ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊՏՈՒՂԸ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է |
20.05.2023 11:35 |
Ասկերանի շրջանի կազմավորումը պատմական մեծ ու անգնահատելի դերակատարություն ունեցավ արցախահայության հետագա ճակատագրի վրա։ Այն լրջագույնս ազդել է ոչ միայն շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, այլև նպաստել ադրբեջանական ծանր լծից, նվաստացուցիչ ենթակայությունից վերջապես ձերբազատվելուն՝ հուսալի ինքնապաշտպանություն կազմակերպելու և անկախ պետականություն ստեղծելու սուրբ գործն իրականացնելիս։ Շրջխորհրդի գործկոմի և շրջկոմի բազմաթիվ ղեկավարներ է ունեցել Ասկերանը, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել նորաստեղծ շրջանի համբավը մարզում բարձրացնելու համար։ Արցախյան շարժման և հաջորդած ազատամարտի տարիներին շրջանը ղեկավարում էր արդեն գործադիր իշխանությունը, որին հաջորդեց պաշտպանության պետական կոմիտեն։ Ազատամարտի տարիներին շրջանը ղեկավարում էին Գուրգեն Մանգասարյանը (09.12.1991-15.04.1992թթ.) և Ալյոշա Գաբրիելյանը (15.04.1992-13.10.1992թթ.)։ 1992թ. հոկտեմբերի 13-ից շրջանի ղեկավարությունը վստահվեց Սամվել Հակոբյանին, ով ղեկավարեց մինչև 1995 թվականի նոյեմբերի 30-ը։ 1995 թվականի հունվարի 23-ից էլ շրջանի պաշտպանության պետական կոմիտեն վերանվանվեց Ասկերանի շրջանի վարչակազմի։ Մեկ տասնյակից ավելի ղեկավար է ունեցել շրջվարչակազմը 25 տարիների ընթացքում, և նրանցից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն է ունեցել շրջանի ընդհանուր զարգացման գործում, նրա հերոսական պատմության կերտման ճանապարհին։ 1995-97թթ. շրջանը ղեկավարել է Էդուարդ Ասլանյանը։ 1997-ից շրջանի ղեկավարման ղեկը կրկին վստահվեց Սամվել Հակոբյանին՝ մինչև 2001թ. մարտի 17-ը։ 2001թ. մարտի 17-ից մինչև 2005թ. դեկտեմբերի 1-ը Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Արմո Ծատրյանը, 2005թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2008թ. մայիսի 13-ը՝ Սամվել Հարությունյանը, 2008թ. մայիսի 13-ից մինչև 2010թ. հունիսի 9-ը՝ Վահրամ Բաղդասարյանը։ Շրջվարչակազմի հաջորդ ղեկավարը Սերգեյ Գրիգորյանն էր, ով ղեկավարի պաշտոնը ստանձնեց 2010թ. հունիսի 9-ից և ղեկավարեց ուղիղ ութ տարի։ Նրան փոխարինեց Գեղամ Բեգլարյանը (18.06.2018-15.11.2018թթ.), որից հետո Վլադիմիր Բալասանյանը նշանակվեց վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար (15.11.2018-31.01.2019թթ.)։ 2019թ. հունվարի 31-ին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար նշանակվեց Հակոբ Ղահրամանյանը, ով շրջանը ղեկավարեց մինչև 2020 թվականի հունիսի 16-ը։ Ասկերանի շրջանի վարչակազմի հաջորդ ղեկավարը Աշոտ Դադայանն էր (16.07.2020-16.09.2020թթ.)։ 2020 թվականի սեպտեմբերի 16-ից շրջանի ղեկավար նշանակվեց Սասուն Բարսեղյանը, ով շրջանը ղեկավարեց պատերազմական ծանր ժամանակահատվածում` մինչև 2021 թվականի փետրվարի 10-ը։ Սասուն Բարսեղյանին հաջորդեց Արմեն Ղահրամանյանը (10.02.2021-10.02.2022թթ.)։ 2022 թվականի փետրվարի 10-ից առայսօր շրջանը ղեկավարում է Համլետ Ապրեսյանը։ Յուրաքանչյուր ղեկավար յուրովի է աշխատում, յուրովի ստեղծում իր օրակարգը` հարազատ շրջանի կայացման, դիրքերի ամրապնդման ու զարգարցման հեռանկարով։ Այն աշխատանքային ոճը, որը նախընտրում է վարչակազմի ներկայիս ղեկավարը՝ բաց, թափանցիկ, առկա խնդիրների մասին բացխոսության մթնոլորտում բարձրաձայնելու և դրանք լուծելու համար համընդհանուրի օբյեկտիվ կարծիքը հաշվի առնելու վրա է հիմնված։ Այդ է թերևս պատճառը, որ շրջանի բնակիչների սոցիալ-տնտեսական, կենցաղային վիճակը բարելավելուն ուղղված մի շարք ծրագրեր կյանքի կոչելու համար ստեղծված հանձնաժողովները կոչված են ինքնուրույն, անկողմնակալ գործելու և որոշում կայացնելու` բացասական երևույթները հնարավորինս շրջանցելու համար։ Շրջանի համար կարևորագույն խնդիրներն ու բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելուն ուղղված ծրագրերն առանձնահատուկ նշանակություն են տրվում։ Ամուր է շրջանի կապը տարբեր գերատեսչությունների և նախարությունների հետ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մատաղ սերնդի հաջողություններին։ Համլետ Ապրեսյանի գործելաոճի հիմքում շրջանի բնակիչներն են՝ իրենց հիմնահարցերով հանդերձ։ Շրջանի կազմավորման 45-ին ամյակի կապակցությամբ կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` Ասկերանի շրջանի կազմավորման ակունքներում կանգնած անհատների, շրջանի պատասխանատուների մասնակցությամբ։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Ելույթներին, շնորհավորանքներին և ուղերձներին հաջորդեց տոնական ծրագիրը։ Վերջում տեղի ունեցավ շրջանի 45 ամյակին նվիրված 45 լուսանկարների ցուցահանդես, որոնք հեղինակել է լուսահոգի լուսանկարիչ, Արցախի վաստակավոր՚ լրագրող ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։ Այսօրը համարվում է Ասկերանի շրջանի և շրջանի վարչակազմի ծննդյան օրը։ Տա Աստված շրջանի ղեկը միշտապես գտնվի հասարակ քաղաքացու հոգսերով մտազբաղ ղեկավարի ձեռքերում՝ քաջ գիտակցելով, որ հաղթանակի պտուղը միաբանության և միասնության մեջ է։ Շնորհավոր կազմավորման 45 ամյա հոբելյանդ հարազատ շրջան… Անահիտ Պետրոսյան |