ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՄԼԵՏ ՍԼԱՎԱՅԻ ԱՊՐԵՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ |
31.12.2022 11:57 |
Սիրելի՛ հայրենակիցներ. Շուտով հրաժեշտ կտանք հին տարուն և Նոր` 2023 թվականը մուտք կգործի մեր կյանք։ Ամեն անցնող տարվա հետ մենք ի մի ենք բերում մեր հաջողություններն ու ձեռքբերումները, նախանշում բացթողումները, դրանց ուղղությամբ աչալրջություն ցուցաբերելու և հետագայում շտկելու համար։ Անցնող տարին նշանակալի է եղել Ասկերանի շրջանի համար։ Բազմաթիվ խնդիրներ և հիմնահարցեր գտել են իրենց դրական լուծումները։ Մի շարք խնդիրներ լուծելու ուղղությամբ էլ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։ Իրականացրած աշխատանքների շարքում ուզում եմ առանձնացնել շրջանի տարածքում ընթացող լայնածավալ բնակարանաշինական աշխատանքները, որոնց ավարտով բազմաթիվ մեր հայրենակիցներ կապահովվեն բնակարաններով։ Հավատացած եղեք, որ անցնող և հաջորդող բոլոր տարիներին շրջանի պատասխանատուների համար եղել և մնալու են բնակիչներին մտահոգող խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը։ Հարգարժան հայրենակիցնե՛ր, այս օրերին մեր առջև ծառացած բազմապիսի մարտահրավերներին արժանապատվորեն դիմակայելու և բոլորիս երազած Հայրենիքը կառուցելու համար պետք է ապավինենք մեր բազկի ուժին, հոգու ու մտքի զորությանը, որոնք առ ոչինչ են առանց մեր ներքին միասնականության ու միաբանության։ Հայրենակիցնե՛ր, հարափոփոխ այս կյանքում ոչինչ հավերժ չէ, բացի Հայրենիքից և վեհ ու վսեմ այն արժեքներից, որն իր մեջ կրում է իսկական հայրենասեր արցախցին, հայը։ Դժվարին է մեր անցնելիք ճանապարհը, բայց ոչ անիրատեսական։ Մեզ բախտ է վիճակվել ապրել պատմական մի ժամանակաշրջանում, որը ճակատագրական նշանակություն է ունենալու հայի լինելիության, հարատևության, սերունդներին արժանապատիվ ապագա կտակելու գործում։ Ուրեմն, բռունցքվենք ու միաբանվենք այսօր առավել քան երբևէ և Նոր Տարվա հետ հոգեպես նորոգվելով` առաջ շարժվենք դեպի մեր երազած Հայրենիքի կառուցում… Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ` մաղթում եմ, որպեսզի 2023 թվականը բարեբեր տարի լինի յուրաքանչյուր հայի համար, և դրվի հիմքը մեր ամուր պետականության։ Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ…
|