երիտասարդները։ Էլ ի՞նչ Նոր տարի առանց ամանորյա նվերների։ Այս մասին հոգ են տարել Ասկերանի հոգսերով ապրող և բարեհոգի ու պարտաճանաչ քաղաքացիներ Սասուն Բարսեղյանը, Ինգա Բաբայանը, Մանվել Պետրոսյանը, Միքայել Բադալյանը… -Չնայած Արցախը շրջափակման մեջ է և փակ կյանքի միակ ճանապարհը` մեր սրտերում եղած լույսով, հույսով և ջերմությամբ ուզում ենք Ամանորի հրաշալի տոն պարգևել մեր փոքրիկ ընկերներին։ Հուսանք, դժվարություններով և փորձություններով անցած 2022-ից քաղած դասերը, արձանագրած ձեռքբերումները գալիք տարում նոր ուժով և ոգևորությամբ աշխատելու, արարելու հնարավորություն կտան բոլորիս: Ամանորին ընդառաջ միշտ հույսով ու հավատով սպասում ենք, որ կիրականանան ամենանվիրական երազանքները։ Ուզում ենք հավատացնել և հավատալ ինքներս մեզ, որ Ամանորի հրաշքը վերացական մի ինչ-որ բան չէ, այլև դիմացինիդ երջանկացնելու հրաշալի առիթ,- ողջունելով ներկաներին ասում են Սնեժանան ու Լանան` վստահեցնելով, որ երկրի ապագան` լավ, թե վատ կախված է լինելու նրա երիտասարդներից, ապագայի հանդեպ նրանց տեսլականներից։ Ապա շարունակում փոքրիկներին ուրախության րոպեներ պարգևելու իրենց ծրագիրը, որտեղ տեղ են գտել ազգային երգն ու պարը` Յուլյա Հայրապետյանի թովիչ ձայնով, Ասկերանի և Նորագյուղի արվեստի դպրոցի սաների, ՙԲերդ՚ համույթի գեղեցիկ կատարումներով։ Շուտով եկան նաև տոնի ամենասպասված և ամենապահանջված հյուրերը` Ձմեռ պապն ու Ձյունանուշը, մուլտհերոսները` երեխաների ուրախությանը նոր բովանդակություն հաղորդելով։ Գեղեցիկ ու անկրկնելի տեսարան էր. իրականությունից կտրված մի խումբ երեխաների սրտում հեքիաթային տրամադրությունն է իշխում։ Անթաքույց ուրախությունն է համակում` տեսնելով այդքան երջանիկ աչքեր… Գաղտնիք չէ, որ անկախ տարիքից բոլորս մեծ հույսեր ու երազանքներ ենք կապում գալիքի հետ, հավատում բարու հաղթանակին… Թող 2023-ի գալը բարի լինի Արցախիս համար, նորոգվեն մեր վիրավոր սրտերը և ապագայի հանդեպ անսասան հույս ու հավատով լցվեն բոլորիս հոգիները։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |