ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ. ՇՐՋԱՓԱԿՈՒՄ ՕՐ 50-ՐԴ
31.01.2023 10:20

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով Ասկերանի շրջանում հետաձգվել են գյուղատնտեսական աշխատանքները, կրճատվել է հասարակական տրանսպորտի ժամանակացույցը: Այս մասին  մեզ հետ հարցազրույցում տեղեկացրեց շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:

-Պարոն Ապրեսյան, ինչպե՞ս եք հաղթահարում արդեն 50 օր շարունակվող շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում առկա սուղ հնարավորություններով իրավիճակը որոշակի թեթևացնելու ու կանոնակարգելու համար:

-Գաղտնիք չէ, որ թշնամու կողմից շրջափակման մեջ հայտնված Արցախի Հանրապետության տնտեսության բոլոր ճյուղերը կաթվածահար են եղել առաջին օրերից։ Խոսքը ոչ միայն հումանիտար խնդիրների մասին է, այլև` արցախահայության մի շարք հիմնարար իրավունքների խախտումների ու հոգեբանական ճնշումների։

Գյուղատնտեսության ոլորտում, ըստ ժամանակացույցի, կատարվելիք աշխատանքները` կապված վառելիքի բացակայության հետ, հետաձգվել են։ Արդյունքում 2023 թվականի բերքի տակ աշնանացանի աշխատանքները չեն իրականացվել կամ իրականացվել են ոչ լրիվությամբ։ Աշխատում ենք խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան, իսկ պետական ապարատի աշխատանքային գրաֆիկը վերջին օրերին հարմարեցվում է  հովհարային անջատումների հետ։

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով առաջացած իրավիճակը` 2022 թվականի դեկտեմբերի 14-ից շրջանում ստեղծվել է օպերատիվ շտաբ` բնակիչներին հուզող և անհանգստացնող հարցերին արագ արձագանքելու նպատակով։

-Ինչպե՞ս է ընթանում հունվարի 20-ից ներդրված կտրոններով պարենամթերքի ձեռքբերման գործընթացը: Շրջանի բնակիչներին անհրաժեշտ քանակի պարենամթերքով ապահովելու մատակարարվող խմբաքանակը բավարարո՞ւմ է, արդյոք, և ի՞նչ առկա խնդիրներ կան:

- Կտրոններով պարենամթերք ձեռքբերելու գործընթացը շրջանում շարունակվում է։ Ասկերան քաղաքում բացվել է սննդամթերքի ձեռքբերման համար կտրոնների տրամադրման սպասարկման երկու կետ, որտեղ աշխատանքները դեռևս շարունակվում են՝  առկա թերությունները վերացնելու և վերջնական տեսքի բերելու նպատակով։ Շրջանի առևտրատնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտներին առաքվել է կտրոններով տրամադրվող պարենամթերքի խմբաքանակը՝ իրացումը կատարվում է առանց խոչընդոտների: Այս ընթացքում  բրնձի որակի հետ կապված հարցեր են առաջացել, սակայն կարճ ժամանակամիջոցում համապատասխան գերատեսչության կողմից այն լուծվել է։

-Պարոն Ապրեսյան, ջեռուցման խնդրով պայմանավորված դադարեցվել էր կրթական հաստատությունների աշխատանքը: Ինչպե՞ս է կազմակերպվում դպրոցների ու մանկապարտեզների պետական կառույցների գործունեությունը՝ էլէկտրաէներգիայի հովհարային անջատումների և գազամատակարարման հաճախակի խափանման բացակայության պայմաններում:

- Ադրբեջանի կողմից բնական գազի հաճախակի արգելափակումը լրացուցիչ դժվարություններ է առաջացրել, առանց այն էլ ոչ ստանդարտ իրավիճակում հայտնվածներիս համար։ Թշնամու կողմից գազատամատակարարումը խափանելուց օրեր անց շրջանի հանրակրթական դպրոցներում ժամանակավորապես կասեցվել է դասապրոցեսը։  Մանկապարտեզների աշխատանքն ավելի վաղ էր դադարեցվել` սննդամթերքի բացակայության պատճառով։ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի, բնական գազի, էլեկտրաէներգիայի պարբերական խոչընդոտներ ստեղծելու և իրականացվող հայահալած քաղաքականության պատճառով արդեն երրորդ տարին է, ինչ մեր երեխաները պարբերաբար զրկված են միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներից, այդ թվում՝ կրթության։

-Արցախի շրջափակմամբ պայմանավորված ի՞նչ ծրագրեր են կասեցվել:

-Աշխատում ենք առկա ռեսուրսներն օգտագործել գերխնայողաբար։  Հարկ է նշել, որ կառավարության որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 14-ից հանրապետության տարածքում դադարեցված է վառելիքի ազատ վաճառքը։ ԱՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 16-ի համապատասխան որոշմամբ վառելիք ձեռքբերելու հատուկ կարգ է սահմանվել, որով և առաջնորդվում ենք՝ ստացած ռեսուրսներն էլ ուղղվում են առաջնահերթություններին: Ասկերան-Ստեփանակերտ երթուղայինը եթե նախկինում աշխատում էր ամեն կես ժամը մեկ, ստեղծված իրավիճակում դարձրել ենք ժամը մեկ, գյուղական բնակավայրերում ևս խտացվել է երթևեկի ռեժիմը։ Ճիշտ է, բնակիչների պահանջարկը չի բավարարում, բայց սահմանափակ վառելիքի պատճառով այլ տարբերակ չունենք։

-Հիվանդանոցների ջերմային ռեժիմին նաև անդրադառնանք, ի՞նչ եղանակով եք այն կազմակերպում:

-Ասկերանի  շրջանային հիվանդանոցի ջերմապահովումը, մինչև շրջափակումն էլ իրականացվել է վառելափայտով, քանի որ հիվանդանոցը վերանորոգման  կարիք ունի և  չունի կաթսայատուն։ Շրջանի համայնքներում գործող բուժկետերի մեծամասնության ջեռուցումը ևս իրականացվում է վառելափայտով, այս առումով գոնե ապահովված ենք: Բնական գազի միջոցով ջեռուցվող օբյեկտներում անցել են էլեկտրաջեռուցիչների օգտագործմանը։

-Պարոն Ապրեսյան, Արցախի շրջափակումը շարունակվում է, ըստ Ձեզ ինչպե՞ս կարող ենք առկա իրավիճակը հաղթահարել և խնդիրները նվազագույնի հասցնել:

-Մենք այլ տարբերակ, սխալվելու իրավունք չունենք։ Արցախը առավել դժվար ժամանակներ է  հաղթահարել։ Անհրաժեշտ է բոլորով՝ անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից ու քաղաքական հայացքներից, քաղաքացիական պարտքի բարձր զգացում և պատասխանատվություն դրսևորելով, առկա միջոցները հնարավորինս արդյունավետ և նպատակային օգտագործելով, շարժվել առաջ ու ապրել:

Ապրել՝ լիարժեք ապրելու համար. սա է օրվա հրամայականը: Ուրիշ տարբերակ չունենք: Ինչպես պատմության բոլոր ժամանակներում, այս իրավիճակն էլ Արցախը հաղթահարելու է համառության ու չհանձնվելու կամքի շնորհիվ:

 

Հարություն Մկրտչյան

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter