Դժվարությունները պատվով հաղթահարելը`ապրելու միջոց |
16.04.2023 10:59 |
Աստված այնպիսի ուժ ու զորություն է տվել մարդուն, որ նա կարողանում է հաղթահարել անգամ անհաղթահարելի թվացող և մահու չափ տանջալից ցավը… Ամենուրեք կործանարար ալիքներ են. պատերազմ, երկրաշարժ, ջրհեղեղ, աղետ` աղետի ետևից։ Անորոշությունն էլ ավելի վատ խորհրդատու է, քանզի չգիտես ինչ կլինի հաջորդ պահին։ Սակայն դա պատճառ չհանդիսացավ, որպեսզի բազմաթիվ արցախցիներ, ովքեր, 2020-ի աղետալի պատերազմի հետևանքով զրկվելով տուն ու տեղից, հայտնվել էին Արցախից դուրս, վերադառնան` մշտական բնակությամբ այստեղ հիմնավորվելու։ Արտո և Վեներա Սարգսյան ամուսինները տեղահանվել են Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքից, որտեղ մի քանի տասնյակ աշխատել, արարել են, քարը քարին դրել, տուն-տեղ ստեղծել, զավակներ դաստիարակել և դեպի մեծ կյանք ճանապարհել։ Նրանց կյանքի ամենավառ օրերը կապված են հենց Եղեգնուտի հետ։ Ամուսինը միջնակարգ դպրոցի ուսմասվարն էր, կինը` մանկապարտեզի տնօրենը… Ամբողջ հոգով ու սրտով անմնացորդ նվիրված սիրած մասնագիտությանն ու գործին` սերունդներ են կրթել, դաստիարակել, ոգևորվել և ուրախացել սաների ձեռքբերումներով, ականատես եղել նրանց հաջողություններին։ -Դպրոցը` կարգապահությամբ և ուսման առումով շրջանի առաջավորների շարքում էր։ Ամուր էր կապը զորամասի հետ, ինչը բավականին օգնում էր ուսումնադաստիարակչական աշխատանքները, կարգապահական և ռազմահայրենասիրական խնդիրներն ամուր հիմքերի վրա դնելու գործում։ Դա էր թերևս պատճառը, որ բազմաթիվ շրջանավարտներ ընտրել են զինվորականի պատվաբեր գործը` Հայրենիքի համար օրհասական պահին նրա փրկության համար չխնայելով անգամ կյանքը։ Տանջալից ցավը խեղդում է կոկորդս, երբ հիշում եմ ինչպիսի՜ տղաներ ենք կորցրել… Դպրոցն իմ տունն էր, աշակերտներն` իմ հարազատ զավակները, որոնց հաջողությունները ապրեցնում և նոր լիցք էին հաղորդում,- նշում է Արտո Սարգսյանը, ում տարիների անխոնջ աշխատանքը բարձր է գնահատվել հարազատ շրջանում` բազմաթիվ անգամներ արժանանալով շրջանի կրթության բաժնի պատվոգրերի և շնորհակալագրերի, իսկ երկրի նախագահի կողմից` կրթության ոլորտում գրանցած հաջողությունների համար արժանացել է §Երախտագիտություն¦ մեդալի։ Այժմ Սարգսյանները վերաբնակեցվել են Ասկերան քաղաքում։ -Տուն ու տեղ կորցնելը տարիքն առած մարդու համար ամենադժվար բանն է աշխարհում։ Պարզապես մի օր արթնանում ես ու տեսնում, որ ոչինչ այլևս առաջվանը չէ, - ասում է Արտո պապիկն ու կրկին ընկնում մտորումների մեջ։ Շրջափակումը տագնապներ է առաջացրել հայրենիքի ցավով տառապող զրուցակցիս մոտ։ Կյանքում ոչ մի դժվարության առջև չի երկնչել, չի տրտմել, զգոնությունը չի կորցրել, եղել է լավատես ու իր լավատեսությամբ խանդավառել շրջապատը։ Որտեղ բարի խոսքի կարիք է եղել, այնտեղ միշտ ընկեր Սարգսյանն է եղել` հուսադրող, խանդավառող, լավատեսական… Գուցե հենց այդ հատկանիշներն էլ օգնել են նրան, որպեսզի կամ ու կացի մարտահրավերների առջև հայտնվելով անգամ չկորցնի հույսը, որը նրա կարծիքով այժմ թունելի վերջում առկայծող աստղի է նման։ Պարույր Սևակ և Համո Սահյան մեջբերող ուսուցիչն ամենից առաջ կարևորում է կյանքի ցանկացած իրավիճակում մարդ լինելու և մարդ մնալու կարողությունը։ -Այն, ինչ դեռևս կարելի է ետ բերել, դրա համար չպիտի կոտրվել, այլև աշխատել` վերջնանպատակի հասնելու համառությամբ։ Կարևոր է, որպեսզի բոլորս համախմբված ու միահամուռ լինենք ու մեր աշխատանքում, մեր պարտականությունների կատարման մեջ լրացնենք մեկս մյուսիս… Թե չէ, մեկը նստեց ղեկավարման աթոռին և ամեն ինչ զրոյից սկսեց, տարիներ անց նույնը կրկնեց նորընտիրը… Հետո՞… Այսպես ո՞ւր ենք հասնելու, սրանից էլ անդի՞ն… Պետք է ազգային ճակատ ձևավորվի և բոլորս մի մարդու նման լծվենք Հայրենիքի փրկության գործին,- վստահ է ընկեր Սարգսյանը։ Չնայած պատկառելի տարիքին` ինքն էլ պատրաստակամ է ուժերի ներածին չափով օգտակար լինել Հայրենիքին։
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |