ՀԱՑ ՀԱՆԱՐԱԶՈՐԴ
28.07.2023 17:44

Ասկերանցի Ալվարդ Գաբրիելյանը քսան տարուց ավելի է, ինչ զբաղվում է հացի արտադրությամբ։ Չի թաքցնում` սիրով ու նվիրվածությամբ է լծված ծննդավայրի բնակիչներին հանապազօրյա  հացի մատակարարմանը։  Այդ սերն ու նվիրվածությունը ավելի է ընդգծվել Հայրենիքի համար դժվարին ժամանակներում։ 2020-ի ողբերգական օրերին հացի փուռը չի դադարել աշխատել` նույնիսկ ռմբակոծության տակ։ Հիմա էլ իրավիճակն օրհասական է, աշխատում են գերծանրաբեռնված, հովհարային անջատումներին հարմարվելով, միայն թե ասկերանցին ու հարակից բնակավայրերի բնակիչներն հացի խնդիր չունենան։

-Հարկ եղած դեպքում խմորը ձեռքով եմ հունցում, միայն թե հասցնեմ։ Ի՞նչ անենք, դժվարին ժամանակներ են, հո մենակ բողոքելով չի։ Ամեն մարդ իրենից կախվածը որ ժամանակին անի, մի բանի կհասնենք։ Թե չէ դարձել ենք «կարապը, խեցգետինն ու գայլաձուկը»… Մեծ ցավ եմ ապրում այս ամենը տեսնելով,- ասում է տիկին Ալվարդը։

2020-ի 44-օրյա պատերազմին հաջորդած շրջափակումը չկոտրեց ամուր կամքով ու տոկունությամբ լցված Ալվարդ Գաբրիելյանին։

- Սովորաբար 6 պարկ ալյուր էինք օգտագործում, հիմա արդեն 9 պարկն էլ չի հերիքում։ Հաց թխելու հետ կապված բազմաթիվ լրացուցիչ խնդիրներ են առաջանում (աղ, ձեթ, խմորիչ, վառելիք), որոնք առայժմ մեծ դժվարությամբ եմ կարողանում լուծել։ Այսպես շարունակվելու դեպքում աղետալի իրավիճակում ենք հայտնվելու…

Ներկայում հացի արտադրամասում 6 հոգի է աշխատում։ Տիկին Ալվարդը, աշխատողների հետ հավասար, աշխատում է մինչև վերջին հացի թխվելը։ Քաղաքի ներսում հացը հաճախ ձեռքով է խանութներ հասցնում։ Այս ամենի հետ հասցնում է նաև բանջարանոցում աշխատել, զբաղվել մեղվաբուծությամբ։

-Մտածմունքս գյուղական բնակավայրերն են։ Բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով՝ դեռ կարողանում ենք հացը Իվանյան, Նորագյուղ, Սարդարաշեն հասցնել։ Սակայն երկու օր է, ինչ Վարդաձոր, Նախիջևանիկ ուշացումով է հասնում։ Չեմ ուզում մտածել, ինչ է լինելու, երբ վառելիքի ողջ պաշարը սպառվի։

Չնայած այս ամենին՝ շարունակում եմ լավատես լինել և ապրել` հանուն մեր միասնական պայքարի, քանի որ անընդունելի եմ համարում թշնամի պետությանն ինտեգրվելուն ուղղված բոլոր խոսակցությունները։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter