ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՄԼԵՏ ԱՊՐԵՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ` ԱՍԿԵՐԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ |
22.02.2023 12:00 |
Հայրենակիցնե՛ր. 1988-ի փետրվարը մեր կյանքում շատ բան փոխեց, և հիմնովին… Փետրվարին դրվեց մեր հաղթանակների սկիզբը, որտեղ անգնահատելի և անուրանալի է Ասկերանի դերը։ Հենց փետրվարին Ղարաբաղյան Շարժումը դուրս եկավ ընդհատակից և մտավ յուրաքանչյուրիս հարկի տակ` դառնալով սիրո, միասնականության և համերաշխության խորհրդանիշ։ Արցախյան Շարժումն այլընտրանք չուներ, քանզի արդեն անտանելի էին դարձել Բաքվի բռնապետական արարքները, նրա ծավալապաշտական նկրտումները։ Նպատակը մեկն էր` Լեռնային Ղարաբաղն արժանացնել Նախիջևանի ճակատագրին… 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանի ընդունած` Արցախը Մայր Հայաստանին վերամիավորվելու պատմական որոշումը կատաղեցրեց թշնամուն։ Եվ ծրագրված ցեղասպանություն իրականացնելու նպատակով` փետրվարի 22-ին Աղդամից դեպի Ասկերան շարժվող բազմահազարանոց խառնամբոխը` խաղաղ ցուցարարի անվան տակ փորձում էր Ասկերանում ոճրագործություն իրականացնելով` հասնել Արցախի սիրտը` Ստեփանակերտ։ Միայն հեռատես մարդկանց շնորհիվ հնարավոր եղավ կանխել արցախահայության գլխից դամոկլյան սրի պես կախված վտանգը` փրկելով արցախահայությանը հերթական եղեռնից։ Այդ օրն Ասկերանի մատույցներում թշնամին արժանի հակահարված ստանալով և կրելով առաջին դառնալի պարտությունը` ետ շպրտվեց իր որջը, իսկ փետրվարի 22-ն Ասկերանի պատմության մեջ նշանավորվեց որպես Վերածննդի օր… Հիրավի, հաղթանակները միշտ էլ դժվարությամբ են տրվում ու բազմաթիվ զոհեր պահանջում… Հավե՛րժ հիշատակ Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին ամենաթանկը` կյանքը նվիրաբերած քաջորդիներին… Փա՛ռք ու պատի՛վ մեր Հայրենիքի սահմաններն անառիկ պահող քաջերին… Հարգա՛նք և խոնարհո՛ւմ Շարժման նվիրյալներին… Այսօր էլ խաղաղ չեն Արցախի սահմանները, ու ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովուրդը կրկին անսասան է իր ընտրած ուղին անշեղորեն անցնելու վճռականության մեջ։ Եվ 35 տարվա հեռավորությունից կրկին արդիական են 88-ի գաղափարները` միասնականություն և միաբանություն, համախմբում պետականության շուրջ… Սիրելի հայրենակիցնե՛ր. Շնորհավորելով Արցախյան Շարժման 35-ամյա հոբելյանի և Ասկերանի Վերածննդի օրվա առթիվ, մաղթում եմ ամուր կամք և տոկունություն` դժվարին այս ուղին միասնաբար ու արժանապատվորեն հաղթահարելու և մեր համազգային ծրագրերը կյանքի կոչելու պատվաբեր գործում։ |