ՄԻԱՍՆԱԲԱՐ ԿՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ ԲՈԼՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
13.02.2023 16:31

Լրացել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համելտ Սլավայի Ապրեսյանի պաշտոնավարման 1 տարին։ Ժամանակահատվածը բավականին բարդ և դժվարին է եղել, սահմաններում իրավիճակի հաճախակի սրմամբ…

Այժմ էլ հանրապետությունում տիրող իրավիճակը լարված է, արցախցու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարված, նորմալ կենսագործունեությունը` խաթարված… Այդուհանդերձ, անգամ այս պայմաններում արցախցին ոչ միայն չի կորցնում լավատեսությունը, այլև գործադրում է ողջ ներուժը` պատասխանատվության իր ոլորտում անելու հնարավորինը` իրավիճակը

փոքր-ինչ մեղմելու նպատակով…

-Պարոն Ապրեսյան, լրացավ ձեր պաշտոնավարման 1 տարին։ Ինչպիսի՞ն էր 2022 թվականն Ասկերանի շրջանի համար։

-2022 թվականը բավականին լարված տարի է եղել ինչպես շրջանի, այնպես էլ Արցախի Հանրապետության համար։ Նախ` Փառուխի և Քարագլխի իրադարձությունները, ապա հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտումն անորոշության մեջ են պահել բնակչությանը` հակասական տրամադրություններ ստեղծելով վերջիններիս մոտ, ինչն էլ բացասաբար է անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման վրա։ Չնայած այդ ամենին, հաշվետու ժամանակաշրջանում կարողությունների զարգացման ծրագրով շրջանում իրականացվել են ներհամայնքային և շրջանային նշանակության մի շարք աշխատանքներ։ Շարունակվել են բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանային նորմալ պայմաններով ապահովման ծրագրերը, մի քանի ուղղություններով իրականացվել են բնակարանաշինական աշխատանքներ` ինչպես պետական, այնպես էլ բարեգործական հիմունքներով։

2022 թվականին շրջանի բնակչությունը` ցուցաբերելով միասնականություն և պատրաստակամություն, շարունակել է կազմակերպված մասնակցություն ունենալ ստեղծված արտակարգ իրավիճակների թելադրանքով մարտական գործողություններին և սահմանների պաշտպանությանը։ Ինչի համար իմ երախտագիտությունն են հայտնում բոլոր այն անձանց, ովքեր անշահախնդրորեն նվիրվել են Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

- Հետպատերազմական շրջանում պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի առյուծի բաժինը հասնում է բնակարանաշինության։ Շրջանում ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել և ի՞նչ է նախատեսվում ընթացիկ տարվա համար։

- 2022թ.  ԱՀ կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի շրջանակներում շրջանում շարունակվել են լայնածավալ շինարարական աշխատանքները շինարարության, օբյեկտների վերակառուցման-վերանորոգման, շրջանի համայնքներում բնակելի տների և հասարակական նշանակության օբյեկտների վերականգնմանն աջակցելու համար շինանյութի տրամադրման ուղղությամբ: Բավականին աշխատանքներ են տարվել նաև շրջանի տարածքով անցնող պետական և ընդհանուր օգտագործման տեղական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման, վերակառուցման և պահպանման ուղղությամբ։ Ջրամատակարարման, լուսավորության համակարգերի բարելավման ուղղությամբ ևս շոշափելի աշխատանքներ են իրականացվել։

Հարկ է նշել, որ շրջանում իրականացվող բնակարանային ծրագրերին զուգընթաց կատարվել են շրջանային և հանրապետական նշանակության բազմաբովանդակ աշխատանքներ, որոնք ուղղված են եղել շրջանի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի մեղմմանն ու կենցաղային խնդիրների լուծմանը։ Չնայած շրջանում իրականացվող բազմաթիվ ծրագրերի և շինարարական աշխատանքների՝ դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնցից ուզում եմ առանձնացնել շրջանի բնակիչների բնակարանային պայմանների բարելավումը, որը ներկայիս պայմաններում առանցքային դեր ու նշանակություն ունի։

Ներկայում շրջանի տարածքում իրականացվող բնակարանաշինական աշխատանքները դադարեցված են` համապատասխան շինանյութերի բացակայության պատճառով, ինչն էլ բացասաբար է անդրադառնալու շենք-շինությունները սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու վրա։

 -Ինչպիսի՞ն էր գյուղատնտեսական տարին շրջանում և գյուղատնտեսությունը խթանելու նպատակով ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում։

-Եթե նախորդ տարի երաշտի պատճառով հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունը շատ ցածր է եղել, ապա 2022 թվականին շրջանում հանրապետության մակարդակով գրանցվել է միջին բերքատվության ամենաբարձր ցուցանիշը։ Առանձին դեպքերում գրանցվել է մինչև 70ց/հա բերքատվություն։ Շրջանում նկատվել է խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակի անկում, փոխարենն աճել է խոզերի գլխաքանակը։ Ինչպես գիտեք, հանրապետությունում մեծ ուշադրություն է դարձվում գյուղատնտեսությանը, ինչը խթանելու  ուղղությամբ պարբերաբար նորանոր ծրագրեր են կյանքի կոչվում։ Հաշվետու ժամանակաշրջանում մեծ տեղ է հատկացվել ջերմոցային տնտեսություններին։ Եկել է ժամանակը գիտակցելու, որ մեր հանրապետությունը պարենամթերքի արտադրության տեսանկյունից պետք է ինքնաբավ լինի։

-Խոսենք բարեգործական ծրագրերի մասին։Շրջանը բարեգործական ինչպիսի՞ ծրագրերում է ներգրավվել և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի դրանք շարունակական բնույթ կրեն։

- Ընթացիկ տարում շրջանում գյուղատնտեսությունը խթանելու պետական աջակցության ծրագրի շրջանակներում և բարեգործական տարբեր հիմնադրամների կողմից իրականացվել են ջերմոցային տնտեսությունը, բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությունն ու այգեգործությունը, ինչպես նաև անասնապահությունը խթանելու և զարգացնելու ծրագրեր։  Բարեգործական ծրագրերը լայն աշխարհագրություն ունեն և խոստումնալից են։ Մեր կողմից էլ հետևողական աշխատանք է տարվում, որպեսզի տրամադրվող աջակցությունն օգտագործվի ըստ նպատակի և նշանակության։

-Պարոն Ապրեսյան, սկսած 2020 թվականից, կարելի է ասել, կաթվածահար է մշակույթի, կրթության և սպորտի ոլորտների նորմալ կենսագործունեությունը։

- Այո, սկզբում համավարակի, ապա ռազմական գործողությունների, դրան հաջորդած զինադադարի հաճախակի խախտումների ու ներկայում Բերձոր - Ստեփանակերտ ճանապարհահատվածի արգելափակման հետևանքով մեր երեխաները զրկվել են նորմալ պայմաններում ուսում ստանելու հնարավորություններից։ Չնայած դրանց, շրջանում հաջողությամբ անցկացվել են մի շարք կրթական, մշակութային և մարզական միջոցառումներ, գրանցվել բարձր ցուցանիշներ։ Միջառարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքներով 16 աշակերտ մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում կայացած օլիմպիադայի եզրափակիչ փուլին,  որտեղ  6 աշակերտ ստացել է դիպլոմ, 3-ը`  գովասանագիր: Մեր մարզիկներն առաջնակարգ տեղեր են զբաղեցրել Հայաստանի Հանրապետության, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։

-Անդրադարձ կատարենք նաև մեր շուրջը տիրող իրավիճակին։ Խոսքը, մասնավորապես, ադրբեջանական էկոակտիվիստ կոչեցյալ զանգվածի կողմից Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով առաջացած ճգնաժամի մասին է։

- Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման 64-րդ օրն է արդեն, նույնքան ժամանակ է, ինչ ոտնահարված են արցախցու` սահմանադրությամբ և իրավական ակտերով սահմանված ապրելու, արարելու, ազատ տեղաշարժվելու հիմնարար իրավունքները։ Բավարար ջերմության և սննդի պակասի հետևանքով փակված են մանկապարտեզներն ու նախադպրոցական հիմնարկները, գազով ջեռուցվող դպրոցներն էլ բացվել են միայն 9-12 րդ դասարանների աշակերտների համար։ Աշխատանքներ են տարվում դպրոցներում վառելափայտով ջեռուցում ապահովելու ուղղությամբ։

Գաղտնիք չէ, որ պարենամթերքի և անհրաժեշտ այլ պարագաների ներմուծման անհնարինությունը,  էլէներգիայի մատակարարման խափանումը, ապա նաև գազատարի հաճախակի դարձած արգելափակումը բազմաթիվ խնդիրներ և անհարմարություններ են առաջացրել բնակիչների կենցաղում։ Արցախցիների հոգսերը փոքր-ինչ թեթևացնելու նպատակով մշակվել ու կյանքի են կոչվել սոցիալական մի շարք ծրագրեր։ Ներկայում պարենամթերքի սուր պակաս որպես այդպիսին չկա։ Կարելի է փաստել, որ կտրոնային համակարգի ներդրումն իր դրական ազդեցությունն է ունեցել։

- Պարոն Ապրեսյան և վերջում ո՞րն է ձեր հորդորը կամ կոչը ճգնաժամային իրավիճակում հայտնված մեր քաղաքացիներին։

-Ցանկացած դժվարություն և անգամ անելանելի թվացող իրավիճակ հաղթահարվում է, պետք է միայն հաստատակամություն և կամք դրսևորենք, զինվենք համբերությամբ և ամենքս մեր իրավասությունների ու լիազորությունների շրջանակներում անենք հնարավոր ամեն ինչ` այս մի փորձությունն էլ արժանապատվորեն հաղթահարելու համար։ Կարևոր է, որպեսզի այս օրերին բոլորիս կողմից կրվող նեղություններն ու պակասը մեր մարդկային դիմագիծը կորցնելու պատճառ չհանդիսանան։

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter