ԻՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՅԻՍԻ 9-Ը |
09.05.2023 10:44 |
Ամեն Մայիսի 9-ի անպայման հիշում եմ մանկութ հուշերում ծվարած մի տխուր պատմություն… Խորհրդային երկրի փլուզման տարիներն արդեն մոտ էին, երբ հերթական մայիսիննյան տոնին հավաքվել էինք Մեծ Հայրենական պատերազմում զոհված խրամորթցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու հանուն հայրենիքի նահատակվածների հիշատակը։ Միջոցառմանը ներկայանում էին պարտադիր բոլորը՝ մեծ և փոքր… Տեղի էր ունենում հանդիսավոր միջոցառում՝ ելույթներ, արտասանություններ… Իմ շուրթերից հնչում էին՝ «Բարո՜վ ես եկել հուշարձա՛ն պապիկ…» բանաստեղծական տողերը… Արտասուք էր հոսում, լսվում դառնագին փղձկոցներ… Որդեկորույս ծնողներն էին, որոնց զավակներից շատերն անգամ չհասցրեցին հայրիկ դառնալ, իսկ ես արտասանում էի՝ հուշարձան-պապիկ… Գալիս է ծաղիկներ խոնարհելու պահը։ Բազմերանգ ծաղիկներով զարդարվում է հուշարձանը… Իսկ Շուշի տատին շարունակում է պտտվել հուշարձանի չորս դին։ Պտտվում ու պտտվում էր՝ կարծես փորձելով գտնել այնտեղ իր զավակներին ու ամուսնուն, ովքեր մեկնել են ռազմաճակատ ու հետ չեն դարձել… Անարձագանք են նրա տասնյակ տարիների հառաչանքները, իսկ աչքերում այլևս արտասուք չի մնացել, կարծես քարացել են հուշարձանի պես։ Ազգային տարազով Շուշի տատին տենդագին պտույտներով կարծես վերջին հրաժեշտն է տալիս հուշարձան դարձած իր սիրելիներին։ Մի կերպ է հաջողվում գյուղի կանանց նրան բառացիորեն պոկել սրբավայր դարձած հուշարձանից և հարակից յասամանի ծառերի շվաքի ներքո, հայացքն ուղղելով հուշարձանին՝ գնաց միանալու իր ընտանիքին… Ես և իմ դասընկերուհի Ստելլան ուշի-ուշով հետևում էինք դեպքերի զարգացմանը և վերջին պահին վախը տեղին տվեց և մենք փախանք հեռու՝ հեռու իրականությունից ու սրտի դողդոջով սպասում էինք լավ լուրի, սակայն նա չեկավ… Ամեն Մայիսի 9-ի ես քեզ հիշում եմ իմ հեռու-հեռավոր Շուշի տատի… Հիշում եմ ինչպես էիր ցախը մեջքիդ դրած բարձրանում մեր թաղով, իսկ ես՝ դեռևս անտեղյակ աշխարհի դարդ ու ցավին, վազում էի ընդառաջ՝ թեթևացնելու բեռդ… Երանի թե կարողանայի փոքր-ինչ թեթևացնել հոգուդ բեռը… Ու այսօր ինձ այսքան մեղավոր չզգայի… Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |