Բարեխղճորեն կատարենք մեր պարտքը հայրենիքի նկատմամբ
21.08.2023 16:28

Ասկերանի համայնքի բնակիչներին կաթով ապահովելու համար համապատասխան կտրոններ են տրամադրվել` 1 շնչին 0,5 լիտր կաթ՝ ամեն 10 օրը մեկ։ Այս մասին տեղեկացանք Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանից։

-Օգոստոսի 20-ին ասկերանցիներն արդեն ձեռք են բերել իրենց հասանելիք կաթը։  Տրանսպորտային հաղորդակցության կանգնեցման հետևանքով մեր բնակիչների զրկանքները կրկնապատկվել են։ Հատկապես դժվար է խոցելի խմբերի համար, ովքեր կաթնամթերքի, սննդարար նյութերի հույժ անհրաժեշտություն ունեն, իսկ կաթնամթերք արտադրող ընկերություններն իրենց արտադրանքը վառելիքի բացակայության պատճառով չեն կարողանում այլ բնակավայրեր հասցնել։ Ուստի, պայմանավորվածություն է ձեռք բերվել Խնապատի §Տոհմային կայան¦ ՓԲ ընկերության հետ, որպեսզի կտրոնային համակարգի ներդրմամբ ամեն տաս օրը մեկ մեր բնակիչներին կաթ մատակարարեն։ Դրանով իսկ կկարողանանք լուծել բնակիչների առջև ծառացած բազմաթիվ խնդիրներից մեկը,- մեզ հետ զրույցում նշել է Հայկ Շամիրյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանի աշխատակազմն ամեն կերպ ջանում է ունեցած սուղ միջոցներով և հնարավորություններով սատար կանգնել համայնքի բնակիչներին։

Խոսելով ստեղծված իրավիճակի, շրջափակման պայմաններում բնակիչների կենսամակարդակի, զբաղվածության մասին՝ քաղաքապետը նշեց, որ համայնքում կան ջերմոցային տնտեսությամբ զբաղվողներ, որոնց արտադրանքը պարբերաբար հայտնվում է քաղաքի խանութներում և այս պահին, կարելի է ասել, Ասկերանում բանջարեղենի, որոշ մրգատեսակների խնդիր չկա։ Մարդիկ իրենց տնամերձ տարածքներում նույնիսկ այնպիսի բանջարաբոստանային կուլտուրաներ են ցանել, որոնք մինչ այդ նպատակահարմար չէին գտնում՝ գազար, կաղամբ, բազուկ։

Համայնքում ջրի խնդիր ամռան այս տապ օրերին զգացվում է: Ջուր լինում է սահմանված գրաֆիկով, հաճախ՝ հովհարային անջատումներին հարմարեցնելով։

Տրանսպորտային վառելիքի իսպառ բացակայության պատճառով հացը գրեթե հնարավոր չէ քաղաքի ծայրամասային խանութներ առաքել, ինչը հերթերի պատճառ է դառնում։ Հացը խանութներ հասցնելու և մարդկանց լրացուցիչ մտահոգություններից զերծ պահելու նպատակով քաղաքապետը մտադիր է կամավորականների խումբ ստեղծել։

-Եթե իրավիճակն այսպես շարունակվի մենք ստիպված ենք լինելու կտրոններ սահմանել նաև հացի համար։ Բերքահավաքի ողջ ընթացքում թշնամին ամեն կերպ խոչընդոտում  ու լարվածություն է ստեղծում՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակի տակ պահելով դաշտերը, թիրախավորելով քաղաքացիական անձանց։ Այդպիսով հարցականի տակ է դրված հացահատիկի մթերման խնդիրը։ Այժմ եղածը հնարավորինս օպտիմալ պիտի օգտագործենք, որպեսզի մի իքս ժամանակահատվածում ձեռնունայն չմնանք։ Սա կանխամտածված հանցագործություն է՝ մեզ վհատեցնելու և արցախցիներիս մոտ հակասական տրամադրություններ ստեղծելու համար, որին մենք  հակադարձում ենք մեր ոգու տոկունությամբ, այս երկրի հող ու ջրի լիիրավ տիրոջ համառությամբ՝ առկա դժվարություններն արժանապատվորեն  հաղթահարելու հաստատակամությամբ։ Ծանր ժամանակներ ենք ապրում, սակայն այս դժվարությունները մեզ պետք է կոփեն հոգեպես և բոլորիս միավորեն մեկ հիմնական նպատակի՝ կրկին Արցախի Վերածնունդ ունենալու շուրջ,- ասում է քաղաքապետը։

Խոսելով սոցիալական տարբեր ծրագրերից և վերջերս նախարարության կողմից 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տրամադրված աջակցության մասին՝  Հ. Շամիրյանը նշեց, որ այս պայմաններում բոլոր քաղաքացիներն էլ կարիքի մեջ են և ցանկալի կլիներ, որպեսզի այդ ծրագիրն ավելի լայն շրջանակ ունենար։

-Բողոքողներ այսպես, թե այնպես միշտ էլ լինում են։ Սակայն սա այլ իրավիճակ է, ու մենք ըմբռնումով ենք մոտենում ցանկացած բողոք-պահանջ-խնդրանքի և աշխատում ուժերի ներածին չափով դրական լուծում տալ դրանց։ Մեր գերագույն խնդիրն Արցախը հայկական պահելն  է։ Իմ հայրն այս երկրի համար արյուն է թափել՝ 1993-ին զոհվել Ակնայի տարածքում՝ իր երեխաների և գալիք սերունդների արժանապատիվ կյանքի համար։ Բոլորս մեր բաժին պարտքն ազնվորեն ու բարեխղճորեն պիտի կատարենք Հայրենիքի նկատմամբ, քանզի վիրավոր Արցախն այժմ ավելի, քան երբևէ, բոլորիս հոգատարության, միաբանության ու միասնականության կարիքն ունի։

 

Անահիտ Պետրոսյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter