ԼՐԱՑԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ 100 ՕՐԸ
21.03.2023 11:24

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման առաջին օրերից սկսած` կապված դիզվառելիքի ներկրման անհնարինության և այլ խնդիրների հետ, Ասկերանի շրջանում ևս  բազմաթիվ ագրոմիջոցառումներ հետաձգվեցին  կամ չեղարկվեցին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը՝ անդրադառնալով շրջափակման 100 օրվա հետևանքով առաջացած խնդիրներին  ու լուծումներին:«Դժվարություններ են առաջացել դեպի մայրաքաղաք  ուղևորափոխադրումներն ապահովող ընկերությունների գործունեության մեջ, ինչն ավելի սուր զգացվել է գազամատակարարման հաճախակի անջատումների ժամանակ։ Աշխատում ենք առկա ռեսուրսները  գերխնայողաբար օգտագործելու ռեժիմով, իրականացնում ժամանակաշրջանի և իրավիճակի թելադրանքով ստեղծված ծրագրերը` ըստ անհրաժշտության և առաջնահերթության: Առաջնորդվում ենք  Կառավարության որոշմամբ  սահմանված վառելիք ձեռքբերելու հատուկ կարգով»,-ասել է Հ. Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ մինչև շրջափակումը  ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում 44-օրյա պատերազմի ընթացքում վնասված շենք-շինությունների վերանորոգման և տեղահանված ընտանիքների  համար բնակարանների կառուցման ուղղությամբ:

«Շրջանի տարածքում  ներկայում դադարեցված  են բոլոր տեսակի շինարարական, վերականգնողական աշխատանքները: Բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ կասեցրել են իրենց գործունեությունը, մեծ է գործազուրկների թիվը։ Բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը մեղմելու նպատակով Սոցիալական զարգացման և միգրացիայի  նախարարության կողմից կյանքի են կոչվում աջակցության տարբեր ծրագրեր, որոնցից մեծապես օգտվում են նաև շրջանի բնակիչները։ Օգնության հիմնական շահառուները միայնակ ծերերն են, բազմազավակ և անապահով ընտանիքները»,-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը:

Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի շրջափակման պատճառով Ասկերանի շրջանում նույնպես երեխաները տևական ժամանակ զրկված են եղել  կրթություն ստանալու, նախակրթարան և մանկապարտեզ հաճախելու իրավունքներից։

«Չնայած էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներին և թշնամու կողմից գազամատակարարման հաճախակի խափանումներին,  շրջանի ուսումնական հաստատություններն այժմ աշխատում են նորմալ ռեժիմով։ Տարբեր հիմնադրամների կողմից պարենամթերքի տրամադրման շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել նաև  մանկապարտեզների և նախակրթարանների  կենսագործունեությունը»,-ներկայացրել է մեր զրուցակիցը:

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հ. Ապրեսյանն ընդգծել է, որ շրջանում գործում է արագ արձագանքման կետ` «Թեժ գիծ», բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերին սեղմ ժամկետներում և առանց ավելորդ քաշքշուկների պատասխանելու կամ լուծում տալու նպատակով։

«Պատասխանատու այս ժամանակահատվածում, երբ ոտնահարված են 120 հազար արցախցիների հիմնարար ազատություններն ու  իրավունքները՝ ազատ տեղաշարժի, կրթության և բուժօգնություն ստանալու և այլն, անհրաժեշտ է լինել միասնական  և անշեղորեն կատարել մեր առջև դրված խնդիրները»,-եզրափակեց Հ. Ապրեսյանը:


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter