ՁԵՐ ՎԱՍՏԱԿՆ ԱՐԺԵՎՈՐՎԱԾ Է ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
10.03.2023 11:07

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խոշոր գյուղերի ամուր նախադրյալերը դրվել են դեռևս խորհրդային տարիներին, երբ հիմք էր դրվել կոլեկտիվ տնտեսություններին։ Ակնաղբյուրի Կամոյի անվան կոլտնտեսությունը միշտ առաջինների շարքերում է եղել պլանների կատարման գործում։ Կոլտնտեսության երկարամյա նախագահ Հենրիխ Խաչատրյանը երանությամբ է հիշում այդ տարիները, երբ մեծից-փոքր լծված են եղել ծննդավայրի շենացմանն ու հայրենիքի բարգավաճմանը։ Կոլտնտեսության նախագահ նշանակվել է 1974 թվականին ու հենց առաջին տարում` երբ ամփոփվում էր տնտեսական տարին` արժանացավ Աշխատանքային արիության մեդալի։ Պատեհ ամեն առիթի շեշտում է` աշխատանքում միշտ էլ հաջողել է, քանի որ շրջապատված է եղել համախոհներով ու համակիրներով։ Այդ տարիներին էլ կողմակալ վերաբերմունք եղել է հայերի նկատմամբ, բայց Հենրիխ Խաչատրյանի համառության շնորհիվ հաջողվել է ադրբեջանցիներից հետ ստանալ կոլտնտեսությանը պատկանող ոչխարաբուծական ֆերման, և գյուղմթերքի արտադրությունից ստացած հասույթով գյուղում շինարարական աշխատանքներ իրականացնել։

-Այժմ այլ է աշխարհակարգը, ամեն ինչ փոխվել է, պետք է մենք էլ վերակազմավորվենք և մեր ազգային գաղափարախոսությունն ու իղձերն առաջ մղենք։ Հիմա շատ դժվարին ժամանակաշրջան ենք ապրում ու ես մեծ հույսով եմ լցված, որ կկարողանանք միասնականությամբ փրկել մեր ազգային արժանապատվությունը և Արցախ աշխարհը դուրս բերել ճգնաժամային բարդ իրավիճակից,- ասում է Հ. Խաչատրյանը։

Օրերս Հենրիխ Վլադիմիրի Խաչատրյանը տոնել է ծննդյան 90-ամյա հոբելյանը։ Հայրենիքի ներկայով մտազբաղ արցախցին կանգնած է Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերի զարգացման ակունքներում, ով ողջ գիտելիքներն ու կարողություններն ի սպաս է դրել հայրենի ծննդավայրի շենացմանը։ Աստված անչափ մեծ սիրտ ու բարի հոգի է դրել այդ փոքր մարմնի մեջ, ղարաբաղյան կաղնու տոկունություն, բարձրաբերձ լեռների անսասանություն կամքում…

Հենրիխ Խաչատրյանի անխոնջ ու նվիրական աշխատանքը միշտ էլ գնահատվել է երկրի և շրջանի ղեկավարների կողմից։ 90-ամյա հոբելյանը պատեհ առիթ էր տուն ու տեղ, բայց ոչ երբեք լավատեսություն կորցրած Խաչատրյանին այցի գնալու և  շնորհավորելու, հանձնելու վարչակազմի ղեկավարի անունից փոխանցված Ակնաղբյուրի համայնապատկերով գեղարվեստական նկարն ու շնորհակալագիրը` շրջանի զարգացման և կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի կապակցությամբ։

Հոբելյարը շնորհակալություն հայտնեց Համլետ Ապրեսյանին` իր վաստակն արժևորելու և դժվարին այս պայմաններում իրեն չմոռանալու համար։

-Աշխարհում հավերժական ոչինչ չկա, ամեն ինչ շատ փոփոխական է, կորցնելը` դյուրին, գտնելը` դժվար։ Բարդ օրեր ու տարիներ ենք ապրում, սակայն հույսի մի շող ինձ դեռևս առաջնորդում, գոտեպնդում է… ,- ասում է Քիրս սարի ստորոտում հասակ առած Խաչատրյանը, ով այժմ միայն հեռվից-հեռու է կարողանում նայել բռունցքված սարին` հոգու կարոտն ու վիշտը թաղելով խորունկ ծով-աչքերում։- Ես հավատում եմ մեր պետության վերազարթոնքին և միասնականությանը, վստահում եմ մեր ազգի աշխատասիրությանը, իմաստնությանն ու կենսասիրությանը, և որ Արցախը հարատևելու է դարե-դար…

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter