ՀԱՐԱԶԱՏ ՔԱՂԱՔԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՄՏԱՀՈԳ
04.04.2023 09:52

Ասկերանում  2022 թվականին գրանցված  ծնունդների և ամուսնությունների թվերը հուսադրող են, մանավանդ հետպատերազմական ժամանակաշրջանի համար։ Այս մասին ասել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։

-Ասկերանցին պատվով է դիմակայում առկա մարտահրավերներին։ Համայնքի անդամների զբաղվածության հարցը, ելնելով շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակից,  հիմնականում  լուծված է, վերջիններիս մոտ ակնառու է գյուղատնտեսական աշխատանքներով հետաքրքրվածությունը,- նշում է քաղաքապետը` հավելելով, որ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար պետության կողմից բավականաչափ աջակցություն է տրամադրվում` դիզվառելիք և սերմացու։

2022 թվականին քաղաքապետարանի աշխատակազմը շարունակել է բռնատեղահանված մեր հայրենակիցներին Ասկերանում բնակելի տներով ապահովելու գործընթացը` ապահովելով կեցության նորմալ  պայմաններ։

Անցած տարի շարունակվել և ավարտին են հասցվել մի շարք շինարարական ու վերականգնողական աշխատանքներ, որոնցից Հայկ Շամիրյանն առանձնացրեց ֆրանսիական քույր քաղաք Բուկ Բել Էյրի ֆինանսավորմամբ մանկական խաղահրապարակի կառուցումը, որի աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Խճապատվել է Արցախյան փողոցի վերջնամասը, ավարտին հասցվել ֆիննական թաղամասի մայթերի և ընդհանուր ճանապարհի ասֆալտապատումը, քաղաքի կենտրոնում տեղադրվել է ԹՈՒՄՈ կենտրոն-տուփ։ Հաշվետու ժամանակաշրջանում շահագործման է հանձնվել խմելու ջրի նոր ջրավազանը, ավարտին հասցվել ջրաչափերի տեղադրման գործընթացը։

-Շրջափակման այս օրերին քաղաքապետարանի աշխատակազմն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով` հաշվի առնելով տարբեր գերատեսչությունների կողմից ստացված բազմապիսի հանձնարարականները` կապված կտրոնների և սոցիալական տարբեր խավերին պարենամթերքի տեսքով օգնություն տրամադրելու և ընթացքում ծագած այլ խնդիրները լուծելու հետ։ Քաղաքապետարանի աշխատակիցներն ամենօրյա վերահսկողություն են իրականացրել քաղաքի մթերային խանութներում և դեղատներում` հնարավոր գնաճը բացառելու համար,- ասում է քաղաքապետը։

Ասկերան քաղաքի փողոցներում և խաղահրապարակների մոտ տեղադրված նոր նստարանների ու աղբամանների քանակն ավելացվել է։

Պարբերաբար իրականացվում են ծառատունկ և կանաչապատման աշխատանքներ, սանմաքրման շաբաթօրյակներ, որոնցում ներգրավվում են Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտներն ու հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները:

- Քաղաքում նախատեսված էր կառուցել ևս մեկ բազմահարկ շենք, որի շինարարական աշխատանքները` կապված շրջափակման հետ, դադարեցվել են։

Համայնքն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ փորձում ենք գտնել ուղիներ: Դրանք հիմնականում խոշոր ներդրումներ պահանջող խնդիրներն են, որոնց լուծումը տեսնում ենք միայն պետական աջակցությամբ։  Խոսքս  հիվանդանոցի  վթարային շենքի և մշակույթի  տան  անմիխիթար  վիճակի  մասին  է,- ասում է քաղաքապետը` հավաստիացնելով, որ քաղաքապետարանում հետևողական են ցանկացած հարցում…

Քաղաքապետը նշեց, որ բոլոր ձեռքբերումներում յուրաքանչյուր ասկերանցի  ունի իր ներդրումը, հարազատ քաղաքի հանդեպ սիրո ու սրտացավության իր բաժինը, որի համար երախտագիտություն հայտնեց համայնքի բնակիչներին` քաղաքի հասարակական կյանքում ակտիվ մասնակցություն ունենալու համար:

- Իրականացրած աշխատանքները քիչ չեն, բայց դեռ բավականին անելիքներ էլ ունենք։ Իմ ցանկությունն ու նպատակն է ասկերանցիներին տեսնել ինքնաբավ, իսկ նրանց հուզող բոլոր խնդիրները` լուծված։ Ուստի, շարունակելու եմ նույն նվիրվածությամբ իրականացնել իմ առջև դրված պարտականությունները` հավատարմորեն ծառայելով իմ ժողովրդին՝ արդարության սկզբունքով, հանուն Ասկերանի և ասկերանցու շահերի։

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter