ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
16.02.2023 12:02

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի` կյանքի ճանապարհի արգելափակման 67-րդ օրն է արդեն։ 120 հազար բնակիչ ունեցող Արցախը, որտեղ 44-օրյա պատերազմից հետո աստիճանաբար  վերականգնվում և հունի մեջ էր մտնում կյանքը, ռազմագործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունները վերանորոգվում, իսկ բռնի տեղահանված ընտանիքների համար նոր բնակարաններ կառուցվում` կրկին հայտնվել է ճգնաժամային իրադրության մեջ։  Հանրապետության տարածքում կանգնեցված են բոլոր տեսակի շինարարական, վերականգնողական աշխատանքները, մեծ է գործազուրկների թիվը։ Բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը մեղմելու նպատակով սոցիալական ապահովության և միգրացիայի նախարարության կողմից մշակվել և կյանքի են կոչվել աջակցության տարբեր ծրագրեր։

…Խանութների դատարկ ցուցափեղկեր, անհրաժեշտ դեղորայքի, մանկական կերերի և տակդիների, խնամքի պարագաների սուղ պայմաններում Արցախում շարունակում է հասակ առնել մի սերունդ, որն արդեն իսկ իր մաշկի վրա զգում է հայրենի հողում ապրելու քաղցրություն` ամեն օր ականատես լինելով  զրկանքների միջով անցնող իրենց ծնողների կամքին ու վճռականությանը։  Շրջափակման օրից` 2022թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Արցախում ծնվել է շուրջ 250 երեխա։ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Փետրվարի 14-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 97 հիվանդ:

Շրջափակման պատճառով ոտնահարված են Արցախի 120,000 բնակչության (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ազատ տեղաշարժի, նորմալ կրթություն և բժշկություն ստանալու իրավունքները։

Սննդի սղության պատճառով հունվարի 9-ից փակվել են մանկապարտեզներն ու նախակրթարանները, երկարօրյա ուսումնական հաստատությունները։ Մեր երեխաները զրկված են համապատասխան կրթություն և խնամք ստանալու հնարավորությունից:

Շուրջ երկու ամսից ավելի է, ինչ  թշնամին թույլ չի տալիս իրականացնել Արցախը Հայաստանից սնուցող Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրված միակ բարձրավոլտ էլեկտրագծի վթարավերականգնողական աշխատանքները` կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Ավելին, նենգաբար շարունակում է հոգեբանական ճնշումներ գործադրել արցախահայության նկատմամբ` ձմռան այս ցուրտ ամիսներին պարբերաբար անջատելով նաև գազամատակարարումը։ Արդեն 7 օրից ավելի է, ինչ Արցախն ամբողջությամբ զրկված է բնական գազից։ Օրական 6 ժամ հովհարային անջատումներն էլ իրանց բացասական ազդեցությունն են թողնում ճգնաժամային իրավիճակում հայտնված 120 հազար հայերի վրա։ Գերծանրաբերռնված էլեկտրամատակարարման համակարգում պարբերաբար շղթայական վթարներ են տեղի ունենում` լրացուցիչ մտահոգությունների տեղիք տալով։

Չնայած այս ամենին, Արցախում` ի աջակցություն Սիրիայի երկրաշարժի հետևանքով տուժած մեր հայրենակիցների, դրամահավաք է իրականացվում։ Իրավմամբ, անհնար է ոգևորության պահեր չապրել, չհպարտանալ մի ազգով, որը գտնվելով բավականին բարդ ու դժվարին իրադրության մեջ` չի մոռանում մարդասիրության մասին…

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter