«Արցախի դպրոցներում այսօր Վերջին զանգի տոնակատարություն էր, և ամեն տեղ էլ շատ բարձր մակարդակով միջոցառումներ են կազմակերպվել՝ անտեսելով և շրջափակումը, և զրկանքները, և այն ամենը, ինչի առկայությամբ հնարավոր էր այդ միջոցառումներն ավելի տոնական դարձնել»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի վարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ինքը ներկա է եղել Ասկերանի միջնակարգ դպրոցի կազմակերպած Վերջին զանգի տոնակատարությանը։
«Դպրոցներում երեխաների համար ֆուրշետ է
կազմակերպվել, որից հետո ամենքն իրենց տներով են գնացել։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո բնակիչների տրամադրությունները փոխված են՝ լիաթոք ուրախանալ ոչ մեկի մոտ չի ստացվում»,-հավելեց մեր զրուցակիցը։ Ասակերանի շրջանի Խրամորթ գյուղի դպրոցի տնօրեն Անուշ Առաքելյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ բավական լավ են կազմակերպել Վերջին զանգը, չնայած նրան, որ դպրոցն ընդամենը 4 շրջանավարտ է ունեցել: «Դպրոցում սովորում է 49 երեխա, բայց ընդամենը 4 շրջանավարտ ենք ունեցել. աղջիկները դիմել են արդեն Արցախի պետական համալսարան, իսկ տղաների զորակոչի տարիքն ամռանը լրանում է՝ նրանք կզորակոչվեն բանակ»,- ասաց նա։
Անուշ Առաքելյանի խոսքով՝ Խրամորթի բնակիչների մեծ մասը վերադարձել է, ու գյուղում այլևս ադրբեջանական սադրանքներ չկան։
Ասկերանի վարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը, ով ծնունդով Խրամորթից է, անդրադառնալով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ՀՀ վարչապետի խոսքին՝ նշեց, որ անգամ պատկերացում չունեն, թե ինչպես է հնարավոր ապրել ադրբեջանցիների հետ. «Հնարավոր չի միևնույն տարածքում միասին ապրենք, ու իրենք մեզ վերահսկեն, Նախիջևանը վառ օրինակ է։ Ես ինքս ծնունդով Խրամորթ գյուղից եմ ու երբեք ադրբեջանցիների հետ չեմ ապրել, թեպետ Խրամորթը Աղդամի հարևանությամբ էր, բայց մեր գյուղում՝ Խրամորթում, միայն հայեր են ապրել»։
Ինչ վերաբերում է շրջափակման հետևանքներին՝ Անահիտ Պետրոսյանը նշեց, որ խանութները, այդ թվում՝ Ստեփանակերտի, հիմնականում դատարկ են, ու մարդիկ ապրանք տեսնելիս, անկախ նրանից՝ դա իրենց պետք է, թե ոչ՝ գնում են: «Ապահովության համար գնում են ապրանքը, մասնավորապես՝ միրգ, բանջարեղեն չկա, իսկ կաթնամթերքը մեր տեղական արտադրանքն է, դեղորայքի պակաս դեռևս չի նկատվում։ Թանկացումներն էլ պետական մակարդակով վերահսկվում են»,- եզրափակեց նա։
Նարա Մարտիրոսյան
|