ԱՅՍՕՐ ԱՍԿԵՐԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐՆ Է, ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ…
23.02.2023 14:46

Փետրվարի 22-ը Ասկերան քաղաքի Վերածննդի օրն է: 1988 թվականի հենց այդ օրը ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները կարողացան արժանի հակահարված տալ թշնամուն և հետագա հաղթանակների հիմքը դնել:

Արդարության վերականգնման և մարդու իրավունքների համար պայքարի ճանապարհը փշոտ էր ու փորձանքներով լի: Բազում հայրենասերներ զոհվեցին հանուն մեծ գաղափարի, և նրանց արյամբ շաղախված այս հողում ապրեցինք ու կերտեցինք մեր ներկան: Այս 35 տարիների ընթացքում թշնամին չդադարեցրեց իր ոտնձգությունները, մենք հաղթահարեցինք քառօրյա պատերազմը, շարունակում ենք հաղթահարել վերջին՝ քառասունչորսօրյա արհավիրքը, իսկ այսօր ապրում ենք բարդ ու դժվարին ժամանակաշրջանում. 2022 թվականի դեկտեմբերի 12-ից

Ադրբեջանի կողմից արգելափակվել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Սակայն արցախցին շարունակում է մնալ աննկուն, վճռական՝ պահպանելով 88-ի մշտարթուն ոգին…

Ասկերանի քաղաքապետարանը, չխախտելով բարի ավանդույթը, կազմակերպեց միջոցառում՝ նվիրված քաղաքի Վերածննդի օրվան:

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի գլխավորությամբ քաղաքապետ Հայկ Շամիրյանը, շրջանի ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները, Ղարաբաղյան շարժման նախաձեռնող խմբի անդամները, ազատամարտիկները և ասկերանցիները

ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմներում զոհված 75 ասկերանցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:

Վերածննդի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը կազմակերպվեց Ասկերանի ՄԵ կենտրոնի դահլիճում:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած աննկուն մարտիկների հիշատակը:

Բացման խոսքով հանդես եկավ Ասկերանի ՄԵ կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանը.

-35 տարի է մեզ բաժանում Արցախյան գոյապայքարի ակունքներից: Այսօր յուրահատուկ օր է Ասկերանի և ասկերանցիների համար: Փետրվարի 22-ը Ասկերանի Վերածննդի օրն է:

Եկեք սիրենք մեր հայրենիքը, տեր կանգնենք նրան, ապրենք հավատով ու հույսով, շենացնենք մարած օջախները, արևային բարությամբ ժպտանք աշխարհին, որ հայոց ոգեկոչումի զանգերը երկար ղողանջեն:

Արցախյան շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանն ասաց.

-Փետրվարի 22-ը դարձավ մեր պայքարի գագաթնակետը: Այդ օրը պետք է որոշեինք՝ համաձա՞յն ենք, արդյոք, արժանանալ Նախիջևանի ճակատագրին, թե՞ ընդդիմանում ենք: Մեր ժողովուրդն ընտրեց ընդդիմանալու, պայքարելու ճանապարհը: 1988 թվականի փետրվարի 22-ին ադրբեջանական խառնամբոխը հայտնվեց Ասկերան քաղաքի մատույցներում և փորձեց հատել այն: Ճիշտ ու ժամանակին ինքնակազմակերպման ու դիմադրության շնորհիվ ձախողվեց թշնամու ծրագիրը:

1988 թվականի փետրվարի 22-ին վերածնվեց Ասկերանը:

Ցավալի է, որ այսօր մեր երկրում նորից պայքար է, պայքար՝ սեփական հողում անվտանգ և ազատ ապրելու համար: Արցախցուն փորձում են ահաբեկել, ընկճել, սակայն թշնամուն դա չի հաջովի: Ընդհակառակը, մենք ավելի ենք ուժեղանում և համոզվում, որ մեր ճանապարհը ճիշտ է եղել, ու հետ դարձի մտադրություն չունենք: Այսօր մենք պետք է հետևենք մեր նախնիների օրինակին, լինենք միասնական ու միաբռունցք:

Արցախյան շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի անդամ Ալյոշա Գաբրիելյանը նույնպես հիշեց պատմական իրադարձությունները: Նա նշեց, որ Ասկերան բնակավայրը, ընդհանրապես այս ձորակը կարևորագույն դերակատարություն է ունեցել պատմական տարբեր ժամանակներում թշնամիներին դիմակայելու համար:

-Զուգահեռներ անցկացնելով 88-ի և այսօր կազմակերպվող մեր հանրահավաքների միջև՝ ես տեսնում եմ, որ այն ժամանակ մարդկանց մոտ ալեկոծություններ կային, հոգիները շիտակ էին, միասնականությունը՝ ուժեղ, պայքարի տենչը՝ մեծ:

Այսօր մեզ անհրաժեշտ է միասին լինել, ուժեղ ու լցվել հավատով: Թշնամին պետք է իմանա, որ հայի ոգին երբեք չի ընկճվի և միշտ կմնա անսասան: Մենք պետք է համախմբվենք մեր իշխանությունների շուրջը և կառուցենք մեր ապագան: Պարտավորված ենք այս սուրբ հողը հայկական պահել,-նշեց Ա.Գաբրիելյանը:

Ասկերանի քաղաքապետը, շնորհավորելով ներկաներին Ասկերանի Վերածննդի օրվա առթիվ, իր ելույթում ասաց.

-1988 թվականի փետրվարի 22-ին ասկերանցին իր անունը փառքով պսակեց դեռևս նոր հասունացող Արցախյան շարժման տարեգրության մեջ՝ արժանի դիմադրություն ցույց տալով թշնամուն: Պետք է հիշենք, որ մեծ նպատակի համար բազում ճակատագրեր են խեղվել, հազարավոր կյանքեր դրվել Հայրենիքի զոհասեղանին: Ինչքան հեռանում ենք շարժման ակունքներից, այնքան ավելի ենք կարևորում նրա անհրաժեշտությունը: 35 տարի անց կրկին կանգնած ենք նույն մարտահրավերների առաջ, կրկին արդիական է Շարժման գաղափարախոսությունը: Ավելի քան 2 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում արցախցին այսօր կրկին խիզախում է իր ամենօրյա պայքարով, անկոտրում և ուժեղ ոգով: Ինչպես 35 տարի առաջ, այսօր ևս իրավիճակն օրհասական է, ուստի կրկին պետք է ապավինենք մեր միասնականությանը և ազգային գաղափարախոսությունը առաջ մղելով՝ շարժվենք դեպի նպատակակետ: Մենք պարտք ունենք մեր զոհված տղաների հիշատակի առջև: Մեզ դժվար ճանապարհ է սպասում, սակայն համոզված եմ՝այն անպայման կհաղթահարենք:

Գլուխ եմ խոնարհում հանուն վեհ նպատակների մարտիրոսված քաջորդիների հիշատակի առջև, հարգանք և խոնարհում Շարժման ջատագովներին և հիմնարար իրավունքների համար ամենօրյա պայքար մղողներին:

Շնորհավորանքի խոսք ասաց նաև Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը:

Հանդիսավոր միջոցառումն ուղեկցվում էր Ասկերանի <<Բերդ>> համույթի կատարումներով և Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ասմունքով:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter