Շրջափակված Արցախի խտացված պատմությունը |
01.08.2023 15:46 |
Արցախի լիակատար շրջափակումն արդեն անդառնալի կորուստների պատճառ է դարձել։ Այն ծնողների համար իսկական պատուհաս է` երեխաների համար ամենօրյա սնունդը հայթայթելու գործում։ Արցախի Հանրապետության 30 հազար երեխաները կանգնած են սովի մատնվելու վտանգի տակ։ Իսկ աշխարհը լուռ հետևում, մեկ-մեկ էլ հորդորում և ապաշրջափակման կոչեր է հնչեցնում թշնամի պետությանը… Լիլի Ավագյանը վեց երեխաների մայր է։ Վեցերորդ զավակը ծնվել է շրջափակված Արցախում։ Փոքրիկն արդեն 4 ամսական է, ժամանակն է անցնելու հավելյալ սննդի։ Սակայն…Խանութների և դեղատների դատարկ ցուցափեղկերն ամենասարսափելի մտքեր են առաջ բերում։ Այս օրերին վեց երեխաներ կերակրելն իսկական հերոսություն է համարվում։ - Քաղցրավենիքի պակաս շատ է զգացվում։ Աշխատում եմ ժամանակ առ ժամանակ մի փոքրիկ խմորեղեն թխել։ Առավելագույնը մեկ շաբաթից երեխաներին կերակրելու ոչինչ չեմ ունենա։ Ավագները հասկանում, ըմբռնում են, եղածով բավարարվում։ Փոքրերին ո՞նց բացատրեմ, որ թշնամին փակել է միակ ճանապարհը և թույլ չի տալիս 30 հազար փոքրիկ արցախցիների համար սնունդ հասնի,- տարակուսանքով ասում է բազմազավակ մայրն ու հավելում` մի՞թե ամբողջ աշխարհի առջև կատարվող հայահալածությունն ու նպատակադրված էթնիկ զտման քայլերն ակներև չեն։ Մենք ենք այս հող ու ջրի լիիրավ տերերը, և մեր ավագներն իրենց ինքնորոշումն արտահայտել են տասնամյակներ առաջ։ Մենք էլ հաստատակամ ենք այդ որոշման մեջ։ Ու իմ զավակները խորն արմատներ են ձգելու այս հողում։ Որովհետև գիտեն, որ հայրենիքից դուրս խաբուսիկ են անգամ դրախտավայրերը։ Մենք մեր հողն ու ջուրն ենք ուզում, մեզ օտարինը պետք չի։ Պետք է միասնական պայքարենք, որպեսզի արժանի լինենք այս սրբազան հողի վրա ապրելուն։ Հայրենիքը սիրելով են պահում ու նաև` սրով։ Շրջափակումը չպիտի մեզ ընկճի,- մտահոգություններն ի մի է բերում տիկին Լիլին։ Առջևում նոր ուսումնականն է, մանկապարտեզի գործել-չգործելու խնդիրը։ Բազմազավակ մայրը ջանում է չկորցնել լավատեսությունը… ..Ամեն ինչ անցողիկ է, ու կարևորն այն է, որ այս անելանելի թվացող իրադարձությունների ֆոնին չկորցնենք մարդկային դիմագիծը։ Սա մեկ ընտանիքի գոյության պայքարի պատմություն չէ, սա շրջափակված Արցախի խտացված պատմությունն է… Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |