Արցախը պետք է ապրի ու հարատևի
12.07.2023 17:34

Խրամորթում ամեն մի բացվող օրը նոր հույս է` ապագայի հանդեպ լավատեսորեն տրամադրված գյուղացիների համար։ Անտեսելով վտանգն ու շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները գյուղացիները շարունակում են իրենց աշխատանքը` յուրաքանչյուրն իր բնագավառում անելով հնարավոր ամեն ինչ, գյուղը շեն պահելու համար։

Շրջափակման պայմաններում գյուղում ծագած խնդիրների, դպրոցական կյանքի վրա դրանց անդրադարձի ու այլ թեմաներով խոսեցինք Խրամորթի Գառնիկ Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Գաբրիելյանի հետ։

-Տիկին Գաբրիելյանը, ինչպիսի՞ն էր 2022-23 ուսումնական տարին։

-Ուսումնական տարվա ավարտի հետ ի մի են բերվում հաջողություններն ու բացթողումները։ Այն, որ այս ուսումնականը լի էր տարբեր փորձություններով ու խոչընդոտներով` ակնհայտ է։ 44 օրյա աղետը, ապա նաև շրջափակումը վերջին տարիներին ուսումնական գործընթացը կազմակերպելու նոր պայմաններ են թելադրել, ուսումնական տարվա ընթացքը հաճախակի ընդհատումներով էր ընթանում, սակայն գիտակցում ենք, որ չպետք է կոտրվել, հանձնվել, այլ միայն պայքարել, դիմանալ ամեն մի դժվարության, որպեսզի կարողաղանք շեն պահել գյուղը։ Չէ որ գյուղը դպրոցով է կանգուն, Արցախը` նաև Խրամորթով - ասում է Ա. Գաբրիելյանը։

2022-23 ուսումնական տարում դպրոցում երկարօրյա ծրագիր էր գործում, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեց ծնողների և երեխաների կողմից։ Սակայն շրջափակումը նաև այս ծրագրի վրա բացասաբար անդրադարձավ։ Սննդի պակասի հետևանքով ծրագիրը հնարավոր չեղավ շարունակել։

Այն, որ խրամորթցի երեխան, աշակերտը հայրենասիրական դասեր է քաղում գյուղում ամենօրյա, ամենժամյա իր ներկայությամբ` ապացուցելու կարիք չկա։ Իսկ մեզանից յուրաքանչուրն ակնհայտորեն իր երեխայի համար ավելի բարեկեցի ապագա, ավելի անվտանգ ներկա է ուզում ապահովել։

-Մեր երեխաները վաղ տարիքից սկսեցին հասկանալ ինչ է նշանակում ծննդավայրից կտրված լինել, նրանցից շատերը շատ վաղ հասունացան` դժվարությունները ստիպեցին։ Սակայն նախընտրեցին հարազատ գյուղն ու կրթօջախը,- նշում է զրուցակիցս, հավելելով, որ շրջափակման պայմաններում տրանսպորտի խնդիր է առաջացել, ինչը դժվարություններ է առաջացրել այլ բնակավայրերից դասավանդելու եկող ուսուցիչների համար` բացասաբար անդրադառնալով նաև ուսումնադաստիարակչական գործընթացի վրա։

Խոսելով ավարտական և միասնական քննությունների մասին տիկին Գաբրիելյանը նշեց, որ դպրոցում հաջողությամբ անցել են ավարտական քննությունները, որոնց աշակերտները շատ լուրջ են պատրաստվել։ Իսկ հայրենի գյուղում ապրելը ևս յուրօրինակ քննությունն է` հայրենատիրության աստիճանի ստուգում։

-Մեր աշակերտները շատ կարգապահ են, կազմակերպված ու հայրենասիրական վեհ ոգով դաստիարակված։ Նրանք չափազանց ամուր են կապված իրենց բնակավայրին և այդ սերն էլ ստիպում է հաղթահարել բոլոր դժվարությունները։

Ավարտվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունները, որոնց խրամորթցի դիմորդները լրջագույնս են պատրաստվել, ու կգնան ամենք իրենց նախընտրած ճանապարհով։ Խրամորթն էլ ժամանակավորապես հրաժեշտ կտա իր տաքուկ գրկում հասակ առած երիտասարդներին` կայուն գիտելիքներ, շրջահայաց աշխարհայացք ձևավորած, կայացած անհատականություններին ու հարազատ ծննդավայրի հոգսերով մտահոգ զավակներին կրկին իր գիրկն առնելու հաստատակամությամբ լցված։

-Չեմ ուզում խոսել խնդիրների մասին, անկախ հանգամանքներից դրանք միշտ և ամենուրեք առկա են։ Ուզում եմ այս դժվարին ժամանակաշրջանում բոլորս լինենք համախմբված, հոգատար, համբերատար, մեկս մյուսի հանդեպ հանդուրժող, և հաճախ նաև անտեսելով առաջացած խնդիրներն ու ներկայիս դժվարին պայմանները` առաջ շարժվենք, որպեսզի կարողանանք հայկական պահել այս մի բուռ դարձած սրբավայրը։ Արցախում պետք է հայն ապրի, Արցախը պետք է հարատևի, - ասում է երկարամյա տնօրենը, ում քայլերը մեկ տասնամյակից ավելի տարիներ դեպի դպրոց են տանում…

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter