ԱՊՐԵԼ ԵՎ ԱՊՐԵՑՆԵԼ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ |
27.03.2023 10:27 |
Մայր, Մայր Հայրենիք, Մայր Բնություն. Մարդկությանը հայտնի բացարձակ արժեք ներկայացնող սրբություններ, որոնք անփոխարինելի են յուրաքանչյուրիս համար։ Կինը բնության ստեղծած ամենառեղծվածային էակն է, ում բացահայտելու, վեհությունն արժևորելու համար ձոնվել են հազարավոր երգեր, նվիրվել բանաստեղծություններ, նկարահանվել ֆիլմեր… Հայ կնոջ ինքնատիպությանը, նրա գեղեցկությանը, մոր նվիրվածությանն ու օջախի անձնուրաց պահապանի անգնահատելի դերին ու նշանակությանն էր նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում մայրության և գեղեցկության միամսյա տոնի շրջանակներում կազմակերպված հանրապետական ցուցահանդես – մրցույթը, որտեղ ձեռքի աշխատանքների յուրօրինակ ու ինքնատիպ ցուցանումուշներով ներկայացած Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը զբաղեցրել է պատվավոր առաջին տեղը։ Կենտրոնի առօրյան հարուստ ու բազմազան է… Մեկ տասնյակը հատող խմբակների գործունեությունը կազմակերպող, երեխաների հմտություններին մտքի թռիչ տվող կոլեկտիվում երեխաներին վերաբերում են ինչպես սեփական զավակների։ Նրանց ձեռքերում հասարակ թուղթը թևեր է առնում թիթեռնիկի պես, ժանյակները`դառնում իրականից չտարբերվող ծաղկեփունջ, վրձինը` խոսում, հազարագույն թելերը նախշազարդ գորգեր դարձած` տանում պատմության ակունքներ։ Մեզ հետ զրույցում կենտրոնի տնօրեն Նարինե Պետրոսյանը նշեց, որ ցուցահանդեսին ներկայացել էին բնության զարթոնքն ու հայ կնոջը խորհրդանշող աշխատանքներով` ձեռագործությունից, ուլունքագործությունից, կոլաժից, կվիլինգից, կարուձևից, կարպետագործությունից։ Ցուցահանդեսի նպատակն էլ հենց հայ կնոջը` որպես օջախի անփոխարինելի պահապանի, իր զավակների պաշտպանի, հասարակական կյանքում նրա առանձնահատուկ դերն ընդգծել էր։ Գաղտնիք չէ, որ պատմության տարբեր ժամանակաշրջաններում հայ կինը միշտ էլ եղել է պայքարող և արարող` պահպանելով ու ապրեցնելով ազգային ավանդույթներն ու սովորությունները բոլոր բնագավառներում։ Կենտրոնի հերթական ցուցահանդեսն արդեն հարազատ հարկի տակ էր` ՙԹող գարուննները գան ու չգնան՚ խորագրով։ Էքսպոնատների շարքում առանձնահատուկ տեղ էր հատկացվել հանրապետական ցուցահանդես – մրցույթին ներկայացված ցուցանմուշները։ Սաների և խմբավարների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը դիտելու էին եկել Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի պատասխանատուներ` վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի գլխավորությամբ, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։ Նրանք բարձր են գնահատել կոլեկտիվ ջանքերով իրականացված աշխատանքները, իսկ քաղաքապետի կողմից կենտրոնն արժանացել է շնորհակալագրի։ Վարչակազմի ղեկավարը կարևորել է բարդ ու դժվարին այս ժամանակաշրջանում կենտրոն հաճախող սաների առօրյան բազմաբովանդակ դարձնելն ու նրանց նուրբ հոգին դժվարություններից ու հակասական տրամադրություններից զերծ պահելը։ Հ. Ապրեսյանը համոզմունք է հայտնել, որ կենտրոնը շարունակելու է գործունեությունն իրականացնել պատասխանատվությամբ ու պարտքի վեհ զգացումով` սաների մեջ սերմանելով լավն ու բարին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|