1988 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ |
23.02.2023 16:02 |
Արցախյան շարժումը համաժողովրդական գործ է։ Եվ յուրաքանչյուր ոք իր հնարավորությունների սահմանում նպաստել է նրա ոտքի կանգնմանն ու զարգացմանը։ Շատերը հեշտությամբ շրջանցում են նախապատրաստական փուլը` հաշվի չառնելով, թե ինչպիսի վտանգավոր կամ ճակատագրական հետևանք կարող էր այն ունենալ` մանավանդ խորհրդային ամբողջատիրական հսկա ռեժիմին դեմ դուրս գալու համար։ Եվ գտնվեցին մարդիկ, ովքեր սեփական անձն ու ճակատագիրը ստորադասեցին ազգային խնդրին, բազում վտանգներ հաղթահարելով՝ ժողովրդին նախապատրաստեցին 88-ի Վերազարթոնքին։ Նրանցից շատերը խոհեմաբար և խոնարհաբար լռում են իրենց սխրագործությունների մասին, նրանց հերոսությունների մասին խոսում ու վկայում են փաստերը… Հիրավի, Ասկերանի շրջանը ՀՀ և հետագայում էլ ԼՂՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր Սլավիկ Առուշանյանի ակտիվ գործունեության, ինչու չէ նաև սեփական նախաձեռնությունների շնորհիվ դարձավ դարբնոց, որտեղ կոփվեց տասնամյակներ շարունակ այնքան երազած ազգային-ազատագրական Շարժումը։ - Պարոն Առուշանյան, թեկուզ ընդունված է, որ Շարժումը սկսվել է 1988-ին, սակայն մինչ այդ բավականին նախապատրաստական աշխատանքներ են տարվել, որոնց, համոզված ենք, շատերը տեղյակ չեն։ Ինչպե՞ս է դա եղել։ - Հայկական հարցը միշտ էլ արդիական է եղել, սակայն երբեք այնքան նպաստավոր պայմաններ չեն եղել` այն ընդհատակից հանելու, որքան որ գորբաչովյան վերակառուցման տարիներին էր։ Այն մի քանի անգամ բնում խեղդվել է, իսկ նախաձեռնողները՝ արժանացել անհայտ ճակատագրի։ Դեռևս 1987թ. մայիսին, երբ պարզ դարձավ, որ Շարժումն սկսելու գործընթացը ձախողված է, քանի որ ստորագրահավաքը ճիշտ չէր կազմակերպվել, Իգոր Մուրադյանը թիմ ստեղծեց Երևանում և որոշեց, որ Արցախի ամեն մի շրջանում նույնպես համապատասխան թիմեր պետք է ստեղծվեն՝ Շարժմանը նոր թափ հաղորդելու նպատակով։ - Ինչո՞ւ առաջինը հենց Ասկերանում ստեղծվեց նախաձեռնող խումբը, և ովքե՞ր էին ակտիվիստները։ - Չեմ կարող պնդել, որ առաջինն Ասկերանում ստեղծվեց նախաձեռնող խումբ, բայց որ Շարժմանը համաժողովրդական բնույթ հաղորդած մի շարք նախաձեռնություններ ծնվեցին Ասկերանում, փաստ է։ Այս հարցին պատասխանելու համար լավ կլինի մեջբերեմ Կ. Դանիելյանի §Արցախը չսանձած նժույգ¦ գրքից մի հատված. §Երևի թե դեռևս շատերը չգիտեն, որ մեր աշխարհը ցնցած ազգային-ազատագրական պայքարի մեկնակետը եղել է Ասկերանը։ Սա մատնանշում եմ ոչ թե առաջնության դափնու ակնկալիքով, այլ սոսկ տարեգրության՝ վաղվա ուսումնասիրողների համար։ Այսօր կարող է տարօրինակ թվալ, բայց այս շրջանի ներկայացուցիչն է §խաղի մեջ ներգրավել¦ մայրաքաղաք Ստեփանակերտի մտավորականությանը՝ի դեմս մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ համալսարան) դասախոսների. առաջինը նրանք են իրենց ստորագրությունները դրել Մոսկվա ուղարկված փաստաթղթի տակ¦։ Նախաձեռնող խմբի անդամներից էին լուսահոգի Սլավիկ Միրզոյանը՝ շրջանային §Կարմիր դրոշ¦ թերթի բաժնի վարիչ, երջանկահիշատակ Կոմիտաս Դանիելյանը՝ նույն թերթի խմբագիր, Ալբերտ Ավանեսյանը՝ շրջանի գլխավոր ճարտարապետ, ում շփումները շրջանի բնակչության հետ շատ սերտ էին, ու նա ոչ միայն քաղաքացիներին էր ճանաչում, այլև ցանկացած գյուղի ներքին ու արտաքին ճանապարհները։ Դա առանձնապես կարևոր նշանակություն ունեցավ, երբ մշակվում էր Խոջալուի ազատագրման պլանը։ Նախաձեռնող խմբի անդամներից էր նաև երջանկահիշատակ Մարատ Հակոբջանյանը, որն այդ տարիներին շրջանային կապի հանգույցի տնօրենն էր։ Նրա աջակցությունն ու նվիրվածությունն անչափ կարևոր է շրջանի բնակավայրերի հետ փոստային կապի ապահովման գործում, Ալյոշա Գաբրիելյանը՝ շրջանի ժողկրթբաժնի վարիչ, Սեմյոն Հայրիյանը՝ Շոշի գյուղական սովետի նախագահ, վաստակաշատ բժիշկ Գեորգի Մնացականյանը Ավետարանոցից, ով մեծապես օգնեց վերին ենթաշրջանում Շարժումը ոտքի կանգնեցնելու գործում։ Նրան իր առաջարկով փոխարինեց Հրաչիկ Արզումանյանը, քանի որ բժշկի աշխատանքը հնարավորություն չէր տալիս երկար ժամանակով բացակայել հիվանդանոցից։ Եվ ես՝ որպես կոմունիստական կուսակցության շրջկոմի քաղլուսկաբինետի վարիչ, ով կոորդինացնում էր կուսակցական քաղաքական և տնտեսագիտական ուսուցման ողջ գործընթացը։ Շարժումը ոտքի կանգնեցնելու գործում հաջողության ենք հասել՝ օգտագործելով գաղափարախոսական աշխատանքի բոլոր լծակները, այն կազմակերպել ենք գիտականորեն՝ հաշվի առնելով աշխարհի մյուս պետություններում հեղափոխական շարժումների փորձերը` առանձնապես Լենինի <<Հեղափոխության տեսությունը>>, որովհետև մեր գոյապայքարը իրականում ազգային-ազատագրական հեղափոխություն էր։ Նախաձեռնող խմբի աշխատանքին մեծապես նպաստեց Աշյոշա Գաբրիելյանի մասնակցությունը, որով ապահովվեց ժողովրդական կրթության աշխատողների երաշխավորված մասնակցությունը։ - Ստորագրահավաքների ժամանակ որևիցէ խտրականություն դրվո՞ւմ էր։ - Հիմնականում այնպիսի մարդկանց էինք համոզում ստորագրել, որոնք ներկայացնում էին որևէ պետական կամ հասարակական կազմակերպություն, Հայրենական պատերազմի վետերաններ, տարբեր մասնագիտությունների գծով առաջատարներ, պրոպագանդիստների խոսքով՝ այնպիսի մարդկանց, որոնք հեղինակություն էին վայելում գյուղերում և շրջանում կարող են իրենց հետևից տանել շատերին։ - Ինչպես հայտնի է, դժվարն առաջին քայլն անելն էր. ինչպե՞ս էին մարդիկ արձագանքում համազգային շարժում կազմակերպելուն։ Արդյոք դժվար չէր ձեզ համար մարդկանց համոզելը. չէ՞ որ գիտենք, որ այդ ամենն արվում էր հույժ գաղտնիության պայմաններում։ - Իհարկե, ամեն մի նոր սկիզբ զուգորդվում է տարատեսակ խոչընդոտներով, սակայն մեր գործն արդարացի էր, ու մարդիկ մեզ հետևում էին։ Բնակավայրերում և խոշոր ձեռնարկություններում նույնպես նախաձեռնող խմբեր ստեղծվեցին, և նշանակվեցին խմբի ղեկավարներ։ Երբ 1988-ի հունվարի վերջին Շարժումը մտավ փակուղի՝ հանդիպելով Գիշի գյուղի ակտիվի հետ, առաջ քաշեցինք Շարժումն առաջ տանելու նոր ուղղություն։ Նախ նշեցինք, որ Ղարաբաղի փրկության հարցում ղեկավարության վրա հույս դնել չի կարելի, և պետք է ոտքի կանգնեցնել ժողովրդին։ Վերակառուցման քաղաքականությունը մեր վերջին հնարավորությունն էր՝ Լեռնային Ղարաբաղը §սպիտակ եղեռնից¦ փրկելու համար։ Եվ դրա ամենակարճ ճանապարհը ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու Հռչակագրի համաժողովրդական քննարկումն էր։ Տեղի ակտիվը շատ լավ ընդունեց մեր առաջարկությունը։ Տեսնելով նրանց բոցավառ աչքերը՝ հասկացա, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, ինքս էլ ոգևորվեցի։ Գալով Ասկերան՝ստեղծված իրավիճակը ներկայացրի Շարժման նախաձեռնող խմբին, որը հավանություն տվեց այդ գաղափարին։ Ապա ձեռնամուխ եղանք օրինակելի որոշման նախագծի մշակմանն ու ժողովների անցկացման ժամանակացույցի կազմմանը։ - Որքանով ինձ հայտնի է, առաջին ժողովն անցկացվեց 1988-ի փետրվարի 1-ին Նորագյուղում։ - Ճիշտ է, մեր շրջանում առաջին ժողովը տեղի ունեցավ Նորագյուղում, բայց 1987 թվականի վերջին և 1988-ի սկզբներին մեր պատվիրակությունների Մոսկվա կատարած այցերն անհրաժեշտ ուշադրության չէին արժանանում իշխանությունների կողմից։ Պարզ դարձավ, որ անհրաժեշտ է անցնել պայքարի ավելի ակտիվ ձևի։ Փետրվարի 1-ին Նորագյուղում անցկացվեց ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորման հռչակագրի քննարկման մասին Նորագյուղի կուսկոմիտեի քարտուղար, լուսահոգի Հակոբ Պետրոսյանի աշխատասենյակում անցկացված ժողովը շրջանային միջոցառում էր. այն պետք է տարբերակել Նորագյուղի կոլտնտեսականների և հասարակայնության ներկայացուցիչների կողմից քիչ ավելի ուշ մշակույթի դահլիճում կազմակերպված հռչակագրի հանրային քննարկումից։ - Ի՞նչ եղավ հետո, վախի մթնոլորտը զիջե՞ց արդարացի պահանջին։ - Այո, հրապարակայնությունն արդեն իրական արժեք էր իրենից ներկայացնում, քանի որ ժողովներ կազմակերպելու և անցկացնելու համար ոչ մեկն այլևս չտուժեց։ Քննարկումների ընթացքում մարդիկ, շփվելով իրար հետ, առանձնապես քվեարկության ժամանակ տեսան, որ բոլորը միակարծիք են, ուստի վերացավ կասկածը մեկը մյուսի նկատմամբ։ Հայաստանի հետ վերամիավորման մասին մարդիկ ամենուրեք խոսում էին անկաշկանդ։ - Ադրբեջանն էլ ամեն կերպ փորձում էր խոչընդոտել Շարժմանը… - Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմը, համոզվելով, որ ԼՂԻՄ-ը մայր Հայաստանին վերամիավորման հռչակագիրը ստորագրահավաք չէ, որի նկատմամբ իմունիտետ էին ձեռք բերել, փետրվարի 11-ին Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար Կոնովալովի գլխավորությամբ մեծ պատվիրակություն է ուղարկում ԼՂԻՄ, որպեսզի շրջկենտրոններում կուսակցական ակտիվների ժողովներ գումարեն և դատապարտեն մեր պայքարը` այն որակելով մի խումբ անպատասխանատու ծայրահեղականների գործ։ Բայց ակտիվի անդամները և հանրահավաքի մասնակիցները կարողացան կասեցնել նրանց գործողությունները, և մեր Շարժման պատմության մեջ բարձրացվեց առաջին ցուցապաստառը` §Կեցցե՜ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը Հայկական ԽՍՀ-ին¦ և ՀԽՍՀ-ի պետական դրոշը։ Փորձեցին բռնագրավել ցուցապաստառը և Հայաստանի դրոշը, որոնք ադրբեջանի էմիսարներին ավելի շատ էին ճնշում, քան դահլիճի մեր ելույթները, բայց ցուցարարներ Վարազդատ Հայրիյանը, Ռաֆիկ Ասրյանը և ուրիշներ կրծքով պաշտպանեցին ցուցապաստառն ու դրոշը։ Տեսնելով, որ անհաջողության են մատնվել՝ որոշեցին փետրվարի 13-ին՝ ժամը 11.00-ին, Ստեփանակերտում անցկացնել Մարզկոմի բյուրոյի ընդլայնված նիստ։ Իմիջիայլոց 1960-ական թվականներին Մարզկոմի բյուրոյի ընդլայնված նիստը դատապարտեց Ղարաբաղը Հայաստանին վերամիավորվելու պահանջը։ Եվ կարծես թե պատմությունը կրկնվում էր։ Բայց այս անգամ դա նրանց չհաջողվեց։ Շատերը չէին կարող պատկերացնել, որ Խորհրդային Ղարաբաղի պատմության մեջ առաջին անգամ ժողովուրդը դեն կշպրտի Կենտկոմի քարտուղարի որոշումը և անհնազանդություն կցուցաբերի։ - Պարոն Առուշանյան, փետրվարի 13-ի դեպքերի շուրջ ոչ բոլորն են համակարծիք։ Ի՞նչ կասեք այդ մասին։ - Այո, շատ ցավալի է, որ մեր ժամանակներում որոշ մարդիկ փորձում են դեպքերն ու դեմքերն աղավաղել։ Փետրվարի 13-ի առաջին հզոր հանրահավաքի կազմակերպիչներն էլ մենք էինք, և իմ առաջարկով՝ հանրահավաքի միակ նկարահանողը §Կարմիր դրոշ¦ թերթի լուսանկարիչ, ապա §Բերդ¦ շրջանային թերթի գլխավոր խմբագիր, երջանկահիշատակ Վալերի Պետրոսյանն էր, և այդ լուսանկարներն էլ պահպանվում ու այժմ մեծ ճանաչողություն են վայելում։ Կան փաստեր, որոնց առնչությամբ ոչ մի հակափաստարկներ լինել չեն կարող։ Այդ տեսանկյունից Վ. Պետրոսյանի կատարածը սխրագործություն էր և արժանի մեծ գնահատանքի։ Իսկ հանրահավաքի կազմակերպման հանգամանքներին կարելի է ծանոթանալ Կ. Դանիելյանի §Արցախը չսանձած նժույգ¦ գրքում։ - Շատ լավ։ Ասկերանն առաջին լուրջ վտանգը զգացել է դեռևս 1988թ. փետրվարի 22-ին, երբ զինված թուրք խառնամբոխը հարձակվեց Ասկերանի վրա և արժանի դիմադրության հանդիպելով՝ համոզվեց, որ Ասկերանն անառիկ ամրոց է։ Պատմեցեք, խնդրեմ, այդ դեպքերի մասին։ -1988թ. փետրվարի 22-ի նշանակությունը դժվար է գերագնահատել։ Խորհրդային Ղարաբաղի պատմության մեջ առաջին անգամ արցախահայերը միավորվեցին, անհնազանդություն ցուցաբերեցին կենտրոնական իշխանություններին և զենքի դիմելով կանխեցին հայերի ցեղասպանությունը։ Մի քանի օր անց՝ թուրքերը Սումգայիթում հայերի ջարդ կազմակերպեցին` ավելի խորացնելով երկու ժողովուրդների միջև թշնամանքը, որն աստիճանաբար վերածվեց պատերազմի։ Իմ կարծիքով՝ դա մեր սերնդի Ավարայրն էր։ Ցավոք, այսօր խեղաթյուրվում է պատմությունը ոչ միայն թշնամու, այլ նաև յուրայինների կողմից։ Հենց այդ օրը դրվեց մեր հայկական Անկախ պետականության առաջին անկյունաքարը։ Ասկերանի քաղաքապետարանը, հաշվի առնելով փետրվարի 22-ի խորհուրդը, այն հռչակեց Վերածննդի օր… - Շնորհակալություն։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |